Լույս է տեսել բազմափորձ մանկավարժ, բանասեր Համլետ Ահարոնյանի «Գոմաձոր-Հայրենագիտական» գիրքը: Այն Սեւանա ավազանի, տեղի բնակավայրերի դարավոր պատմության խճանկարի տեսապատկերի վրա ընթերցողին է ներկայացնում Գոմաձոր հայտնի գյուղը՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը: Հեղինակն ընթերցողին ուղղված խոսքում գրում է, որ աշխատանքն ամփոփում է 150-ից ավելի բառահոդված ու տերմին, որոնք վերաբերում են տեղանուններին, ազգանուններին, գերդաստաններին, պատմական անուններին: Օգտագործվել են ուսումնասիրությանը վերաբերող քարտեզներ, արխիվային եւ թանգարանային նյութեր, հիշողություններ, պարբերական մամուլի հրապարակումներ, հանրագիտարանային տվյալներ: Իրենց վաստակով եւ հայրենանվեր գործունեությամբ աչքի ընկած անհատները ներկայացվել են դիմանկարներով, գրքում կան բազմաթիվ բացառիկ լուսանկարներ, զավեշտալի պատմություններ, ամուսնական ու հարսանեկան ծեսերի մասին հետաքրքիր նյութեր: «Հույս ունեմ, որ ներկայացված աշխատանքը, որպես հիմք, կշարունակվի, կլրացվի ժամանակի հետ եւ կդառնա Գոմաձորի ու գոմաձորցիների համար յուրահատուկ Կտակարան»,- գրում է Համլետ Ահարոնյանը:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանն էլ գրքի մասին գրել է. «Հեղինակի համար «փոքր» հայրենիք-ծննդավայրը ոչ թե սովորական տեղանուն է, այլ տոհմականչ. նման խրախուսելի աշխատություն կարող է գրել միայն մեծ հայրենիքի փոքր «պուճախը», հայրենի գյուղն անսահմանորեն սիրող անձնավորությունը»: