Մերօրյա հայկական իրականություն
Օրերս Վանաձորի «Ավետիս» երիտասարդական թատրոն-ստուդիան միամսյակի առթիվ կանանց անակնկալ մատուցեց՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրելով երգիծաբան, լրագրող Գագիկ Անտոնյանի «Ձեր տղան տվեք մեր աղջկան» կատակերգությունը (ռեժիսոր՝ Ջանիկ Ավետիսյան):
Պիեսի թեման մերօրյա հայկական իրականությունն է: Այստեղ խոսվում է «Ջրմուղը» գերմանացիներին վաճառելու մասին՝ «Բա մեր ջուրը գերմանացո՞ւն կտան… հողի համար կռվեցինք, որ էսօր ջուրը տա՞նք»: Խոսվում է նաեւ կտրված հսկայական անտառների, ուսուցիչների «օպտիմալացման», հարուստ ընտանիքի տիկնոջ հոգեբանության մասին:
Վարդուհին (Սոֆյա Մուրադյան) կրճատված ուսուցչուհի է, ում ամուսինը, իր խոսքերով՝ «անծառ անտառից ցախումախ է բերել ու դրա համար բռնվել»: Ի պատասխան՝ Վարդուհու մեծահարուստ հարեւանուհին (դերակատար՝ Սոֆյա Սողոմոնյան) հեգնանքով ասում է. «Դե որ հեկտարներով անտառ կտրեր, հո չէին բռնի» եւ ավելացնում, որ «եթե այսպիսի լիուբոլ կյանքը կա, էլ յոլա գնալս որն է», իսկ Վարդուհին նախազգուշացնում է. «Կգան նոր ժամանակներ ու կուղղեն մեր փշոտ ճակատագիրը»՝ արժանանալով մեծահարուստ հարեւանուհու հանդիմանանքին:
Պիեսի գլխավոր թեման, սակայն, հարուստ ընտանիքի մոր՝ իր աղջկա համար տղա ուզելու գնալն է: Համառ կնոջը չեն կարողանում կանգնեցնել նույնիսկ աղջիկներն ու ամուսինը, եւ ինչպես փոքր աղջիկը՝ Մարինեն (Սոնա Մաթեւոսյան, ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի դերասանական արվեստ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի) է բնորոշում մոր արարքը՝ գնում են «փեսախոսության»:
«Այսպիսի պիես բեմադրելու մտահղացում դեռ նոր տարուց առաջ ունեի: Մտածում էի, որ մարտի 8-ի առթիվ հաճույքով կդիտվի,- ասաց Ջանիկ Ավետիսյանը,- եւ Գագիկ Անտոնյանին խնդրեցի զավեշտախաղ, կատակերգություն գրել: Ափսոս, որ թատրոնը չհամաձայնեց խաղացանկում ներառել այս ներկայացումը: Քանի որ թատրոնի հիմնական դերասաններից շատերը զբաղված են «Լիր արքայի» բեմադրությամբ, եւ պետք չէր նրանց աշխատանքը խոչընդոտել, մենք այս ներկայացման մեջ ներգրավեցինք ուսանող դերասանների»: Սոնա Մաթեւոսյանից բացի, այստեղ զբաղված են նաեւ ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի դերասանական արվեստ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Պետրոսյանը (Կարինե) եւ նույն բաժնի 1-ին կուրսի ուսանող Սեւակ Սարգսյանը (Կարեն): Սա ուսանողների առաջին ելույթն էր պրոֆեսիոնալ բեմում: «Աշխատասենյակում զրուցում էինք պարոն Ավետիսյանի հետ. մտածում էի՝ նման մի բան գրել, նախքան դուրս գալը ասաց, որ պիտի շատ դերեր չլինեն, շատ չծավալվի,- ասաց Գ. Անտոնյանը:- Պիեսի մեջ կոմեդիա կա, շարժ կա, կյանքի բովից է, մի քիչ չափազանցված է տղա ուզելու պահը, սակայն ամբողջովին հորինվածք է»:
Ջ. Ավետիսյանը ներկայացման մեջ խաղում է «Ջրմուղում» աշխատող մեծահարուստ ամուսնու՝ «Վալոդի» դերը: Իսկ երիտասարդների խաղի մասին նա ասաց. «Ինձ համար էլ էր հետաքրքիր, ես իրենց հետ ջահելացա»: