Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՄԱՀԱՑՈՒ ԶԵՆՔ ԵՆ

Մարտ 17,2010 00:00

\"\"Որոշ տնտեսվարողներ որոշել են մեր կյանքի հաշվին դաշտում մոնոպոլիստի կարգավիճակ ձեռք բերել

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում նախորդ տարի մի մեծ պայթյուն եղավ, որի հետեւանքով մի քանի մարդ զոհվեց: Փորձաքննությունը ցույց էր տվել, որ գազի թույլատրելի ճնշումը գերազանցվել էր, եւ լիցքավորվող «Գազ 31-10» մակնիշի մեքենայի գազի բալոնը ճնշմանը չէր դիմացել: Մի քանի օր առաջ էլ Երեւան-Երասխավան ավտոճանապարհի գազալիցքավորման կայանում հերթական պայթյունը եղավ, դարձյալ՝ տեխնիկական անվտանգության նորմերը չպահպանելու պատճառով: Այսպես, տարեկան 18-20 գազալցակայանի պայթյուն է գրանցվում, ինչն ահռելի ցուցանիշ է մեր փոքր հանրապետության համար: Ընդ որում՝ դա դեռ պաշտոնական ցուցանիշն է: Իրականում շատ տնտեսվարողների հաջողվում է անգամ մարդկային կյանքեր խլած պայթյուններից հետո սեփական բիզնեսի, գերշահույթների համար ներքին կարգով այնպես լուծել հարցերը, որ գազալցակայանի պայթյունի մասին անգամ տնեցիք չիմանան:
Արդյունքում՝ այսօր ցանկացած գազալցակայանի մոտ կանգնելու, մեքենա լիցքավորելու, նույնիսկ գազալցակայանի կողքով անցնելու համար նախ պետք է խաչակնքել: Հաշվի առնելով, թե ինչպես է վերահսկվում դրանց տեխնիկական անվտանգությունը, կարելի է փաստել, որ գազալցակայանից օգտվելը ուրաքանչյուրի համար կարող է ճակատագրական լինել: Իհարկե, գազը էկոլոգիապես մաքուր վառելիք է, եւ բնապահպանական տեսակետից ողջունելի է գազով մեքենայի շահագործումը: Բացի այդ, նկատի ունենալով այլընտրանքային վառելիքի՝ բենզինի գների աճը, գազալցակայաններից օգտվելը տնտեսապես ավելի ձեռնտու է: Եվ հետո, հատկապես մարզերում գազալցակայանների շահագործումը տեխնիկ-մեխանիկների զբաղվածության խնդիրն է լուծում՝ կանխելով գյուղերից բազմաթիվ մարդկանց արտագաղթը: Սակայն, քանի որ գազալցակայանների շահագործումը փակ համակարգ է, որոշ տնտեսվարողներ, մտածելով միայն ու միայն սեփական գրպանի մասին, հաճախ այնպիսի չարաշահումներ են թույլ տալիս, որ մարդիկ, անձնական անվտանգությունից ելնելով, գերադասում են ավելի թանկ վառելիքից օգտվել:
Երբ բջջային կապի առաջին օպերատորը մեր երկրում սկսեց ինտերնետ կապի շուկայում դեմպինգային գներ կիրառել ու դաշտից դուրս մղել մյուս ինտերնետ պրովայդերներին, «ԱրմենՏելը» տուգանվեց, որովհետեւ բիզնեսում տնտեսվարողն իրավունք չունի նման քաղաքականություն իրականացնել: Հիմա ամեն օր նույնը կատարվում է գազալցակայանների շուկայում: Գազի անթույլատրելի ճնշում տալու եւ ինքնարժեքից ցածր գազ վաճառելու միջոցով որոշ տնտեսվարողներ, միմյանց հետ հակամրցակցային համաձայնության գալով՝ դաշտից քիչ-քիչ դուրս են մղում իրենց ավելի փոքր մրցակիցներին ու դառնում տվյալ տարածքի մոնոպոլիստը: Կառավարության թիվ 1101-Ն որոշման համաձայն, անթույլատրելի է համարվում մեքենայի բալոնը լիցքավորել 197 մթնոլորտային ճնշումից բարձր: Ներկայումս, օրինակ, Դիլիջան քաղաքի «Տիմաշլին» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորում են 220-250 ճնշում տալով, ինչը խիստ պայթյունավտանգ է: Նշենք, որ 2008-ի նոյեմբերին հենց այդ նույն գազալցակայանում դարձյալ ճնշումը գերազանցելու եւ տեխնիկական անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով պայթյուն էր եղել: Բարեբախտաբար, այդ ժամանակ զոհեր ու վիրավորներ չեղան, սակայն, ինչպես ասում են՝ պապն ամեն անգամ փլավ չի ուտում, ու մի օր կարող է այդ լցակայանը իսկական պատուհաս դառնալ որեւէ անմեղ ընտանիքի համար: Ոչ ոք չի կարող զոհվածների հարազատներին բացատրել, որ տվյալ գազալցակայանի տերը որոշել է խաղ խաղալ, սպառողներին թեթեւ «լավություն» անելով՝ իր բիզնեսում խորամանկություններ անել:
«Այսօր իր քրտինքով աշխատող, ճիշտ հարկեր մուծող, կանոններին հետեւող մարդը չի կարող գազալցակայանների բիզնեսում աշխատել՝ արագ դաշտից դուրս կմղվի: Օրերս Արագածոտնի մարզում երկու գազալցակայան փակվեց, եւս մեկը փակվեց Սպիտակում: Օլիգարխներն իրենք ինչ գին ուզում՝ դնում են, որոշ ժամանակ վնասով են աշխատում ու ճնշում են փոքր գազալցակայաններին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գազասարքավորումների փորձագետ Արթուր Ղազարյանը: Նրա համոզմամբ՝ եթե նույնիսկ մեր երկրում ստեղծվի գազալցակայանների տեխնիկական անվտանգությունը վերահսկող մարմին, այն միայն «ռեկետով» կզբաղվի. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը կանոնակարգման համար բյուջեից գումար է վերցնում ու ռուսերենից միայն պահանջներն է թարգմանում, ուրիշ գործ չի անում: Հիմա մենք կառավարությանն առաջարկել ենք, որ համակարգչային հատուկ ծրագրի միջոցով գազալցակայաններում արգելափակվի գազի ճնշման մեծությունը, այդ դեպքում գործարարները ցանկության դեպքում էլ չեն կարող խախտում անել»:
Ժորա Տոնոյանը, որը գազալցակայանները վերահսկող մարմին ստեղծելու նախաձեռնողներից է, նույնպես փաստեց, որ շատ գազալցակայաններ նույնիսկ 280-300 ճնշում են տալիս եւ ամեն օր սպառողների գազաբալոնները ենթարկում վտանգավոր փորձարկման. «Մեր երկրում դեռ գազաբալոն չգնած՝ արդեն թույլտվության թուղթը հանած են լինում, դա նրանից է, որ այս ոլորտը կատարյալ բարձիթողի վիճակում է, դրա համար էլ անընդհատ դժբախտ դեպքեր են լինում: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում, եթե գազալցակայանի տերը զարտուղի ճանապարհներ չփնտրի, որեւէ խախտում չանի, նորմալ աշխատի՝ չի կարող երկար դաշտում մնալ. կա՛մ պետք է էլեկտրաէներգիա գողանա, կա՛մ գազամատակարարից գազ գողանա, կա՛մ այլ չարաշահումներ անի: Գազի գինը հայտնի է, ուստի ցանկացած մարդ կարող է հաշվարկ անել ու տեսնել, որ մեր գազալցակայանների տերերը, փաստորեն, վնասով են աշխատում»:
Արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության ապահովման վերահսկողությունը պետք է իրականացնի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի պետ Աշոտ Պետրոսյանի պարզաբանմամբ՝ «գազալցակայանների անվտանգությունը մեր գործառույթների մեջ չի մտնում: Մենք միայն պայմանագրային փորձաքննություն ենք իրականացնում, իսկ գազալցակայանի անվտանգության հարցը տնտեսվարողների վրա է մնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել