Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԱՌԱՋԱՐԿԵՑ

Մարտ 17,2010 00:00

\"\"Մասնավորապես առաջարկվում է նշանակել վերահսկող հատուկ դատախազ՝ ընդդիմության առաջադրմամբ, եւ ավելացնել պետբյուջեից կուսակցություններին տրամադրվող ֆինանսավորումը:

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ երեկոյան ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին է ուղարկել «Ժառանգության» 3 էջանոց առաջարկները մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումների իրականացման եւ կատարվելիք օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մոնիտորինգի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում 7-րդը Հայաստանում վերջին զարգացումների եւ ընթացիկ բարեփոխումների մասին տեսակետների փոխանակումն է: Եվ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները նախօրոք էին հայտնել, թե ակնկալում են, որ այս նիստում կտրամադրվի հստակ ժամանակացույց «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումների իրականացման վերաբերյալ:
Իր տեղեկատվական գրության մեջ «Ժառանգությունը» կոչ է անում բարեփոխումներ իրականացնել եւ միջազգային մոնիտորինգ ապահովել հետեւյալ ոլորտներում:
Նախ՝ ինչպես եւ ՀԱԿ-ի ժամանակացույցում է, «Ժառանգությունն» էլ է առաջարկում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, «որոնք բանտում են իրենց քաղաքական գործունեության ու հայացքների պատճառով եւ ապօրինի որոշումների հետեւանքով»: Երկրորդ առաջարկն է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի անհապաղ բացահայտումը եւ այն բոլոր պաշտոնյաներին ու անձանց պատժի ենթարկելը, որոնք հանցագործություններ են կատարել, զոհերի պատճառ դարձել: «Ժառանգությունն» առաջարկում է անհապաղ նշանակել ԵԽԽՎ հատուկ զեկուցող՝ մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ փաստերի համակողմանի, անկախ եւ անկողմնակալ քննության համար: Հիշեցնենք, որ նման նախաձեռնություն Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ էր դրել դեռ 2009 թվականի հունիսի 24-ին, սակայն այդ փաստաթղթին միացել էին ԵԽԽՎ միայն 11 պատվիրակներ:
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին ուղղված այս գրությամբ «Ժառանգությունը» նաեւ առաջարկում է անհապաղ նշանակել ԵԽԽՎ հատուկ զեկուցող մարտի 1-ի դեպքերին բանակի ներգրավվածության խնդիրը հետաքննելու համար: Համանման նախաձեռնություն ներկայացվել է 2010-ի փետրվարի 3-ին, եւ այս փաստաթղթին միացել են արդեն 20 պատվիրակներ:
«Հավաքների ազատություն» ենթաբաժնում «Ժառանգության» առաջարկները 6-ն են: Մասնավորապես առաջարկվում է վերանայել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը եւ ուժը կորցրած ճանաչել 2008-ին արված այն փոփոխությունը, ըստ որի՝ հրապարակային միջոցառումներն արգելվում են՝ «եթե առկա են հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումն ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք» կամ «կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների»: «Ժառանգությունն» առաջարկում է դադարեցնել Երեւանի կենտրոնում հանրահավաքների եւ երթերի արգելումը, զանգվածային միջոցառումների ընթացքում տեղաշարժի ազատության սահմանափակումները եւ մարզերից Երեւան հասարակական փոխադրամիջոցների աշխատանքի արգելափակումը: Մեկ այլ առաջարկ՝ դադարեցնել դահլիճային պայմաններում քաղաքական եւ հասարակական միջոցառումների համար խոչընդոտների հարուցումը:
«Քրեակատարողական համակարգի փոփոխություններ» ենթաբաժնում առաջարկները 8-ն են: Առաջարկվում է արդյունավետ դարձնել կալանավորների վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի աշխատանքը՝ այդ հանձնաժողովի կազմի վերանայման միջոցով: «Ժառանգության» այլ առաջարկներից են՝ պատիժների այլընտրանքային միջոցներ կիրառելը, բժշկական անձնակազմից պահանջելը, որ արձանագրվեն բոլոր վնասվածքները՝ հատուկ միջոցների կիրառումից հետո, ՔԿՀ-ների վարչակազմին զգուշացնելը, որ ճնշում չկիրառեն այն բանտարկյալների նկատմամբ, ովքեր բողոքներ են ներկայացրել, նաեւ՝ «Վերահսկողական նպատակներով՝ հատուկ դատախազի ինստիտուտի ձեւավորում, որը կառաջադրվի խորհրդարանական ընդդիմության կողմից»:
«Ոստիկանության եւ ռազմական համակարգում փոփոխություններ» ենթաբաժնի 9 առաջարկներից են՝ ոստիկանների համար կազմակերպել սեմինարներ, որոնց ընթացքում նրանց տեղեկացնել հավաքների ազատության սկզբունքի եւ անվտանգության համաչափ միջոցների կիրառման մասին: «Ժառանգությունը» նաեւ առաջարկում է, որ օրենսդրորեն հստակ սահմանվեն ոստիկանական այն հատուկ միջոցները, որոնք կարող են կիրառվել քաղաքացիների նկատմամբ: «Հայաստանի Սահմանադրության համապատասխան՝ բացառել զինված ուժերի միջամտությունը ներքին գործերին, համապատասխան որոշակի նորմեր արձանագրել օրենքներում»,- առաջարկում է ընդդիմադիր խմբակցությունը:
«ԶԼՄ-ների բարեփոխումներ» ենթաբաժնի 4 առաջարկներից է՝ քաղաքացիական հասարակության եւ փորձագետների մասնակցությամբ անցկացնել հանրային քննարկումներ՝ թվայնացման գործընթացը միջազգային չափանիշներին եւ հանրության կարիքներին համապատասխանեցնելու նպատակով: «Ժառանգությունը» նաեւ առաջարկում է երաշխավորել եթերի հասանելիությունը ընդդիմադիր ուժերի համար, անհապաղ վերականգնել «Ա1+»-ի եւ «Նոյյան տապան»-ի խախտված իրավունքները: Նաեւ առաջարկում է անհապաղ հետաձգել կոալիցիայի պատգամավորների այն օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքում արվելիք փոփոխություններին: Նշենք, որ ԱԺ-ն երեկ արդեն սկսել է քննարկել վիրավորանքի եւ զրպարտության մասին այդ նախաձեռնությունը:
«Արդարադատության բարեփոխում» ենթաբաժնի 3 առաջարկները վերաբերում են այդ համակարգն իրոք անկախ դարձնելուն, եւ «հեռախոսային» կամ այլ միջամտություններից զերծ պահելուն: Մասնավորապես առաջարկվում են փոփոխություններ ՔԴՕ-ում եւ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում՝ կանխելու համար դատախազության կողմից փաստացի քրեական հետաքննություն իրականացնելու գործառույթները:
«Ընտրական օրենսգրքի» եւ կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումներ» ենթաբաժնի 6 առաջարկները եւս շատ որոշակի են: Մասնավորապես՝ առաջարկվում է ուրիշի փոխարեն քվեարկությունը բացառելու համար ապահովել ընտրողների գրանցամատյանի թափանցիկությունը, ապահովել լիովին համամասնական ընտրական համակարգի անցումը, խորհրդարանական կուսակցություններին իրավունք վերապահել հետ կանչել իրենց ներկայացուցիչներին ընտրական բոլոր հանձնաժողովներից. «ԿԸՀ-ում ձեւավորել հատուկ մարմին՝ իշխանական եւ ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունների հավասար ներկայացվածությամբ, որը կհետեւի նախընտրական արշավների եւ ծախսերի համապատասխանությանը «Ընտրական օրենսգրքին»:
Նաեւ առաջարկվում է «Կուսակցությունների մասին» օրենքում 6 ամսվա ընթացքում անել փոփոխություն, որով կավելացվի պետբյուջեից ֆինանսավորումը՝ նշելով, թե կուսակցությունների ներկա ֆինանսավորումը «բացարձակ անբավարար» է: Մինչդեռ կուսակցություններին արգելված է արտերկրից նվիրատվություն ստանալը, իսկ տեղացի գործարարները հետապնդվում են ընդդիմադիր կուսակցություններին ֆինանսավորելու համար, «ինչպես դա եղավ Սուքիասյանների ընտանիքի դեպքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել