Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎՍՏՐԵՉԻ» ԿԱՄՈՒՐՋԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԼԻՆԻ

Մարտ 17,2010 00:00

Գարեգին Նժդեհի փողոցի կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 8 ամիս հետո: Երեկ լրագրողներին այս մասին տեղեկացրեց Քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Լեւոն Հակոբյանը՝ նշելով, որ վերջերս ամբողջական ուսումնասիրություն իրականացնելուց հետո պարզել են, որ կամուրջը վերանորոգելով՝ հարցը չի լուծվի եւ անհրաժեշտ է հիմնովին վերակառուցել. «Այդ պատճառով դադարեցրինք նախկին կառուցապատողի հետ պայմանագիրը եւ նոր նախագիծ պատվիրելու համար հայտարարեցինք նոր մրցույթ, ինչի արդյունքում հաղթող ճանաչվեց «Կամուրջշին» ՓԲԸ-ն»: Պարոն Հակոբյանի խոսքերով, այսօր աշխատանքներն ապամոնտաժման փուլում են. «Հեծանները պետք է ամբողջովին ապամոնտաժվեն, փոխարինվեն նորերով, իսկ սյուները հզորացվեն՝ նախկին 7 բալի փոխարեն 9 բալ տեխնակայունության համապատասխան»: ԾԻԳ-ի տնօրենի հավաստմամբ, վերանորոգման եւ վերակառուցման գնային տարբերություններն այնքան էլ մեծ չեն. «Գրեթե նույն գումարն է՝ 1 միլիարդ 800 միլիոն, ոչինչ չի փոխվել, իսկ ժամկետը 240 աշխատանքային օր է»: Պարոն Հակոբյանը չի բացառում, որ կամուրջը շահագործման հանձնվի նախատեսվածից շուտ: Ըստ նրա, շինարարները աշխատելու են ինտենսիվ՝ 3 հերթափոխով. «Կամրջի չափսերի փոփոխություն չի նախատեսվում, իսկ տեսքն ավելի բարեկարգ է լինելու, ամրասյուներից մի մասը դուրս է գալու, մենք ունենալու ենք հատվածներ, որտեղ լինելու են 28 մետրանոց հեծաններ, նոր կամուրջը լինելու է ժամանակակից՝ նաեւ նոր լուսային սյուներով»: Լ. Հակոբյանը նաեւ ասաց, որ կամուրջը կառուցվել էր 1965 թվականին, դրանից հետո թեթեւակի վերանորոգվել է, իսկ հիմնանորոգում երբեւէ տեղի չի ունեցել. «Իհարկե, այս առումով երթեւեկությունը բավականին տուժում է, բայց լավ կառույց ունենալու համար պետք է նաեւ տուժի»: Կամուրջը նախկինում նախատեսված էր 30 տոննա ծանրություն տեղափոխող բեռնատարների համար, իսկ արդեն վերակառուցված կամուրջը հնարավորություն կտա մինչեւ 70 տոննա ծանրություն տեղափոխել: Պարոն Հակոբյանը նաեւ նշեց, որ կամրջի ապամոնտաժման աշխատանքներից հետո շինարարների թիվը կհասնի 100-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել