Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՆԱ

Մարտ 18,2010 00:00

Մարտի 17-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից: Ռուս պաշտոնակցի հետ էլ կայացել է առաջին հանդիպումը: Գոհունակություն հայտնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակից՝ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության խորացման հետագա ծրագրերը: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստանում սկսվել է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը, մշակվում է սահմանային անվտանգության հայեցակարգ, եւ ընդգծել է այս ոլորտում ռուսական կողմի հետ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Նիկոլայ Պատրուշեւն այս հարցում հայկական կողմին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Կարեւորվել է ռազմատեխնիկական համագործակցության խորացումը: Այս նպատակով հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտն ուսումնասիրելու եւ համալրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ: Քննարկվել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնած «Եվրոպական անվտանգության պայմանագրի» նախագծին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումներին ժամանակակից զինտեխնիկայով ապահովելու խնդրին: Տարածաշրջանային անվտանգության խնդիրների քննարկման ընթացքում երկուստեք ընդգծվել է տեղեկատվության արագ փոխանակման եւ այս ոլորտում առավել ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ այս տարվա հոկտեմբերին Ռուսաստանում հրավիրվելիք անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովի օրակարգային հարցերին: Արթուր Բաղդասարյանը ողջունել է Նիկոլայ Պատրուշեւի այս նախաձեռնությունը եւ վստահեցրել, որ հայկական կողմն ակտիվ կմասնակցի խորհրդաժողովին: Գործընկերոջ խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա ընթացքը: Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ: Քննարկվել են ռազմաարդյունաբերության, ատոմային էներգետիկայի, սահմանային ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն առնչվող խնդիրներ: Երկուստեք ընդգծվել է ռուսական կողմին պատկանող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից Հայաստանում երկաթուղային տրանսպորտի ոլորտում նախատեսված ներդրումները ժամանակին եւ արդյունավետ իրականացնելու կարեւորությունը: Օրվա ավարտին Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջեւ կայացել են ընդլայնված կազմով կոնսուլտացիաներ անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել