Ընկերությունը փոխհատուցում կտա, իսկ տեղեկություններ տալ չի՞ ուզում
«Առավոտը» այս տարվա հունվարի 15-ին՝ «Նախարարությանը դատի կտա՞ն» հրապարակմամբ տեղեկացրել է, որ Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը արդեն երկար ժամանակ փորձում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունից տեղեկատվություն ստանալ 2009 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ընկերությունում իրականացրած ստուգումների արդյունքների վերաբերյալ: Սակայն մինչեւ օրս դա նրանց չի հաջողվում: Չի հաջողվում նաեւ նույն տեղեկատվությունը ստանալ ՀՀ բնապահպանության նախարարությունից: Տեղեկացրել ենք նաեւ, որ հ/կ-ն մտադիր է դիմել դատարան եւ ստանալ հետաքրքրող տեղեկությունը: «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունից տեղեկացանք, որ արդեն հայց է ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին հայցադիմումով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել: Դատական նիստը նշանակվել է մայիսի 21-ին:
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունից հ/կ-ի գրությանը պատասխանել են, որ իրենց հետաքրքրող տեղեկատվությունը կարող են ձեռք բերել ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից:
«Ինչո՞ւ մենք պետք է մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանանք երրորդ եւ ոչ մասնակից հանդիսացող ընկերությունից, եթե ստուգման արդյունքների օրինակները գտնվում են տնտեսվարող սուբյեկտի եւ ստուգում իրականացնող մարմնի մոտ, բացի այդ, պատասխան գրությունում չեն հիմնավորել, թե ինչ հիմքով է այդ տեղեկատվությունը գտնվում տեսչությունում: Իրենց վրա դրված պարտականությունը այլ հիմնարկության վրա են դնում: Ընկերությունը բազմիցս է անհիմն կերպով եւ անբարեխղճորեն խուսափել 2009թ. ստուգման արդյունքները տրամադրելուց»,- ասում են հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
«Պահանջվող տեղեկատվությունը որպես գաղտնիք չի կարող դիտվել այն պատճառով, որ դրանք ուղղակիորեն վերաբերում են հասարակությանը, բնապահպանությանը: Մեզ հետաքրքրող փաստաթղթերի միջոցով հնարավոր կլինի պատկերացում կազմել բնապահպանական վիճակի մասին: Այդ արդյունքները հնարավոր է պարունակեն քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության բնագավառում տիրող իրավական վիճակի վերաբերյալ տեղեկություններ»,- վստահ են հ/կ-ում:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Հիշեցնենք, որ այս հ/կ-ն եւ ընկերությունը դատարանում այլ հարցով էլ են հանդիպում: Հ/կ-ն Շահումյան բանավանի բնակիչների շահերն է ներկայացնում ու պնդում, որ ընկերության կողմից շահագործվող հանքում իրականացվող ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքների արդյունքում բանավանում պարբերաբար տեղի ունեցող փլուզումներից ու սողքերից վնասվում է շահումյանցիների գույքը եւ վտանգավոր է ապրելը: Սակայն այս հարցում լուծումները արդեն գտնվել են, ընկերությունը պատրաստ է բնակիչներին փոխհատուցում տալ («ԴԳՄՔ-ն հաշտություն է առաջարկում», «Առավոտ», 28.01.2010):