Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբյանն ու Գալոյանը հավակնում են մեդալի

Մարտ 17,2010 00:00

Ռիեկայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնություններն ավարտվում են: Մեկնարկային փուլն անհաջող սկսած գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, աստիճանաբար վերագտնելով իր խաղը, հընթացս բարելավեց դիրքերը եւ հիմա տղամարդկանց պայքարի ավարտին մեդալի է հավակնում: Վովան 9-րդ տուրում կարեւոր հաղթանակ տարավ Սերբիայի ներկայացուցիչ Բոյան Վուչկովիչի նկատմամբ եւ 7,0 միավորով բաժանում է 2-8-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավոր է զիջում միանձնյա առաջատար, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Տուրը հաջող եղավ նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանի, Արման Փաշիկյանի, Հրանտ Մելքումյանի եւ Տիգրան Պետրոսյանի համար, որոնք առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ՝ իրենց անվան դիմաց գրանցեցին 6,0-ական միավոր, սակայն այլեւս դժվար թե կարողանան մրցանակային տեղ գրավել:
Երեկ՝ նախավերջին տուրում, Հակոբյանը սպիտակներով խաղում էր գրոսմայստեր Իվան Սոկոլովի (Ռուսաստան) հետ:
Կանանց անհատական առաջնությունում իրեն լավագույն կողմերով է դրսեւորում Լիլիթ Գալոյանը: Մրցակարգի պահանջների համաձայն, Գալոյանի մրցակիցն 9-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականում նրա թիմակից եւ մեր շախմատիստուհիների առաջատար Էլինա Դանիելյանն էր: Սակայն սպիտակներով խաղացող Լիլիթը հանդես եկավ վերելքով ու պարտության մատնեց փորձառու ընկերուհուն: Շնորհիվ այդ հաղթանակի, Գալոյանը նախավերջին տուրից առաջ 6,5 միավորով բաժանում է 5-12-րդ հորիզոնականները՝ մեկ միավոր ետ մնալով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Վիկտորիա Սմիլիտեից:
Երեկ հայ շախմատիստուհուն կարեւոր փորձություն էր սպասվում: Նա սպիտակներով խաղում էր ֆրանսիացի Մարի Սեբագի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել