Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել

Մարտ 17,2010 00:00

Այսպես մեկնաբանեց իր երկու նախարարների փոփոխությունը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելու ՕԵԿ-ական երկու նախարարների փոփոխության անհրաժեշտությունը: Կուսակցության ղեկավարը երեկ ասաց, որ նախարարների ետ կանչելը պայմանավորված էր հետեւյալով. «Կուսակցությունում մեկնարկել է ներկուսակցական, քաղաքական բարեփոխումների մի լուրջ գործընթաց: Սա լրագրողների համար նորություն չէ, որովհետեւ այդ մասին ես խոսել եմ իմ վերջին մի քանի հարցազրույցներում: ՕԵԿ-ի ներսում մենք ունենք քաղաքական, կազմակերպչական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտություն: Բարեփոխումները նշանակում են, որ կուսակցության ամենօրյա խնդիրներով պետք է զբաղվեն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն բավարար փորձառություն եւ անցած ճանապարհ ու նվիրում ՕԵԿ-ի եւ նրա գաղափարների նկատմամբ: ՕԵԿ-ն այսօր 110 հազար անդամ ունեցող քաղաքական կազմակերպություն է, որ ներկայացված է ողջ երկրում»: Ինչո՞ւ ՕԵԿ-ն իր նախարարներին փոխարինեց Արմեն Երիցյանով եւ Մանուկ Վարդանյանով. «Պատասխանը շատ պարզ է՝ Արմեն Երիցյանի հետ մենք երկար տարիների ընկերներ ենք, միասին պաշտպանել ենք դոկտորական ատենախոսություն, տեւական ժամանակ շատ լավ ճանաչում ենք, համատեղ գիրք ենք հրատարակել: Նույնը վերաբերում է նաեւ Մանուկ Վարդանյանին, որի հետ եւս ՕԵԿ-ը համագործակցության լուրջ պատմություն ունի, մենք 1995-ից միասին եղել ենք ԱԺ պատգամավորներ, իրար հետ շատ լավ ճանապարհ ենք անցել, համագործակցել ենք»: Պարտադրվա՞ծ էին այս նշանակումները ՕԵԿ-ին. «Սա, մեղմ ասած, անհեթեթություն է, որովհետեւ համաձայն ստորագրված քաղաքական կոալիցիոն հուշագրի՝ կոալիցիայի անդամները ներկայացնում են իրենց թեկնածուներին»։ Արդյոք Արմեն Երիցյանը եւ Մանուկ Վարդանյանը դարձե՞լ են ՕԵԿ անդամ. «ՀՀ նախագահի երեկվա հրամանագրից հետո անդամակցել են ՕԵԿ-ին, երբ մենք հավաքվել ենք մեր թիմով եւ նրանց մաղթել ենք բարի աշխատանք եւ նաեւ շնորհակալություն ենք հայտնել մեր երկու՝ արդեն նախկին նախարարներին իրենց կատարած աշխատանքի համար»: Սրանք այն հարցերն էին, որոնք հնչեցնում եւ որոնց պատասխանում էր պարոն Բաղդասարյանը: Ի դեպ, ՕԵԿ նախագահը հավանական չհամարեց արտահերթ ընտրությունները եւ ասաց, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012-ին. «Արտահերթ ընտրությունների ոչ ռեսուրս եւ ոչ էլ քաղաքական անհրաժեշտություն կա այսօր, ես դրանում համոզված եմ, ընտրությունները տեղի կունենան ժամանակին», եւ կրկնեց, որ ինքը չի պատրաստվում դնել իր թեկնածությունը հերթական նախագահական ընտրություններում. «Որովհետեւ մենք կնքել ենք ռազմավարական համագործակցության դաշինք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ անելու ենք հնարավորինը՝ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար, եւ միասին գնալու ենք առաջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել