Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ՄՈՏ 1000 ԼԻՏՐ ԱՐՅՈՒՆ Է ԹԱՓՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎՐԱ

Մարտ 17,2010 00:00

\"\"Թաիլանդում զանգվածային ցույցերի հազարավոր մասնակիցները, այսպես կոչված՝ «կարմիրվերնաշապիկավորները», սկսել են արյուն հանձնելու զանգվածային ակցիա: «Կարմիրվերնաշապիկավորների» առաջնորդ Վեերա Մուսիկապոնգը, որն առաջին արյուն տվողն է եղել, հայտարարել է, թե դա անում է որպես «զոհաբերություն՝ ժողովրդին ցույց տալու համար իր սերն ու անկեղծությունը»: Ավելի ուշ հավաքված մոտ 1 000 լիտր արյունը ցուցարարները դույլերով լցրել են կառավարական հիմնարկների դռների վրա՝ որպես նախարարների դեմ բողոքի նշան: Բանգկոկում արդեն երեք օր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները՝ մոտ 100 հազար մարդ, որոնք երկրի նախկին վարչապետ Տաքսին Չինավատի կողմնակիցներն են, պահանջում են կառավարության ներկայիս ղեկավար Աբխիստ Վետչաչիվի հրաժարականն ու նոր ընտրություններ: Կառավարությունը հրաժարվել է կատարել ցուցարարների ներկայացրած պահանջները: Զանգվածային ակցիաները, BBC-ի մատուցմամբ, անցնում են առանց միջադեպերի եւ ոստիկանության ուժերի հետ բախումների: Թաիլանդի ռազմական ղեկավարությունը հայտարարել է, թե ցուցարարների նկատմամբ մտադիր է զգույշ եւ ճկուն գործել: Տեղական ԶԼՄ-ների մատուցմամբ, զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում նաեւ երկրի հյուսիսային մի քանի գավառներում եւս:
Երկրի նախկին ղեկավար Տաքսին Չինավատը պաշտոնանկ է արվել 2006-ին՝ ռազմական հեղաշրջման արդյունքում եւ ինքնակամ վտարանդու կարգավիճակում գտնվում է Դուբայում, քանի որ իր հայրենիքում նա հեռակա կարգով դատապարտվել է երկու տարվա բանտարկության՝ իշխանությունը չարաշահելու մեղադրանքով, մինչդեռ նրա կողմնակիցները պնդում են, թե երկրի նոր իշխանությունները նրան դատապարտել են քաղաքական շարժառիթներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել