Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ով պատասխան կտա տնտեսական անկման համար

Մարտ 17,2010 00:00

ԲՀԿ-ՀՀԿ փոխադարձ մեղադրանքներ

«Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին եւ նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության նախագահն ու վարչապետը»,- երեկ «առյուծի սիրտ» կերածի պես հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ ի պատասխան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն գնահատականների, որ նախարարը տնտեսությունից ոչինչ չի հասկանում, իր տեղում չի գտնվում:
Նախարարի այս մտքին երեկ խորհրդարանում անմիջապես հակադարձեց ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ «Ներսես Երիցյանը շատ երկար ճանապարհ ունի անցնելու Գագիկ Ծառուկյանին խորհուրդներ տալու իրավունքը վաստակելու համար: Ուստի երկար-բարակ խորհուրդներ տալու փոխարեն, ինչը Երիցյանի սիրած ոճն է, Երիցյանին խորհուրդ կտայի անել շատ կարճ մի գործողություն՝ վերցնել թուղթ ու գրիչ եւ հրաժարականի դիմում գրել, այն դեպքում, երբ երկրում արձանագրվում է տարվա կտրվածքով 14 տոկոս տնտեսական անկում»,- «Ա1+»-ին երեկ ասել է տիկին Զոհրաբյանը: Սակայն այսքանով ասելիքը չի ավարտել, պատգամավորը նաեւ հավելել է. «Ես կուզենայի լսել հանրապետության վարչապետի գնահատականը Երիցյանի գործունեության ՕԳԳ-ի մասին, եւ ընդհանրապես՝ ինչքանո՞վ է ընդունելի նման տիպի գործչի ներկայությունը կառավարությունում, որը բացի խոհափիլիսոփայական ելույթներից եւ դաստիարակչական բնույթի ճամարտակություններից, ավելի օգտակար գործով չի զբաղվում»: Թեպետ տիկին Զոհրաբյանը կարծիք էր հայտնել, որ այս ամբողջ աղմուկը չի վերածվի ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության, սակայն ասվածին իր հերթին արագ արձագանքեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը. «Տիկին Զոհրաբյանին կհորդորեի չանցնել կոռեկտության եւ էթիկայի սահմանները եւ ոտքերը մեկնել իր վերմակի չափով: Միշտ չէ, որ հասարակության համար ընդունելի են ականջահաճո հայտարարությունները»:
Գագիկ Ծառուկյանին երեկ հակադարձել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նորանշանակ օեկական նախարարներին ներկայացնելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետն ասել է. «Բոլոր նախարարություններում էլ կան թերություններ եւ բացթողումներ, եւ դրանք վերաբերում են ոչ միայն էկոնոմիկայի նախարարությանը»։ Ըստ վարչապետի, վերահսկողական ծառայության ուսումնասիրություններին ծանոթանալով՝ կարելի է տեսնել թերություններ եւ բացթողումներ բոլոր նախարարություններում. «Մենք այսօր չպետք է զբաղվենք փոխադարձ մեղադրանքներով, այլ մեր ուժը պետք է լինի մեր միասնությունը, եթե այս կամ այն նախարարությունում կան թերություններ կամ բացթողումներ, մեր կոալիցիոն գործընկերները պետք է օգնեն շտկել դրանք։ Մենք չպետք է խախտենք էթիկայի կանոնները»,- ասել է վարչապետը: Նաեւ նշել է, որ ինքը չի ցանկանում տարբերություն դնել կուսակցությունների միջեւ եւ ասել, որ այս կուսակցության նախարարը լավ է աշխատել, իսկ մյուսինը՝ վատ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել