Իրանի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ընդդիմադիր «Մասնակցության իսլամական իրանական ճակատ» կուսակցության նկատմամբ: News.am-ի մատուցմամբ՝ երկրի ՆԳ նախարար Սաիդ Մորթազավին հայտարարել է, թե այդ միջոցառումներն իրականացվել են ընդդիմության բողոքի գործողությունները ճնշելու շրջանակներում:
Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ արգելքը դրվել է միայն ամենամյա համագումարի վրա, որն այս տարի կայանալու էր մարտի 11-ին: Որեւէ այլ իրավական պատժամիջոց չի կիրառվել: Միեւնույն ժամանակ, կուսակցության առաջնորդը հայտարարել է ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարելու մտադրության մասին:
Իսկ «Reuters»-ի մատուցմամբ, Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ իրանական ընդդիմության առաջնորդ Մեհդի Քարուբին (նկարում՝ կենտրոնում) Նովրուզի տոնակատարության նախօրեին հայտարարել է, թե Իրանի ներկայիս հանրապետությունը «խրվել է դեսպոտիզմի մեջ, իսկ ընտրությունների անցկացումը ավելի ու ավելի անիմաստ է դառնում: Այս կառավարությունը ձեւավորվել է ժողովրդի կամքին հակառակ, եւ արդյունքում մենք ունենք սոցիալական անկարգություններ»:
Իրանի իշխանությունները շարունակում են հերքել, թե ընտրությունները կեղծվել են, եւ հայտարարում են, թե դրանք վերջին 30 տարիներին երկրում տեղի ունեցած ամենաարդար ընտրություններն են եղել:
Իրանի կառավարությունն արդեն բազմաթիվ անգամ զգուշացրել է ընդդիմության առաջնորդներին՝ Նովրուզի ժամանակ ձեռնպահ մնալ նոր բողոքի ակցիաներից, որը Իրանում սկսում են նշել մարտի 21-ից: