Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՂՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Մարտ 17,2010 00:00

Կամ՝ խոհեր թատրոնի մասին

\"\"

Օրերս կայացավ Արմեն Մազմանյանի «Յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացման պրեմիերան, ըստ Տոնինո Գուերայի «Մեղրը» պոեմի, որին անհամբերությամբ էի սպասում, քանի որ աջուձախ Մազը հայտարարում էր՝ «Տվեք ինձ Սունդուկյան թատրոնը, եւ ես կշրջեմ հայկական թատրոնը»: Տվեցին, մարդն էլ շրջեց՝ բայց ո՞ր կողմ: Հետաքրքիր է, ի՞նչ չափանիշերով է ուղղորդվել գեղխորհուրդը, որ թույլ է տվել նման անհեթեթություն կյանքի կոչել: Թե՞ վերեւից էր ասված՝ պիտի անպայման բեմադրվի: Այդ դեպքում ո՞ւմ է պետք ձեւական գեղարվեստական խորհուրդը եւ ընդհանրապես ի՞նչ է այն քննարկում փակ դռների հետեւում: Կարծում եմ՝ նման խայտառակ ներկայացումը ապտակ է Տոնինո Գուերային: Մաեստրոյի բախտը բերել է, որ ներկա չի եղել պրեմիերային ու տեսել, թե ինչպես է հանդիսատեսը լքում դահլիճը՝ վիրավորական ռեպլիկներով: Դա հաստատ կփչացներ հոբելյանը՝ մարտի 16-ին մաեստրոն դարձավ 90 տարեկան: Դառնալով «Մեղրին», փաստենք, որ այն անճաշակ բեմադրություն էր, անգամ դերասանների համար անհասկանալի: Հանդիսատեսն անհաղորդ էր այն ամենին, ինչ բեմի վրա էր կատարվում, ավելի ճիշտ՝ 2 ժամվա ընթացքում այդպես էլ ոչինչ չկատարվեց: Լավ էր, որ ներկայացումն առանց ընդմիջման էր, հակառակ դեպքում՝ առաջին գործողությունից հետո դահլիճում մարդ չէր մնա: Ռեժիսորը նույնիսկ չէր հուշել գլխավոր դերակատարներին, թե ինչպես պիտի զարգացնեն իրենց կերպարները, հավանաբար՝ ամեն ինչ արված էր «գործիր ինքդ» սկզբունքով, ու դերասաններն էլ արել էին այնքան, ինչքան կարողացել էին: Գնալով ավելի եմ համոզվում, որ ավելի լավ է այս ներկայացման ռեժիսոր Արմեն Մազմանյանն անշարժ գույքի վաճառքով զբաղվի, մանավանդ՝ նրա մոտ լավ է ստացվում մշակույթի օջախներ վաճառելը: Ես չեմ զարմանա, որ մի օր էլ նրա թեթեւ ձեռքով վաճառվի Սունդուկյան թատրոնի 4-րդ հարկը, որտեղ շուրջ 15 տարի ոչինչ չի կատարվել:
Իսկ ինչ վերաբերում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, կարելի է բնորոշել մեկ բառով՝ անգործությո՛ւն, ավելի ճիշտ՝ շենքի շահագործում: Թատրոնը երկու տարվա ընթացքում չի մեկնել ոչ մի միջազգային փառատոնի, մինչդեռ այն թատրոնը, որ ոչ մի տեղ չի մեկնում՝ մարում է: Դեռ 2 տարի առաջ մշակույթի նախարարը հայտարարել էր, թե ինքն է պատասխանատու Գ. Սունդուկյանի անվան թատրոնի համար: Հավանաբար, արժե նրան հարցնել. երկու թատերաշրջան է անցել գեղարվեստական ղեկավարին հեռացնելուց, ինչո՞ւ այդ ընթացքում որեւէ լուրջ բան չի բեմադրվել թատրոնում: Թե՞ ավելի շահավետ է թատրոնի շենքը վարձակալությամբ հանձնելն ու փող աշխատելը: Վերջին շրջանում թատերական գործիչների պահվածքը եւս տարօրինակ է թվում: Չեմ ընդունում հատկապես այն «մշակույթի գործիչներին», որոնք քծնելով իշխանություններին՝ ապահովում են իրենց անձեռնմխելիությունը: Այսօր թատրոնը ազատության գոտի է Հայաստանում, ու քչերն են օգտվում այդ ազատությունից, դրան գումարած այն, որ երիտասարդությունն էլ բթացման շեմին է՝ դպրոցի, հեռուստատեսության դեգրադացնող ազդեցության պատճառով: Որոշ երիտասարդներ հայտարարում են, որ երկիրն ահավոր է ու ձեռքերը ծալած նստել են, բայց չէ՞ որ մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Ելքը մեկն է՝ գործելը: Դեռ կան մարդիկ, որ ուզում են հեղինակային կինո դիտել եւ ոչ թե ժանտախտի պես մեր կյանք ներխուժած հիմար սերիալներ, ոմանք երազում են այլ թատրոնի, այլ երաժշտության մասին: Ես էլ վստահ եմ, որ հանդիսատեսի հետ կարելի է խոսել նաեւ ոչ տաղտկալի բաների մասին: Այդպես է վարվում ողջ աշխարհը: Ես այժմ աշխատում եմ Ռումինիայում, որտեղ մեկ տարում ավելի շատ թատրոնի տոմս են վաճառում, քան բնակչության թիվն է: Իսկ մեզ մոտ այդ առումով վիճակը ողբերգական է: Դրանում մեղավոր են ե՛ւ թատրոնները, ե՛ւ մշակույթի նախարարությունը: Երիտասարդները չեն կարողանում ներկայացումների հաճախել, որովհետեւ երկու հոգու համար ստիպված են վճարել ավելի քան 5000 դրամ: Այսօր հայկական թատրոնը չի կարողանում իր առջեւ դրված խնդիրները լուծել, պետությունն էլ թատրոն է ֆինանսավորում, իսկ մարդիկ չեն գնում: Միեւնույն է՝ թատրոնն իր ծախսերը չի փակում եւ չի էլ փակելու, գոնե մատչելի գներով տոմսեր վաճառեն, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան թատրոն այցելելու, ու լիքը դահլիճներում ներկայացումներ ընթանան: Պիտի մարդկանց կրկին վարժեցնել թատրոն գնալու մշակույթին, դրա համար հարկ է, որ պետությունն աջակցի մշակույթին, մասնավորապես մտածող մարդկանց: Հակառակ դեպքում՝ կգա ժամանակ, որ մեր երկրում այլեւս չեն գտնվի ինչ-որ բան մտահղացող եւ որոշում կայացնող մարդիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել