Հանրային խորհուրդը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման մասին
«Քանի ուշ չի, պիտի հետողորմյա անեն»,- այս կարծիքին է ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ տեղը եկեղեցի կառուցելու կառավարության որոշման մասին: Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնախմբի երեկվա նիստը նվիրված էր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի «ճակատագրին»:
Ինչպես տեղեկացրեց մշակույթի ենթահանձնախմբի խորհրդի նախագահ Գագիկ Մանասյանը, խորհրդի նախագահի՝ Վազգեն Մանուկյանի կողմից նամակ-հանձնարարություն է տրված մշակույթի ենթահանձնախմբին՝ քննարկման դնել եկեղեցու կառուցման հարցը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը փետրվարի 25-ի նիստում կատարված փոփոխությունների արդյունքում Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանել էր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը եւ շենքի զբաղեցրած տարածքը անհատույց սեփականության իրավունքով օտարել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին՝ այդ տեղում նախկինում քանդված սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար։
Այս առիթով Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց. «Իրականում ցուցակից ինչ-որ պատմամշակութային համալիր հանելը, ինչպես նաեւ մտցնելը այնքան էլ հեշտ չէ: Դրա համար կա նախատեսված հատուկ կանոնակարգ, կա օրենք հուշարձանների պահպանության վերաբերյալ: Երբ կառավարության որոշման նախագիծ է պատրաստվել՝ հուշարձանը ցանկից հանելու համար, այդ օրենքները չեն կիրառվել: Սա նշանակում է՝ կառավարությունը, լինելով օրենքը պահպանող ամենավերին օղակը, իր բարձրության վրա չի գտնվել եւ խախտել է այն: Տեսնելով օրինախախտ վիճակը, նամակ ուղղեցինք վարչապետին եւ ստացանք տարօրինակ մի պատասխան՝ այո, այսինչ որոշումով հուշարձանը հանվել է ցուցակից: Սա կամայական մոտեցում է… Թող չմտածեն՝ դեմ ենք եկեղեցին վերականգնելու ցանկությանը, խոսքն այն մասին է, որ մշակույթի նախարարության, կառավարության կողմից անտեսվել են օրենքները»:
Լ. Իգիթյանը վստահեցնում է՝ կառավարությունը սխալ է թույլ տվել եւ պարտավոր է ուղղել: Նա կասկածի տակ առավ կառավարությունում՝ դահլիճից եկեղեցի վերակառուցելու մասին քննարկման կայացած լինելը: «Բոլորս «մանթո» ենք, որ կառավարությունը նման որոշումներ է կայացնում: Ասեմ ավելին՝ ոչ մի եկեղեցի այնտեղ չի վերականգնվելու, նախկին եկեղեցին այդ տեղում չի եղել, այդ տեղում եկեղեցի չի տեղավորվի, ի դեպ, նախկին սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին որեւէ արժեք չի ներկայացրել: «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հետագա ճակատագիրը լինելու է այսպես՝ շենքը կտան եկեղեցուն, տեղը կմաքրվի, այդտեղ երկար ժամանակ ոչինչ չի լինի, մի կվարտալ վերեւ եկեղեցական համալիրը կսկսի շինարարությունը, հետո ինվեստորների փողը հերիք չի անի, հողը եկեղեցին կվաճառի ու դրա տեղը կկառուցեն մի մե՜ծ յաշիկ, նրանցից, որ սիմետրիկ կառուցված է ֆիզկուլտ կոմիտեի բակում…: Այս նպատակով սկսվել է ողջ ծրագիրը: Անգամ կարող եմ ասել՝ ով է այդ ինվեստորը, որ այդտեղ շենք պետք է կառուցի»,- ասաց նա:
Ճարտարապետ Լեւոն Վարդանյանը սրտնեղեց, որ ցուցակում լինել կամ չլինելով չէ՝ հուշարձանը արժեւորվում. «Այն երբեւիցե քանդվել չի կարող, որովհետեւ սա Հայաստանի միակ բացօթյա ամֆիթատրոնն է»: