Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շա՜տ ամուր է կանգնած

Մարտ 17,2010 00:00

«Իմ կուսակցությունը գոհ է իմ աշխատանքից, եւ հերյուրանքներ են՝ չեմ պատրաստվում հրաժարական տալ, ես շատ ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա, ես ունեմ համապատասխան ծրագրեր, աշխատում եմ, իսկ 2009-ին միակ ոլորտը, որ 0,1% տնտեսական անկում ունեցավ, դա գյուղատնտեսության ոլորտն էր, մնացած ոլորտները, ինչպես գիտեք, մոտ 15% անկում ունեցան»,- երեկ ասաց գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը՝ հերքելով, որ վարչապետի՝ վերջերս արած նկատողության արդյունքում առաջիկայում գուցե ազատեն աշխատանքից: Նախարարի խոսքերով՝ աշխատանքային գործընթաց է. կլինեն ե՛ւ նկատողություններ, ե՛ւ խրախուսանքներ. «Կային թերություններ, որոնք կապված էին կոնկրետ գնումների գործակալության գնումների մրցույթների կազմակերպման հետ, բայց վարչապետի հետ ունենք փայլուն աշխատանքային հարաբերություններ, եւ ինձ նկատողություն տրվեց թեկուզ այն բանի համար, որ առաջինը ես էի այդ խնդիրը բարձրացրել, բայց…»: Պարոն Ալավերդյանը հորդորեց մանրամասնությունների մեջ չխորանալ, բայց, այնուամենայնիվ, նշեց, որ խնդիրը լուծելու նպատակով ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ. «Երեկ իմ դիսպետչերականում հայտարարել եմ, որ գնումների գործընթացը, մրցույթները ես անցկացնելու եմ տեսախցիկների տակ, լրագրողների ներկայությամբ, որ ապահովեմ առավել անաչառություն, թափանցիկություն»: Նախարարը հավաստիացրեց նաեւ, որ իրենց նախարարության աշխատանքային չարաշահումների արդյունքում պետբյուջեին վնաս չի հասցվել:
 Գ. Ալավերդյանը նաեւ անդրադարձավ ոչխարի մսի թանկացումներին՝ ասելով, թե դրանք «պատի տակի չափազանցված խոսակցություններ են». «Ինչ վերաբերում է արտահանմամբ պայմանավորված մսի անհարկի թանկացումների մասին խոսակցություններին, եթե վերլուծություններ անենք, կտեսնենք ամենամյա մոտ 100-200 դրամի թանկացումներ»: Գյուղնախարարի հավաստմամբ, արտահանելու համար շատ ոչխարներ ունենք եւ առաջիկայում էլ շարունակելու ենք արտահանել. «Հայաստանում անասնագլխաքանակը կազմում է 540 հազար ոչխար, որից 340 հազարը՝ մայրական կազմում, իսկ այսօրվանից մինչեւ մայիս ծնի շրջան է, մեր հաշվարկներով՝ ակնկալում ենք, որ գառների թիվը կհասնի մոտ 500 հազարի, որից 250 հազարը կլինեն արու գառներ: Այսինքն՝ ե՛ւ արտահանելու ենք, ե՛ւ ներսում ենք օգտագործելու, նշեմ, որ արդեն այսօր Հայաստան ենք ներկրում ազնվացեղ տեսակի մայրեր»:
Նախարարն անդրադարձավ նաեւ կարտոֆիլի հարցին: Հիշեցնենք, որ անցյալ տարի գյուղացիները բողոքում էին, որ  բերքը չեն կարողանում իրացնել: Ըստ Գ. Ալավերդյանի՝ 2010-ի սկզբից արտահանվել է 3000 տոննա կարտոֆիլ, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակաշրջանը: Նա ասել է, որ մեր երկրում տարեկան աճեցվում է 580 հազար տոննա կարտոֆիլ, բայց ներքին շուկայում իրացվում է 350 հազար տոննա, ավելցուկը իրացնելու խնդիր է լինում: Սակայն նախարարը խոստացավ հարցը լուծել. «Ես եղել եմ Թուրքմենիայում եւ պայմանավորվել այդ երկիր կարտոֆիլի անսահմանափակ մատակարարման մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել