Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բա որ ուրիշի՞ վրա լացեն

Մարտ 17,2010 00:00

«Կյանքն անհնար է գնել, այն անգին է, բայց միշտ էլ կարելի է պահպանել այն տեղը, որտեղ թաղված է ձեզ հարազատ մարդը, եւ դրանով իսկ երկարացնել նրա կյանքը ժառանգների հիշողության մեջ: Եթե դուք ժամանակ չունեք, եթե ապրում եք Հայաստանի սահմաններից դուրս, բայց ձեր սիրտը լցված է անսահման սիրով այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն ձեր կողքին չեն, բայց ում հիշատակը դեռ կենդանի է, եւ դուք մասնագետների հետ գործ ունենալու փորձ ունեք, դուք կարող եք մեզ մոտ պատվիրել ցանկացած տեսակի շինարարական, վերականգնողական եւ գերեզմանների խնամքի հետ կապված այլ ծառայություններ՝ Հայաստանում ձեզ հարազատների գերեզմանների համար: Այո: Բոլոր աշխատանքային օրերին գերեզմանի խնամքը ձեր իսկ ընտրած օրը կատարում ենք անվճար: Շաբաթ, կիրակի եւ տոն օրերի համար մենք գանձում ենք լրացուցիչ գումար»:
Այս ծառայություններն առաջարկում է gerezman.com ինտերնետային կայքը, որն իր ծառայությունները հիմնականում առաջարկում է ԱՄՆ-ի հայերին, իսկ գովազդի մեջ էլ պատկերված էին մի քանի գերեզմաններ՝ ընկերության կողմից վերանորոգումից հետո: Այսինքն՝ արված էր այն, ինչ ամեն մի իսկական զավակ պարտավոր է անել իր ծնողի համար:
Մի հարեւան ունեինք, շատ հայտնի մարդ էր: Իրենց մեծ գերդաստանից մենակ ինքն էր մնացել Հայաստանում: Բոլորը թողել-գնացել էին, իսկ ժամանակին էլ իբր թե ներգաղթել էին Հայաստան, որ շենացնեն մեր երկիրը: Չդիմացան պայմաններին, գնացին: Բայց էդ խեղճ մարդու ծնողները թաղված էին Թոխմախի գերեզմանոցում: Մեկ նոր տարուն էր այցելում ծնողներին, մեկ էլ Սուրբ Զատկի մեռելոցին: Խեղճ մարդն ամեն անգամ ծնողների գերեզմանը չէր գտնում: Եղբայրներով անհաշտ էին իրար հետ, մեկ մի եղբայրն էր սուսուփուս գալիս գերեզմանի քարը փոխում, վրան էլ գրում որդի Երկաթից, մեկ՝ մյուս եղբայրը: Ու էդպես շարունակ: Հիմա մեր հարեւանն էլ է մահացել: Մտածում եմ, թե նրա ԱՄՆ-ի հարազատները տեսնես էս հայտարարության ո՞ր բաժնից են օգտվում: Բայց ես մի բանից շատ եմ վախենում: Հայերը քանի գնում գերեզմանների չափսերը մեծացնում են: Ասենք՝ Թոխմախգյոլում երեք-չորս սենյականոց գերեզմաններ կան, հետն էլ ռոկոկո զարդարանքներ ունեն: Բա որ ամերիկահայերը սկսեն որքան հնարավոր է մեծ չափսերի գերեզմաննե՞ր գնել: Մի տասը տարուց Հայաստանը ի՞նչ կդառնա: Մեկ էլ գիտեք ինչ եմ մտածում, բա որ ծաղիկ ու լաց պատվիրեն, ու էդ կազմակերպությունը սխալ գերեզման ընտրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել