Լրահոս
Օրվա լրահոսը

ՈԱԱԿ-ականները՝ «Եվրասիայում»

Մարտ 17,2010 00:00

Երեկ «Եվրասիա» միջազգային համալսարանում, բուհի հավատարմագրման հոբելյանի կապակցությամբ, հրավիրվեց քննարկում, որին մասնակցում էին Մասնագիտական որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչները (ՈԱԱԿ): Քննարկվեցին բուհերում որակի ապահովման գործընթացներին վերաբերող հիմնախնդիրներ, որոնք հատկապես ցավոտ են ոչ պետական բուհերի համար: Հասկանալի է, որ առաջանում է հավատարմագրման եւ, ըստ այդմ, որակի ապահովման խնդիր: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը մեկ նախադասությամբ բանաձեւեց իրենց աշխատանքը. «Դուք ապահովում եք որակը, մենք այն հավաստում ենք»:
Իսկ «Եվրասիա» համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանն այս կապակցությամբ մի շարք նկատառումներ ներկայացրեց. «Հանրակրթությունից բուհական համակարգի անցումը պիտի լինի ներդաշնակ, քանի որ ավարտական գիտելիքի պաշարի եւ բուհ մուտքի համապատասխանությունը պատշաճ որակ ապահովելու հիմնական գործոններից է: Ուստի որակի ապահովման խնդիրները նախեւառաջ պիտի փնտրել հանրակրթության ոլորտում: Բայց արդյո՞ք այժմ դպրոցը բուհի պահանջներին համապատասխան նախադրյալներ է ստեղծում որակյալ մասնագետներ պատրաստելու համար: Մտահոգիչ է, որ գոնե ավագ դպրոցում կրեդիտային համակարգը ներդրված չէ: Նաեւ կարեւոր է, որ բոլոր համալսարաններին որակի առումով ներկայացվեն նույնատիպ պահանջներ՝ կարողանալ տարբերել կայացած եւ կայացման փուլում գտնվողներին»: ՈԱԱԿ-ի ներկայացուցիչները կարեւորեցին նշված հարցերում բուհի մասնագետների ակտիվությունը, օրինակ՝ յուրաքանչյուր աշխատող պիտի տեղյակ լինի բուհի ռազմավարությունից, պարբերաբար քննարկումներ կազմակերպվեն որակավորումների ազգային շրջանակի մասին նախագծի վերաբերյալ եւ այլն: Քանի որ անընդհատ խոսվում էր այն մասին, թե որակի ապահովման գործընթացները ուղղված են նաեւ նրան, որ հայաստանյան բուհերի տված գիտելիքները համադրելի լինեն եվրոպական չափանիշներին, բուհի դասախոսներից մտահոգություն հնչեց՝ մի՞թե այժմ միայն Եվրոպայի համար ենք ուսանող պատրաստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել