Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խմբագրության գողությունից 2 տարի անց

Մարտ 17,2010 00:00

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ ավարտվել է panorama.am ինտերնետային թերթի խմբագրությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Էրեբունու դատախազության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննության տվյալներով, գողությունը կատարել են 4 անձինք: Մասնավորապես՝ քաղաքացի Հ. Մարտիրոսյանը, շրջելով իր բնակության նախկին տարածքում՝ Խորենացու փողոցում, նկատել է, որ Խորենացի 34բ տարածքում գործում է խմբագրություն, որտեղից համակարգիչներ գողանալու մտահղացման մասին հայտնել է եղբորը՝ Ս. Մարտիրոսյանին եւ ընկերներին՝ Գ. Ղազարյանին ու Հ. Կարագյանին:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նշված անձինք 2008թ. մայիսի լույս 16-ի գիշերը՝ ժամը 00:30-ի սահմաններում, հանդիպել են Երեւանի Խորենացի 30 շենքի մոտակայքում: Ըստ դերաբաշխման՝ Ս. Մարտիրոսյանը եւ Գ. Ղազարյանը մնացել են դրսում՝ տարածքը հսկելու, իսկ Հ. Մարտիրոսյանը եւ Հ. Կարագյանը մուտք են գործել խմբագրության վարձակալած տարածքը: Խմբագրությունից նրանք հափշտակել են 534 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի գույք՝ համակարգիչ, հեռախոս, ֆոտոխցիկ, ձայնագրիչ եւ այլն: Գողոնը տեղափոխել են Գետառի շրջակայքում գտնվող «Գորվետկա» կոչվող տարածք:
Հաջորդ օրը Մարտիրոսյան եղբայրները վերոնշյալ ապրանքները վաճառել են Մալաթիա-Սեբաստիա տարածքում գործող տոնավաճառում եւ վաճառքից գոյացած 50 000 ՀՀ դրամ գումարը միասին տնօրինել, իսկ «Պանասոնիկ» տեսակի հեռախոսը տարել են իրենց տուն, որտեղից էլ այն հետագայում հայտնաբերվել եւ առգրավվել է:
Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել