Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԲ ԹԱՓԵԼԸ՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Մարտ 17,2010 00:00

Քաղաքապետարանը պնդում է, որ բնակիչները հոգատար չեն, բնակիչները հայտարարում են, որ վախենում են

\"\"
Լուսանկարը՝ ԼԻԼԻԹ ՅՈԼՉՅԱՆԻ

Վանաձոր քաղաքում չկա մի թաղամաս, որտեղ աղբարկղերի մոտ թափառող կենդանիների չհանդիպեք: Վերջին շրջանում շներին ու կատուներին ավելացել են նաեւ ագռավները՝ իսկական խոչընդոտ ստեղծելով աղբ թափող քաղաքացիների համար: Իսկ քաղաքում շուրջ 500 աղբարկղ կա:
Լինում են դեպքեր, երբ բնակիչները թափառող կենդանիների հարձակումներից խուսափելու համար աղբը աղբամանը գցելու փոխարեն՝ կամ թողնում են աղբարկղի կողքը, կամ, որ ավելի վատ է, աղբով լի տոպրակը շպրտում են հեռու տարածությունից, հաճախ «վրիպում» ու տոպրակը աղբարկղին չհասնելով՝ պատռվում եւ թափվում է փողոցում: Դա երկկողմ դժգոհության առիթ է դառնում, մի կողմից կենցաղսպասարկման ոլորտի աշխատողն է բարկանում, թե՝ «Իմ գործը աղբարկղերը դատարկելն է, ոչ թե փողոցի կենտրոնի աղբը հավաքելը», մյուս կողմից՝ բնակիչն է բողոքում: «Մի անգամ շունը կծել է աղբ թափելիս, բոլորն էլ գիտեն, որ սոված կենդանին ամեն պահի պատրաստ է հարձակման, դրանից հետո ո՞վ ռիսկ կանի հատկապես շուն տեսնելիս մոտենա աղբարկղին»,- ասում է Տարոն թաղամասի բնակիչ Սերյոժա Մելքումյանը:
Քիչ չեն դեպքերը, երբ անգամ քաղաքի կենտրոնում աղբը բաց պատշգամբից կամ հենց մեքենայից են փողոց շպրտում: Շատ հաճախ էլ ծնողներն են անտարբերությամբ նայում իրենց երեխաների թափած աղբին: Իսկ երբ հասուն տարիքով քաղաքացին փորձում է նրանց «ուշքի բերել»՝ դիտողության կամ հանդիմանության է հանդիպում. «Ջանիդ ցավ է տալիս, դու վեր կալ յաշիկը քցի»: Արդյունքում՝ քաղաքը կեղտոտ է ու այս խնդիրն ավելի ակնառու է ծայրամասային թաղամասերում:
Ներսիսյան առաջին փակուղում բնակվող Ալբինա Մովսիսյանի պատշգամբից լավ երեւում են թիվ 24 դպրոցի հարեւանությամբ տեղադրված աղբարկղերը: Խաղողի թուփն ու ծաղիկները խնամելու նպատակով տիկին Ալբինան հաճախ է դուրս գալիս պատշգամբ եւ նույնքան հաճախ էլ ականատես լինում մի կտոր հացի համար կռվի բռնված կենդանիների գզվռտոցին: Նրա հիշողության մեջ տպավորվել է մի դեպք. խաղաղ «ճաշող» ագռավն ու շունը հարձակվել են իրար վրա: Կռիվն սկսել է շունը, որից հետո ագռավներն են հաշվեհարդար տեսել, 10 րոպե հետո 2-ն էլ արնաշաղախ ընկած էին: «Որքանո՞վ ենք երաշխավորված, որ նույն բանը չի պատահի աղբ թափող մեծահասակի կամ երեխայի հետ: Չէ՞ որ ագռավին կամ շանը մարդկային լեզվով չես հասկացնի, որ իրենց փայաբաժինը մենք ավելացնում ենք, ոչ թե՝ խլում»:
Խնդիրը Վանաձորի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է: Քաղաքապետարանը «Երվանդ Մելքոնյան» անհատ ձեռներեցի հետ համատեղ յուրաքանչյուր գիշեր ոչնչացնում է թափառող կենդանիներին, բայց հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ սպասարկման եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանից տեղեկացանք, որ յուրաքանչյուր շաբաթ 40-50 թափառող կենդանի է ոչնչացվում: 2009 թ. 2548 թափառող կենդանի է ոչնչացվել: Բայց դեռ անելիք կա. «Հատկապես շները մեկ շաբաթ ընդհանրապես կարող են դուրս չգալ, հետո թվա, թե շների քանակը միանգամից ավելացել է, բայց հիմա կատուներն են շատ, ու դրանք ավելի ագրեսիվ են»,- նկատում են քաղաքապետարանի ներկայացուցիչները:
«Եթե շներին ու կատուներին կարելի է ոչնչացնել, ապա ագռավների դեմ պայքարի այլ միջոցներ են անհրաժեշտ, ագռավներն ավելի արագ են տեղաշարժվում»,-ասում է Վանաձորի քաղաքապետարանի ծրագրերի բաժնի ղեկավար Սուրեն Կարապետյանը: Վերջինս այնքան էլ կողմ չէ թափառող կենդանիներից այս տարբերակով ազատվելուն, բայց դեռ հնարավոր չէ, թափառող կենդանիների համար ինտերնատներ ունենալը՝ շատ ծախսատար է: Կենդանիներին աղբարկղերից հեռու պահելու այլընտրանքային տարբերակ է փակ աղբարկղեր տեղադրելը: Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ փորձնական ծրագրով միայն քաղաքի Վանաձոր թաղամասում 47 ոչ փակ՝ տակդիրով նոր աղբարկղ է տեղադրվել, բայց քաղաքն ավելի շատ է կեղտոտվել: «Բնակիչները փոխանակ օգտվեին նորամուծությունից, գողանում էին տակդիրները: Թիթեղ է, կօգտագործեն իրենց կարիքի համար, շատ դեպքերում էլ երեխաներն են թափում կենցաղային աղբը, իսկ նրանք կարճահասակ են ու, բնականաբար, չեն հասնում աղբարկղի կափարիչին, ու ստացվում էր, որ աղբը կրկին հայտնվում էր փողոցում»,- ասում է Սուրեն Կարապետյանը:
Ըստ հիգիենիկ եւ հակահամաճարակային Լոռու մարզային տեսչության, 2009 թվականին մարզում գրացվել է 1853 թափառող կենդանի: Ավելի շատ՝ Ստեփանավանի շրջանի գյուղերում, եւ ընդհանրապես գյուղական համայնքներում ավելի շատ են շան հարձակման կամ կծածի դեպքերը: «Հատկապես գյուղական համայնքներում, երբ կապած շներին բաց են թողնում, կծածի դեպքերը ավելանում են, բայց տուժողները անպայման պատվաստվում են, իմ կարծիքով հնարավոր չէ, որ շան կծածը թաքցվի»,- ասում է Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային Լոռու մարզային կենտրոնի համաճարակաբան Անահիտ Հակոբյանը:
Այժմ Վանաձորի քաղաքապետարանը հույս է կապում գերմանական GTZ կազմակերպության աջակցությամբ իրականացվող համայնքների բարելավման ծրագրի շրջանակներում աղբի վերամշակման ծրագրի հետ: Այս պահին ծրագիրն իրականացնողները վերլուծություն են կատարում աղբի տեսակների քանակն ու որակը ճշտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել