Անցած տարի մրցաշրջան 2010-ի անելիքների ծրագիրը կազմելիս Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նկատի էր ունեցել նաեւ մոտ ժամանակներս Բուլղարիայում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցելը եւ դա մտցրել էր ֆեդերացիայի այս տարվա միջոցառումների ծրագիր: Սակայն, ինչպես սպորտում հաճախ է պատահում, ֆեդերացիան փոխել է մտադրությունը եւ որոշել այդ մրցաշարը փոխարինել մեկ ուրիշով: Երեկ տեղեկացանք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչներն ավելի նպատակահարմար են համարել Բուլղարիայի փոխարեն մեկնել Սամարայում կազմակերպվելիք միջազգային մրցաշար: Իսկ ինչո՞ւ:
Ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի մեկնաբանությունը հետեւյալն էր. «Սամարայի մրցաշարն ավելի բարձր կարգ ունի եւ ավելի հեղինակավոր է, հետեւաբար, մեր մարզիկների մասնակցությունն այնտեղ՝ ավելի ցանկալի ու նպատակահարմար: Դրա համար էլ այդպիսի վճիռ կայացվեց: Մրցաշարը կայանալու է փետրվարի 23-26-ը: Սամարա գնում են Նարեկ Խաչատրյանը՝ 55 կգ քաշային կարգ, Ալեքսան Միքայելյանը՝ 60, Գեւորգ Սահակյանը՝ 66, Ռաֆիկ Մանուկյանը՝ 74, Արթուր Ալեքսանյանը եւ Գեւորգ Մանուկյանը (երկուսն էլ՝ 84 կգ) եւ Էդուարդ Սողոմոնյանը՝ 96: Թիմի ավագ մարզիչը Արմեն Բաբալարյանն է»: