Պահանջել են Հայաստանի 1623 քաղաքացիներ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուից եւ ԵԽԽՎ այլ ղեկավարներից:
Հայաստանի 1623 քաղաքացիների ստորագրություններով հանդերձ՝ ԵԽԽՎ պատվիրակների էլեկտրոնային հասցեներին մարտի 15-ին ուղարկվել է դիմում, որը հասցեագրված է ԵԽԽՎ նախագահին ու բյուրոյին, մշտական կոմիտեին եւ Մոնիտորինգի հանձնաժողովների նախագահներին ու անդամներին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին: Նամակում ասված է. «Մենք՝ ՀՀ ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում այն հանցագործությունների դեմ, որ կատարել են Հայաստանի իշխանությունները ընդդեմ մարդու հիմնական իրավունքների եւ հիմնարար ազատությունների՝ 2008-ի մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ բանակի հակասահմանադրական օգտագործման կապակցությամբ: Այս գործողությամբ հայկական իշխանությունները կոպտորեն ոտնահարեցին մարդու հիմնական իրավունքները՝ մասնավորապես կյանքի իրավունքը, ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, իր կառավարությունը խաղաղ եղանակով փոխելու իրավունքը՝ արձանագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, միջազգային այլ փաստաթղթերում, ինչպես նաեւ՝ Հայաստանի Սահմանադրությունում եւ օրենքներում: Նրանք նաեւ խախտեցին ժողովրդավարական հասարակություններում ընդունված այն սկզբունքը, թե բանակը պիտի չեզոքություն պահպանի ներքին քաղաքական հարցերում:
Միջազգային հաստատությունների թողտվության, մասնավորապես՝ ՀՀ իշխանությունների հանդեպ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անգործության եւ անհարկի հանդուրժողականության պատճառով իշխող ռեժիմին մինչ այժմ հաջողվել է թաքցնել այս հանցագործությունը եւ խուսափել որեւէ պատասխանատվությունից: ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները պատշաճ ձեւով չեն արձագանքել նույնիսկ այնպիսի աղաղակող փաստերի, ինչպիսիք են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հրամանագիրը «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված թիվ 0038 հակասահմանադրական հրամանը:
Միայն վերջերս այս հարցը վերջապես արծարծվեց ԵԽԽՎ-ում՝ որպես շարժում հօգուտ «Հայաստանում 2008-ի մարտին տեղի ունեցած դեպքերին բանակի ներգրավման վերաբերյալ» բանաձեւի նախագծի, որում գնահատված է, թե այս գործողությունը «հստակորեն կրում է պետական հեղաշրջման բնորոշիչները» (12157 փաստաթուղթ, որը ներկայացված է պարոն Լինդբլադի եւ այլոց կողմից):
Մենք ամբողջապես աջակցում ենք այս նախաձեռնությանը եւ պահանջում ԵԽԽՎ-ից՝ առանց հետագա ձգձգումների, հրատապ քննարկման ընթացակարգով քննարկել Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության խնդիրը, մասնավորապես՝ Հայաստանի իշխանությունների կողմից բանակի հակասահմանադրական օգտագործման հարցը, ինչպես նաեւ նշանակել հատուկ զեկուցող՝ այս հարցի քննության համար»:
Մեր կողմից հավելենք, որ մարտի 12-ին Փարիզում գումարված մշտական կոմիտեի նիստի համար աշխատանքային փաստաթղթերի մեջ ԵԽԽՎ կայքէջում նշված էր նաեւ այդ 12157 փաստաթուղթը՝ «Հայաստանում 2008-ի մարտի դեպքերին բանակի ներգրավվածության վերաբերյալ», որը շրջանառության մեջ է դրել Զարուհի Փոստանջյանը, սակայն ինչպես եւ անում է սովորաբար՝ մարտավարական նպատակներով, առաջինը ստորագրել էր տվել այլ պատվիրակի, տվյալ դեպքում՝ շվեդ պատվիրակ Գյորան Լինդբլադին: Մշտական կոմիտեի որոշումներն արդեն հրապարակվել են, եւ հայտնի է, թե որոնք են այն զեկույցները, որոնք քննարկվելու են ԵԽԽՎ առաջիկա լիագումար նստաշրջանում՝ ապրիլի 26-30-ը: 12157 փաստաթուղթն այդ շարքում չէ: