2009 թվականին Վանաձորում ընտանեկան նպաստ է ստացել 7062 ընտանիք, իսկ 2010թ. փետրվարի 1-ի դրությամբ՝ 6916 ընտանիք: Ինչպես նշում է սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի պետ Կարեն Գրիգորյանը, գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը ընտանիքից դիմում ստանալուց հետո 25 օրվա ընթացքում կատարում է տնային այցելություն՝ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմաններն ուսումնասիրելու նպատակով: Եթե նկատվել է, որ դիմողի կողմից՝ նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր են ներկայացվել, ապա տեսուչը այս մասին գրավոր տեղեկացնում է սոցիալական աջակցման խորհուրդ, որտեղ հարցը քննարկվում է: Եթե պարզվեց, որ իսկապես կան ոչ հավաստի տեղեկություններ, ապա նպաստի վճարումը դադարեցվում է այդ տեղեկությունների հայտնաբերման ամսվանից:
Կարեն Գրիգորյանի հավաստմամբ՝ նախորդ տարի հայտնաբերվել եւ պետբյուջե է վերադարձվել 6,250 միլիոն դրամ, իսկ դեկտեմբերին 29 դատական գործ է ներկայացվել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ եւս 3,593 միլիոն դրամ վերադարձնելու համար: