Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԻՆ ԱԶԱՏԵՑ, ՏՆՕՐԵՆՆ ԷԼ՝ ԶԻՆՂԵԿԻՆ

Մարտ 17,2010 00:00

\"\"Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Պեմզաշեն գյուղի դպրոցի 5 տարվա աշխատանքային ստաժով զինղեկ Երանոս Միքայելյանը դպրոցի նախկին տնօրեն, դաշնակցական Ժորա Նազարեթյանի դեմ հայց էր ներկայացրել՝ իրեն «անհիմն» աշխատանքից ազատելու ու 1 տարի հարկադիր պարապուրդի մատնելու համար: Միքայելյանի պատմելով, Նազարեթյանը թեեւ իրեն գործազուրկ է դարձրել Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 4 կետի 1-ին մասով, այսինքն՝ պատճառ է բռնել այն, որ կրթական ցենզը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, սակայն իրականում տնօրենն իր հետ անձնական հաշիվներ է ունեցել: «Ես ունեմ բարձրագույն իրավաբանական կրթություն ու պահեստազորի մայորի կոչում: Սա կուսակցական խաղերի հետ կապված չէ, այլ ընտանեկան խնդիր է: Ժորա Նազարեթյանի որդին Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի թույլտվությամբ, ժամանակավորապես տեղավորվեց Պեմզաշենի առողջության կենտրոնում՝ վարձակալության հիմունքով, սակայն հետագայում պարզվեց, որ նա, լինելով ատամնաբույժ, չունի համապատասխան լիզենցիա, հետեւաբար չուներ իրավունք՝ պետական հիմնարկում աշխատելու: Բացի այդ, հրաժարվում էր վարձավճարից: Սակայն գոյություն ունի հարկային դաշտ: Դրա համար էլ մարզպետը՝ տիկին Նանյանը, նրան դուրս հանեց այդտեղից: Ասեմ, որ այս պատմությունը ինձ հետ կապված է այնքանով, որ իմ կինը Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրենն է: Ժ. Նազարեթյանն ինձ հրավիրեց իր աշխատասենյակ եւ ասաց՝ «Եթե քո կինը թույլ չի տալիս իմ որդուն իր կենտրոնում աշխատելու, ես էլ քե՛զ թույլ չեմ տա»: Ես սկզբում դա չընդունեցի որպես իրականություն, բայց հետո նա ինձ ազատեց աշխատանքից»,- պատմում էր նախկին զինղեկը: Ըստ նրա, իր դեմ «սարքած պատմությունները» սրանով չեն ավարտվել: Դպրոցի նախկին տնօրենը բողոքով իր դեմ քրեական գործ է հարուցել, իբրեւ թե ինքը հարվածել է նրա ականջին: Ե. Միքայելյանի ասելով՝ գործն անմիջապես կարճվել է, որովհետեւ դատաբժշկական փորձաքննությունը կատարվածը չի հաստատել:
 Դպրոցի նախկին տնօրեն Ժ. Նազարեթյանը բոլորովին այլ պատճառներ ներկայացրեց: Նրա ասելով՝ այստեղ անձնական խնդիրներ չկան, պարզապես պատճառն այն է, որ զինղեկը չունի համապատասխան կրթություն, մանկավարժ չէ, դիպլոմը պետական նմուշի չէ, ավարտել է Հր. Աճառյանի անվան համալսարանը այն ժամանակ, երբ վերջինը պետական կարգավիճակ չուներ: Ավելին, ըստ դաշնակցական տնօրենի, զինղեկը աշխատել է ոստիկանությունում եւ գաղութում՝ որպես հսկիչ, եւ երեխաների հետ վարվել է այնպես, ինչպես՝ հանցագործների: «Ես պնդում եմ, որ ոչ մի անձնական խնդիր չկա: Երբ մարդն ընկնում է ջուրը, ձեռքը գցում է փրփուրներին: Նախքան իմ որդու բժշկական գործունեություն ծավալելը, ես նրան արդեն իսկ ազատել էի աշխատանքից: Իմ որոշումը ճիշտ է եղել, եւ դա ապացուցվել է դատական երկու ատյաններում: Այժմ գործը վճռաբեկը ուղարկել է ընդհանուր իրավասության դատարան՝ վերաքննության: Իսկ նրա դեմ հարուցված քրեական գործը կապված է իմ աշխատասենյակում եղած վիճաբանության հետ: Նրան դուրս հրավիրեցի, իսկ նա խփեց ինձ: Նրա դեմ քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Դատարանը քննել է, հաստատել, որ նա կատարել է հանցանք, եւ նա ընկել է համաներման տակ»,- ասաց Ժորա Նազարեթյանը: «Առավոտը» պարոն Նազարեթյանից հետաքրքրվեց, թե իրեն ինչո՞ւ են ազատել աշխատանքից, մի՞թե մարզպետ Լիդա Նանյանը դեռ շարունակում է դաշնակաթափ անել պաշտոնները: «Ինձ աշխատանքից ազատել են պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ, պաշտոնական պատճառաբանությունը դա է: Նոր մրցույթ առայժմ չի կարող լինել: Ժամանակ է պետք սերտիֆիկատ հանելու համար: Ինձ զրկել են ժամանակավոր պաշտոնակատարի իրավունքից: Ես չեմ կարող ասել, թե վիրավորված չեմ ինձ հետ այսպես վարվելու համար: Ինչո՞ւ ես իմ աշխատատեղի համար չպիտի պայքարեմ, երբ Պեմզաշենի դպրոցն իմ պաշտոնավարման տարիներին հրաշալի մի կրթօջախ է դարձել եւ էդ բոլորի մեջ ես իմ լուրջ ներդրումն ունեցել եմ: Ես մարզպետի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, միգուցե ուզում է դաշնակցականներից ազատվել, բայց կոնկրետ ինձ հետ ընդհարումներ չեն եղել, պարզապես երբեմն իրենց տված քաղաքական հանձնարարությունները չեմ կատարել, մնացել եմ իմ դիրքերում, ըմբոստացել եմ»,- ասաց Ժ. Նազարեթյանը:
 Ի դեպ, Շիրակի մարզի 6 տնօրեններ բողոքել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով վերանայել մարզպետի որոշումը ու իրենց թույլատրել նախքան «Հանրակրթության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը ու դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելը՝ հնարավորություն տալ ժամանակավոր պաշտոնակատար լինելու: Պարոն Նազարեթյանը Պաշտպանին չի դիմել, թեեւ իր հետ եւս անարդարացի են վարվել: Հիմա Պեմզաշենի դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել են «մի աննշան»՝ Հայկասարի դպրոցի տնօրենին՝ Լյովա Նազարեթյանին: «Ես ընդհանրապես վախկոտ չեմ, չեմ վախենա, որ նա ամրապնդի իր դիրքերը: Ես պայքարելու եմ իմ իրավունքների համար»,- նշեց մեր զրուցակիցը: Երեկ դատական նիստը մեկ օրով հետաձգվեց՝ հայցվոր կողմի շահերի պաշտպանի չներկայանալու պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Նախ՝ «մի աննշան»՝ Հայկասարի դպրոց արտահայտությունը տգիտության վառ ապացույցն է, եվ հետո՝ մարդը նշանավոր է դառնում իր էությամբ ու գործով, եվ ոչ թե պաշտոնով:

Պատասխանել