Սակայն երեկ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում որեւէ անդրադարձ չի եղել ժամանակացույցի վերաբերյալ այն առաջարկներին, որոնք արել են ընդդիմադիր ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:
Կարեւորը բարեփոխումների որակն է
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ Փարիզում կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին է ներկայացրել ժամանակացույց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումների իրականացման վերաբերյալ: Որպես այդ հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում իրականացնող մարմնի ղեկավար՝ Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «ճանապարհային քարտեզ», ինչի վերաբերյալ քննարկումը հանձնաժողովում տեւել է շուրջ կես ժամ: Ավելի ստույգ, ինչպես պրն Հարությունյանը հայտնեց «Առավոտին» հեռախոսազրույցի ընթացքում՝ ինքը կետ առ կետ պատասխանել է այն հարցադրումներին, որոնք ուղղել էին ԵԽԽՎ համազեկուցողները ԱԺ նախագահին ուղղված նամակում:
Ընտրական բարեփոխումների վերաբերյալ Դավիթ Հարությունյանը մասնավորապես ասել է, թե այդ գործընթացը մտադիր են ավարտել մինչեւ 2010-ի տարեվերջ: Մասնավորապես արվելու են նոր փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում»՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի փորձագետների երաշխավորությունները: «Արդեն սկսել ենք աշխատանքը Վենետիկի հանձնաժողովի հետ,- ասաց պրն Հարությունյանը:- Եվ մինչ ապրիլյան նստաշրջանը՝ մենք Վենետիկի հանձնաժողովին կներկայացնենք մեր առաջին նախագիծը, որից հետո կլինեն փորձագիտական մակարդակով քննարկումներ, զուգահեռաբար նաեւ՝ քաղաքական խորհրդատվություններ խորհրդարանական այլ ուժերի հետ»:
Ոստիկանության բարեփոխումների մասով հանձնաժողովին է ներկայացվել կառավարության մշակած «ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների համալիր ծրագիրը», որը մարտի 13-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում արժանացել էր հավանության: Դավիթ Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, թե արդեն քննարկվել են իրավապահ մարմինների գործունեության վերահսկողությունն ապահովող անկախ մարմնի ստեղծման վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները: Այդ մարմինը պիտի քննի ոստիկանության եւ իրավապահ այլ մարմինների գործողությունների դեմ բողոքները՝ մեզ հայտնեց պրն Հարությունյանը, հավելելով. «Համապատասխան հայեցակարգն արդեն ներկայացված է ԵԽ՝ քննարկման համար»:
Արդարադատության համակարգի բարեփոխումների առումով Դավիթ Հարությունյանը մասնավորապես նկատել է, թե ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, այնպես էլ դատական համակարգի մոնիտորինգի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջերս հրապարակած զեկույցը պարունակում են կարեւոր եւ արժեքավոր երաշխավորություններ: Մեր պատվիրակության ղեկավարի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում այս կապակցությամբ եղել է կարեւոր հարցադրում. «Համազեկուցողները եւս համարում են, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում պարունակվում են շատ կարեւոր առաջարկներ, որոնք իրենց կարծիքով՝ անպայման պետք է իրացվեն օրենսդրական աշխատանքի եւ գործողությունների միջոցով: Նրանք ակնկալում են յուրաքանչյուր առաջարկության վերաբերյալ մեր արձագանքը, թե ի՛նչ ժամկետում է ամեն մի առաջարկն իրացվելու, ի՛նչ ձեւով, եւ եթե որեւէ մի առաջարկ չի իրացվելու, ապա դրա պատճառները»:
Հավաքների ազատության մասով առավել անդրադարձ է եղել ԵԽԽՎ համազեկուցողների ներկայացրած այն փաստարկին, թե զանգվածային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ ընդդիմության շատ հայտեր մերժվել են զուտ տեխնիկական պատճառներով, կամ կիրառվել են անհարկի սահմանափակումներ: Անհամաձայնություն հայտնելով այս պնդմանը՝ Դավիթ Հարությունյանը մասնավորապես թվական տվյալներ է ներկայացրել, թե 2009-ին տարբեր կազմակերպություններ 174 հայտեր են ներկայացրել զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար, եւ 141-ի դեպքում իրազեկումն ընդունվել է ի գիտություն, 3-ն իրենք են հրաժարվել հայտերից, 24-ին անցկացման համար առաջարկվել է այլընտրանքային վայր եւ ընդամենը 6 հայտ է մերժվել: Իսկ 2010-ին բոլոր հայտերն ընդունվել են:
Մամուլի ազատության առնչությամբ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի առջեւ էլ է վերահաստատվել, թե Հայաստանի կառավարությունը մտադիր է 2010-ի հուլիսին անցկացնել հեռարձակման արտոնագրերի մրցույթ:
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ արձագանքելով այս «ճանապարհային քարտեզին»՝ Ժորժ Կոլոմբիեն ասել է, թե «ընդհանուր առմամբ՝ ողջունելի է, որ նախաձեռնել եք բարեփոխումներ, սակայն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում լինելու են ոչ թե ինքնին բարեփոխումները, այլ դրանց որակը»: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը նաեւ հայտնեց. «Իմ ելույթի հիման վրա մենք պատրաստելու ենք Մոնիտորինգի հանձնաժողովին ուղղված պատասխան նամակ, որը գրավոր կներկայացնենք շատ շուտով»:
Խոսքերը գործերին չեն համընկնում
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեր հարցին, թե արդյոք հանձնաժողովն անդրադարձե՞լ է ՀԱԿ-ի եւ «Ժառանգության»՝ նախօրեին ներկայացրած ժամանակացույցերին՝ պատասխանեց. «Ո՛չ, դրանք քննարկման նյութ չեն դարձել: Հանձնաժողովի նիստում շրջանառության մեջ էին դրել՝ տարածել երկու նամակներ, որոնք ուղարկել էին մարտի 1-ի զոհերի հարազատները: Դրանցից մեկը հայտնի նամակն է, որն ուղղված էր ՀՅԴ խմբակցությանը. թարգմանել՝ ուղարկել էին նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովին: Ինքս ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հայտարարությունները չեմ տեսել այնտեղ»:
Խորհրդարանական ընդդիմության միակ ներկայացուցիչը Մոնիտորինգի հանձնաժողովում երեկ Դավիթ Հարությունյանից հետո ելույթ էր ունեցել նիստում: Եվ մեզ փոխանցեց իր հիմնական ասելիքը. «Ցանկացա պահպանել այն հիմնական տրամաբանությունը, որով համազեկուցողները նամակ էին ուղղել իշխանություններին՝ պահանջելով բարեփոխումների հիմնական ուղղությունների վերաբերյալ քայլերը: Ես ներկայացրել եմ մեր մոտեցումները այդ քայլերի կատարման վերաբերյալ: Մասնավորապես ասացի, որ ընտրական բարեփոխումների հետ կապված գործընթացը տեղից չի շարժվել: Պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ, բայց բազմիցս դրա մասին այստեղ զգուշացրել եմ, մտահոգություն հնչեցրել, սակայն մինչ օրս այդ աշխատանքները չեն կատարվել: Իսկ ընտրությունները սարերի հետեւում չեն, եւ ես չեմ պատկերացնում, թե ընդհանրապես ինչպես են տեղավորվելու ժամկետների մեջ»: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին տարածած հաղորդագրությամբ ԵԽԽՎ համազեկուցողներն ընդգծել էին, թե առանց հապաղումների պետք է իրականացվեն հատկապես այն առաջարկները, որոնք վերաբերում են «Ընտրական օրենսգրքի» վաղուց հասունացած» բարեփոխմանը եւ ՀՀ ոստիկանության բարեփոխմանը՝ ներառյալ անկախ վերահսկող ու բողոքարկող մարմնի ստեղծմանը: «Այդ անկախ մարմնի ստեղծումը նույնպես շատ կարեւոր է, եւ լուրջ խնդիրների լուծումների տեղիք կտա,- ասաց պրն Ռուստամյանը:- Բայց այդ կապակցությամբ էլ խնդիրները չեն լուծվել: Թեեւ դրանք եւս այն հարցերն են, որոնց մասին ժամանակին բարձրաձայնել եմ եւ նիստում տեղեկացրեցի, որ այդ ուղղությամբ առաջընթաց չկա: Մասնավորապես նաեւ անդրադարձա հավաքների ազատության վերաբերյալ խնդրին եւ ասացի, որ այստեղ, իհարկե, խոստանում են, թե հանրահավաքներն այլեւս չեն արգելելու եւ տեխնիկական պատճառներով չեն մերժելու, բայց ՀՅԴ խմբակցությունը մեխանիզմ է առաջարկել՝ օրինագիծ մշակել, դրել շրջանառության մեջ, բայց կառավարությունը դրա վերաբերյալ արդեն բացասական կարծիք է հայտնել, ինչը նշանակում է, որ ԱԺ մեծամասնությունը դեմ է քվեարկելու: Այսինքն՝ խոսքերը գործերի հետ չեն համընկնում: Եվ բնականաբար, մեզ համար մտահոգիչ է, որ նման հայտարարություններ անելուց հետո երբ որոշակի քայլեր ենք անում՝ այդ քայլերը խոչընդոտվում են: Բացի այդ՝ նաեւ ասացի, թե լավ կլինի, որ համազեկուցողներն անձամբ ծանոթանան այն նամակի պատասխանին, որն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը ստացել է կառավարությունից՝ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում առկա առաջարկների հետ կապված, եւ գնահատեն այն: Այդ պատասխանի 30 կետերը շա՜տ հետաքրքիր բացահայտում են անում, եւ ըստ էության՝ պատասխանից պարզ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները նման մոտեցումներով չեն կարող տեղավորվել ժամկետների մեջ: Եվ այս խնդիրները դեռ երկա՜ր կարող են մնալ չլուծված»:
Արմեն Ռուստամյանը նաեւ հայտնեց. «Կարեւորում եմ, որ պրն Կոլոմբիեն անդրադառնալով բարձրացված հարցերին՝ մի գաղափար առաջադրեց, որը շատ հետաքրքիր է: Մոտ ժամանակներս նրանք պլանավորում են այցելություն Երեւան՝ մոնիտորինգի շրջանակներում: Որոշակի ժամկետներ չեն ասում, բայց կարծում եմ՝ թերեւս ապրիլին: Եվ պրն Կոլոմբիեն առաջարկում է, որ ԵԽ-ն ընդդիմության հետ կազմակերպի լսումներ՝ այս բոլոր խնդիրների հետ կապված, որպեսզի իրենք «առաջին ձեռքից» տեղեկանան ընդդիմության ամբողջական տեսակետներին եւ դրանց հիման վրա կառուցեն իրենց մոտեցումները: Սա, կարծում եմ, հետաքրքիր գաղափար է, եւ կարելի է դրան լրջորեն պատրաստվել»:
Հ. Գ. Դավիթ Հարությունյանը «Առավոտին» նաեւ հայտնեց, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին տեղեկացրել է. «Պատրաստվում ենք մայիսի վերջին խորհրդարանին ներկայացնել մեր եզրակացությունը առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ, սակայն մինչ այդ կլինեն քննարկումներ հանձնաժողովում, որոնց կմասնակցեն նաեւ կառավարության ներկայացուցիչները, որպեսզի ավելի մանրամասնեցվեն այն պատասխանները, որոնք տրվել են կառավարության կողմից մեր հարցումներին: Այդ աշխատանքը լինելու է պարբերաբար»: