Որպեսզի սույն վերնագիրն արտառոց կամ անընդունելի չթվա՝ հարկ եմ համարում նախ այն բացատրել, հետո անցնել բուն նյութին:
Վերջին մի քանի տարիների մամուլի հրապարակումներին հետեւելով, ակամայից գալիս ես եզրակացության, որ «բաց նամակներ» ժանրը մեզանում ամենատարածվածն է՝ ոչ այն պատճառով, որ այդ վերարտառությամբ որեւիցե խնդրի շուրջը գրող քաղաքացի երազում է դրան հասարակական հնչողություն հաղորդել: Եվ ոչ էլ այն, որ հավատում է, թե ժողովրդավարությունն ու հրապարակայնությունն այնքան են զարգացել, որ յուրաքանչյուր աստիճանավոր յուր աշխատանքային օրն սկսում է օրվա թերթերն ընթերցելով, կամ հանձնարարելով իր բավական ուռճացած ապարատի համապատասխան օղակի մի օղակիկի՝ ծանոթանալ այն նյութերին, որ անմիջականորեն իր ոլորտին են վերաբերում եւ ընդգծումներով դնել իր սեղանին:
Ոչ, ավելի շուտ հակառակ առաջադրանք է նշմարվում. ինչպե՞ս անել, որ ոչինչ չխռովի վերադասի անդորրը, ու նա իր հույժ կարեւոր գործերից չշեղվի, ստիպված լինելով կարդալ դիմելու այս, արտահայտվելու իրեն վաղուց սպառած, ձեւն ընտրած քաղաքացու «բաց» նամակը: Ոչ՝ սա ոչ թե Ֆրանսիայի, այլ Հայաստանի երկրորդ հանրապետությունն է: Թող որեւէ մեկն իրեն չերեւակայի Էմիլ Զոլա ու պարզ չէ, թե ում չհասցեագրի «Ես մեղադրում եմ»-ի բնույթի որեւէ նամակ, որն այսօր էլ քրեստոմատիկ է համարվում: Ավելի լավ է միանգամից «Համլետի» ասույթով սկսել՝ «Մնացյալը լռություն է»…
Ահա թե ինչը դարձավ պատճառը, որ ՀՀ վարչապետին որոշեցի դիմել… փակ նամակով: Չեմ պնդի, որ այն ինչ-որ նորություն է: Ոչ, դիմելու նման ձեւեր եղել են նաեւ խորհրդային ժամանակաշրջանում, երբ հուսահատության գիրկն ընկած որեւէ անհատ (թեեւ չէի ասի, որ «անհատ» բառն ինչ-որ բան է նշանակել այդ համայնական կարգերում), կարող էր պարզապես իր տան պատերի մեջ, այն էլ կիսաշշուկ ինչ-որ դժգոհություն հայտնել, եւ այն անպայման տեղ էր հասնում:
Հետեւանքները կարող էին ողբերգական լինել, ավելի խելամիտ մարդիկ մտահղացան դիմումի մի ձեւ, որը կարող է համարվել իմ «նորարարության» նախատիպը. նրանք այն հասցեագրում էին՝ «Մոսկվա, Լենինի դամբարանին»՝ եւ զարմանալին այն էր, որ արդյունքը գրեթե միշտ դրական էր լինում… Որովհետեւ Իլյիչի անմահության կանխավարկածը չէր կարելի ենթարկել կասկածի:
Դե այդ դեպքում ի՞նչ իրավունք ունեմ ես՝ շարքային քաղաքացիս, կասկածել, որ ունեմ կառավարություն, որի միակ թերությունը բազմազբաղ լինելն ու երկրիս հանդեպ սնկի արագությամբ շատացող «մարտահրավերներին» դիմագրավելու պարտադրանքն է: Եթե այդ հանգամանքը չլիներ, ինչպիսի՜ հաճույքով պարոն վարչապետը, էլ չեմ ասում՝ նախարարները եւ քաղաքացիական ծառայության մասին օրենքի խիստ պահանջներով իրենց տեղը նվաճած պաշտոնյաները կհանդիպեին քաղաքացիների հետ թեկուզ բացօթյա մի սրճարանում, մտերմիկ այդ իրավիճակը հաստատ ավելի կծառայեր որեւէ հրատապ խնդրի լուծմանը, քան քաղաքացիների հերթական խմբի հուզված ցույցը կառավարության շենքի դիմաց, հերթական պիկետն ու հացադուլը, ստորագրահավաքը՝ իմ կարծիքով՝ ամենա-ապարդյուն գործողությունը, որ հաճախ իրականացվում է մեր օրերում: Հարցերի լուծման առումով՝ զրոյական արդյունք, բայց, այ՝ յուրօրինակ սոցիոլոգիական հարցում, որի շնորհիվ անուն առ անուն բացահայտվում են այս կամ այն բանից դժգոհ մարդիկ: Կարճ ասած՝ ամեն մի ստորագրահավաք սպասարկում է այս կամ այն քաղաքական ուժի որեւէ գործողություն, եւ անհասցե է նույնքան, որքան ընդդիմադիր այդ ուժի նախաձեռնությունը… Կարճ ասած՝ «Նամակ ռուսաց թագավորին»: Լավ, բայց ինչպե՞ս վարվել, եթե խոսքն այս դեպքում մի շատ պարզ թվացող հարցի մասին է, որը լուծելու համար պարոն վարչապետը պետք է այն կշռադատեր իր խորհրդականների կամ պարզապես մարդանց շրջապատում, որոնց մասնագիտական կամ բարոյական որակներին ինքն անձնապես վստահում է: Այ՝ այսպիսի հարցադրումն արդեն լուրջ տարակույսների առիթ է տալիս: Խոսքը «Մոսկվա» կինոդահլիճի ամառային շենքը քանդելու եւ դրա տեղում, իբրեւ թե, անցած դարի երեսնական թվականներին վերացված սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին… «վերականգնելու»՝ արտաքուստ շատ շահեկան եւ աստվածահաճո որոշման մասին է: Այնինչ, ուզածդ մասնագետ կպնդի, եւ արդեն իսկ պնդում է, որ այդ մտահղացումն անհեթեթ է ու պատկանում է աբսուրդի ժանրին:
Արդ, փորձեմ պարզել, թե որ ոլորտի ինչ մասնագետների հետ զրուցելով վարչապետը կարող էր ընդունել «Մոսկվա» կինոթատրոն ՍՊԸ-ի ունեցվածքից օտարելու եւ այն Հայ առաքելական եկեղեցուն եկեղեցաշինարարության նպատակով հանձնելու որոշում:
ա. Գուցե նա հարցրել է ճարտարապետության գծով հանրահայտ մասնագետների՞ն: Ոչ, ես պարզեցի, որ այդ որոշումից դժգոհ է Երեւանի քաղաքի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը, արդեն իսկ մամուլում հանդես գալով մի քանի հրապարակումներով: Վստահ չեմ, որ ավագանու մյուս ճարտարապետ անդամ Հրաչիկ Պողոսյանը կողմ լիներ դրան՝ թրծված լինելով այդ կառույցի հեղինակ Սպարտակ Կնտեխցյանի ձեւավորած թիմում, էլ չեմ ասում Հայաստանի Հանրա-պետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մասին, որն այդ հարցում չէր կարող «ադաբրյամս» ասել՝ անգամ որպես կառավարության անդամ: Իսկ Ճարտարապետների միության կարծիքը արդեն վաղուց հաշվի չեն առնում եւ ոչ մի հարցում, ինչպես եւ այլ ստեղծագործական միությունների, օրինակ՝
բ. Նկարիչների միության, որն իրեն դիմելու դեպքում կհակաճառեր, որ ամառային կինոթատրոնի անքակտելի մասն է հայ գեղանկարչության կոթողային ժանրի մեծ վարպետ Օնիկ Մինասյանի խճանկարը, նույն ինքը, որ հեղինակել է հայ հոգեւոր նկարչության անգերազանց գլուխգործոց որմնանկարները Օշականի եկեղեցում: (Ի դեպ, եթե իրականությանը համապատասխանում է այն պնդումը, որ սույն որոշումը կատարվել է՝ այն համապատասխանեցնելով Մայր աթոռի հետ, կուզենայի վերջինիս բարձր ուշադրությանը ներկայացնել իմ սույն դիտարկումը. Օնիկ Մինասյանի հանճարեղ օշականյան մտահղացումն իրավունք է տալիս նրա մյուս իրականացումները եւս դասելու հայ նկարչության աներկբա արժեքների շարքին, որոնք պետք է պահպանվեն օրենքի ուժով):
գ. Կինոգործիչների հետ, որոնք կինո «Մոսկվան» դարձրել են համաշխարհային ճանաչում ձեռք բերած «Ոսկե ծիրան» փառատոնի առանցքը, եւ միայն ամառային կինոթատրոնի լքյալ, անփառունակ վիճակն է պատճառը, որ այն ցուցադրումների վայր չի հանդիսանում, շեշտելով այդ հանդիսության երիտասարդական, ազատախոհ գաղափարը: (Ծանոթ մոտեցում է, չէ՞, երբ որեւէ կանաչ տարածություն ցանկանում են վերացնել՝ նախ այն չջրելով հնարավորինս քոսոտ տեսքի են բերում: Լ. Իգիթյանը սպառիչ կերպով վկայել է, թե ինչպես վերացվեցին այս շենքի բավական կարեւոր տարրերը, ուստի, եթե մի հարց պետք է արծարծվի ամառային կինոթատրոնի վերաբերյալ, ապա դրա ոչ թե հիմնաքանդումը, այլ սկզբնական վիճակով վերականգնումն է):
դ. Արդյոք հաշվի է առնվել կառավարությանն առընթեր Կրոնի վարչությա՞ն կարծիքը: Հաստատ ոչ, եթե նման առաջադրանք տրվեր, գուցե ձեւական դարձած այդ օղակի աշխատողները պարզ վերլուծությամբ կգային այն միակ հնարավոր եզրակացությանը, որ քաղաքի անբաժանելի մասը դարձած, առնվազն երկու սերունդների հիշողության մեջ սիրելի այդ վայրը քանդելը բոլորովին էլ չի նպաստի հայ եկեղեցու հեղինակության ամրապնդմանը, այլ կամա-ակամա կհիշեցնի քրիստոնության պետական կրոն հռչակելու առաջին տարիներին հայ հեթանոսական ճարտարապետության գլուխգործոցների համատարած ոչնչացումը: Պետք է հիշել, որ նախաքրիստոնեական հուշարձանների մեծամասնությունը պահպանվեց ինչպես Բյուզանդիայում, այնպես էլ Հռոմում, իսկ մենք բացի Գառնիից ուրիշ ոչինչ չունենք աշխարհին ցույց տալու, կարճ ասած՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ դուրս եկանք…
ե. Կարելի է թվարկել ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտին դիմելու անհրաժեշտության մասին, որտեղ կբացատրեին, որ խոսք չի կարող լինել հին եկեղեցին որեւէ ձեւով վերականգնելու մասին:
զ. Արվեստի ինստիտուտի, որտեղ կզարմանային, որ ճարտարապետական մի արժեքավոր համալիր քանդում են, տեղը կառուցելու՝ պարզ չէ ինչ, եթե եկեղեցի՝ ապա մի կառույց, որ դարեր հետո հուշարձան համարվելու հավակնություն կունենա, եթե … մինչեւ այդ նորակառույցն էլ չքանդեն, ցանկալի է՝ ամառային կինոթատրոնը վերականգնելու նպատակով: Այ, հետաքրքիր է, մեր ամենահին եկեղեցիները հեթանոսական տաճարների տեղում են կառուցվել, անգամ դրանց հիմքերի վրա, բայց ոչ մեկի մտքով չի անցնի քանդել դրանք ու վերականգնել հինը… Մեղա Աստծո, ինչ համեմատություններ չեն անցնի մարդու գլխով…
Հոգնելով ապացուցելուց հանրահայտ բաներ՝ ես անցնում եմ նամակիս բուն, փակ մասին, այն մինչեւ վերջ չբացելով, հակառակ դեպքում խոսքն այդուհետ կընթանա կառավարության վերջին ամիսների գործելաոճի մասին՝ առհասարակ: Ըստ որում՝ «փակ նամակ» անվանումն առավելագույնս համապատասխանում է հայրենի կառավարության աշխատաոճին… Եվ խոսակցությունը միայն մի սիրելի շենքի ճակատագրի մասին չի լինի, այլ քաղաքաշինական, բնապահպանական, տնտեսական ու սոցիալական, գիտական ու կրթական եւ այլ բնագավառների մասին, որոնց մասին ընդունված որոշումների ծանրակշիռ մասից գալիս է խորհրդային ժամանակվա վարչահրամայական մոտեցումների դեռեւս չմոռացված բույրը: Որպեսզի պարոն վարչապետը չկասկածի, որ իր հանդեպ կանխատրամադրվածություն ունեմ՝ պետք է հիշեցնեմ իր առաջին քայլերը սատարող իմ երկու հոդվածները՝ անցած տարվա: Նա ինձ թվում է համեմատաբար նոր սերնդի պետական գործիչներից մեկը, շահագրգիռ շուկայական գիտականորեն հիմնավորված հարաբերությունների զարգացմամբ, ինչն էլ ենթադրում է ղեկավարման ճկուն եւ ժողովրդավարական ոճ: Սակայն ես կասկածներ ունեմ, որ այն պարագաներում, երբ երկրի քաղաքական ղեկավարությունը զբաղված է հայկական նորանկախ պետությանը պարտադրված մարտահրավերներին դիմակայելու դժվարին խնդիրներով՝ գործադիր իշխանությունը բավական մեծ դերակատարություն է վերցրել իր վրա: Թվում է, դա այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ ժողովրդավարական պետություններում իշխանության թեւերի տարանջատման սկզբունքը հիմնարար է համարվում: Եթե ավելի խորը նայենք հարցին՝ այդ սկզբունքը կար նաեւ սովետական սահմանադրության մեջ: Գերագույն խորհրդի նախագահը՝ այսինքն օրենսդիր մարմնի ղեկավարը, ավելի բարձր դիրք ուներ, քան ԽՍՀՄ կենտկոմի գլխավոր քարտուղարը: Այնինչ, Նախարարների խորհրդի ամբողջ կազմը նշանակվում էր վերջինիս կողմից…
Բավական խայտաբղետ են արդի պետություններն իրենց սահմանադրական կարգերով: Կան երկրներ, որոնք պառլամենտական են, կամ որոնցում գործադիր իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, ներկայացնում է բարձրագույն իշխանությունը: Հայաստանի Երկրորդ անկախ հանրապետության սահմանադրությունը ստեղծվեց, առավելագույնս մոտ լինելով ֆրանսիական մոդելին: Դա միանգամայն տրամաբանական էր, եւ տակավին չի փոխվել պատմական իրավիճակը այն վերանայելու հրամայականով, բայց, այ՝ կառավարության շենքն է դառնում նրա գործունեությունից հիմնականում դժգոհ հասարակայնության տարբեր խավերի ցույցերի վայրը: Երկրորդ թեժ կետը Ազգային ժողովն է, բավական հաճախ՝ Գլխավոր դատախազության շենքը, գնալով ավելի քիչ՝ նախագահի նստավայրը: Հենց թեկուզ այս հանգամանքը մատնանշում է այս օղակների դերակատարության կարեւորության գիտակցումը հասարակության մեջ: Չնայած այդ բանին, Հայաստանի Հանրապետությունը մնում է նախագահական կառավարմամբ պետություն, եւ վերջիվերջո բոլոր օղակների թվացյալ կամ իրական թերացումները մեկ անձի են ուղղորդվելու: Ի դեպ՝ այդ հանգամանքը նկատի ունենալով չէ՞, որ ստեղծվեց Հանրային խորհուրդը, քիչ մնաց մոռանայի, որ ամառային կինոթատրոնի հարցը հասարակական մեծ հնչողություն ստանալով՝ պետք է քննարկվեր նաեւ այդտեղ… (Ասում են, թե քննարկվել է՞՞՞):
Գնալով ավելի ցայտուն է դառնում այն հանգամանքը, որ կարեւոր շատ հարցեր լուծվում են գործադիր մարմնի առանձին օղակների ներսում, այնտեղ պարզ չէ, թե ինչ սկզբունքով աշխատանքի անցած պաշտոնյաների պասիվության կամ շահադիտական վերաբերմունքի պայմաններում: Եթե էլի մեզ հետաքրքրող հարցի տեսանկյունից նայենք՝ դուրս է գալիս, որ քանդման վճռի հեղինակն ու պատասխանատուն մշակույթի նախարարն է, ինչն առնվազն կասկածելի է: Ինձ թվում է, որ պարոն վարչապետն իրականում ինքն է մտահղանում եւ իրականացնում շատ կարեւոր նախաձեռնություններ: Փաստորեն՝ արտաքին քաղաքական իրավիճակը գործադիրին պետության ներքին կյանքում ինքնուրույն գործելու անսահմանափակ լիազորություններ է ընձեռում:
Եվ հանկարծ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային մասնաշենքից սկսելով, իմ մտորումները բավական տրամաբանական հանգրվանի հասան: Գուցե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման օրեցօր խորացող ճգնաժամի պատճառն այդ երկու երկրների սահմանադրական տարբերություննե՞րն են: Այն հանգամանքը, որ Հայաստանի նախագահը, որը մեր պետության առաջին դեմքն է, բանակցում է Թուրքիայի նախագահի հետ, որն այնտեղ երկրորդ դեմքն է:
Լավ, եթե մեր հարգարժան վարչապետը այդքան վստահությամբ առաջ է տանում գործադիր իշխանության առաջնային դարձնելու սողացող, բայց հետեւողական գործընթացը, ինչն ենթադրում է սահմանադրական կարգի որոշակի վերանայումներ, այդ բանակցություննե՞րն էլ իր վրա վերցնի եւ սկսի անմիջականորեն հարաբերվել Էրդողանի հետ…