Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցին տոնավաճառն էլ չօգնեց

Մարտ 17,2010 00:00

Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանի վկայությամբ՝ փետրվարի 1-ի դրությամբ կենտրոնում գրանցված է 2332 աշխատանք փնտրող, որից 2192-ն ունի գործազուրկի կարգավիճակ: Նրանց՝ կախված աշխատանքային ստաժից, 6-12 ամիս ժամկետով, ամսական 18 հազար դրամ գործազուրկի նպաստ է տրվում: Աշխատանք փնտրողներից 174-ը անցյալ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել: 2009-ին պետբյուջեի միջոցներով 20 գործազուրկի համար իրականացվել է մասնագիտական ուսուցման դասընթաց, նրանք սովորել են համակարգչային հաշվապահություն, սեղանների գեղեցիկ ձեւավորում, մատնահարդարում:
«Աշխատաշուկայում խոցելի խմբերին աշխատանքի ընդունելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով անցյալ տարի աշխատանքի է ընդունվել 6 մարդ, որից 2-ը՝ հաշմանդամ:
Վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով Դիլիջանում եւ մերձակա Հաղարծին, Գոշ եւ Թեղուտ գյուղերում 32 աշխատանք փնտրող մասնակցել է տարածքների կանաչապատման, ցանկապատման, հենապատերի կառուցման, ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքներին՝ օրական ստանալով 2400 դրամ: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար գործազուրկներին եւ հաշմանդամներին պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ծրագրից անցյալ տարի 2 հոգի է օգտվել: Ռոբերտ Հովհաննիսյանի խոսքերով՝ 2009-ի հոկտեմբերին Դիլիջանի երաժշտական դպրոցի նախասրահում բացվել է աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել է Դիլիջանից, Իջեւանից եւ Բերդից 32 գործարար: Նրանք ներկայացրել են իրենց ձեռնարկությունները եւ ազատ աշխատատեղերը: Տոնավաճառ՝ շուրջ 1000 աշխատանք փնտրող է այցելել: Դրա շնորհիվ 14 աշխատատեղ, բոլորն էլ Դիլիջանում, համալրվել են: Իսկ Դիլիջանի քաղաքային հիվանդանոցում առկա բժիշկների թափուր 7 աշխատատեղերից ոչ մեկը չի լրացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել