Միջին քաշային կարգերում աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկների միջեւ կազմակերպված մրցաշարի երկրորդ փուլի մենամարտերից մեկը նույնպես հետաձգվում է: Ապրիլի 24-ին նշանակված WBA-ի աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի եւ Ալան Գրինի (նա փոխարինել է ծանր նոկաուտների պատճառով մրցաշարը լքած Ջերմեն Թեյլորին) հանդիպումը հետաձգվել է առնվազն վեց շաբաթով, քանի որ Ուորդը վնասել է ծունկը: Սակայն Գրինը եւ նրա թիմը չեն հավատում, որ մրցակիցն իսկապես վնասվածք է ստացել: Ինքը՝ Ալան Գրինը, այդ առիթով լրատվամիջոցներին հայտարարել է. «Մարտի հետաձգման ավելի հավանական տարբերակը նրա համապրոումոթերների եւ մենեջերի միջեւ եռակողմ տարաձայնություններն են: Ես դեռ երկու շաբաթ առաջ էի իմ խորհրդականին ասել, թե Ուորդը կամ կհրաժարվի ինձ հետ պայքարից, կամ «վնասվածք կստանա»: Այդպես էլ եղավ: Եթե ծունկը մշտապես վնասվում է, ուրեմն դա խրոնիկական ինչ-որ երեւույթ է, որը դժվար թե հնարավոր է վեց շաբաթում բուժել: Իսկ եթե ընդամենը ցավել է, կորտիզոն ներարկիր, վերջացրու նվնվալդ եւ մտիր ռինգ: Հավանական է՝ նա ցանկանում է պահպանել գոտին եւ դուրս գալ մրցաշարից»: