Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Մարտ 17,2010 00:00

\"\"Երեկ այն հանձնվեց Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը

Այսօր Փարիզում տեղի է ունենալու ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ ներկայացվելու է ՀՀ իշխանությունների կողմից «Մարտի 1-2»-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում ՀՀ իշխանություններին ներկայացրած եւ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հստակ ժամանակացույցը:
Երեկ էլ ՀԱԿ-ը Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ բարեփոխումների իր առաջարկներն ու դրանց կատարման ժամանակացույցը, նաեւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ուղղած նամակը Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը փոխանցեց եւ դա արեց ինքնատիպ ձեւով՝ բազմահազարանոց երթով, որը գլխավորում էին Կոնգրեսի առաջնորդները: Երթը մեկնարկեց Մարտիրոս Սարյանի արձանի մոտից եւ անցավ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով ու ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Կոնգրեսի պատրաստած փաստաթուղթը ՀՀ-ում ԵԽ գրասենյակին փոխանցեց ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:
Իսկ ԵԽ գլխավոր քարտուղարին ուղղված իր նամակում Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունել է այն փաստը, որ ԵԽ-ն «շարունակում է հետեւել Հայաստանում տիրող իրավիճակին, հետեւողական է Վեհաժողովի բանաձեւերի կատարմանը», եւ հավելել, թե՝ ընդդիմությունը հույս է հայտնում, որ Յագլանդը ի պաշտոնե կօգտագործի իրեն ընձեռված հնարավորություններն ու իր անձնական ազդեցությունը՝ ապահովելու, որպեսզի Կոնգրեսի առաջարկները քննարկվեն ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում: Ինչ վերաբերում է Կոնգրեսի առաջարկներին, ապա դրանք, փաստաթղթի համաձայն, «կոչված են Հայաստանում 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները կեղծելու եւ դրան հաջորդած մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում 10 անմեղ մարդու մահվան հետեւանքով առաջացած քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը»: «Այն բարեփոխումները, որոնք մենք ենք առաջարկում, արտացոլված են նաեւ ԵԽԽՎ արդեն ընդունված մի շարք բանաձեւերում, եւ մեր առաջարկները պետք է իրականացվեն նախագահական ընտրություններից եւ «Մարտի 1»-ից հետո ԵԽԽՎ այդ բանաձեւերում արված առաջարկներին զուգահեռ: Դրանք այն բարեփոխումներն են, որոնց իրականացումը մենք իրատեսական ենք համարում, եւ եթե ՀՀ իշխանությունները համարում են, որ դա այդպես չէ, կարող են ներկայացնել այլընտրանքային ժամանակացույց, բայց միաժամանակ բացատրելով, թե ինչո՞ւ մեր ժամանակացույցն ու առաջարկները չեն կարող կատարվել այն ժամկետներում, որոնք մենք ենք նշում»,- ասված է Կոնգրեսի ներկայացրած փաստաթղթում: Առաջարկները 7 կետից են բաղկացած, եւ բոլորն էլ բխում են ԵԽԽՎ 1609 եւ 1677 բանաձեւերում եղած պահանջներից: Նախ՝ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Երկրորդ՝ ստեղծել «Մարտի 1»-ի դեպքերը հետաքննող անկախ հանձնաժողով, «քանի որ այդ դեպքերի՝ վստահություն ներշնչող եւ անկողմնակալ հետաքննությունը երկրում քաղաքական իրավիճակի նորմալացման համար ամենակարեւոր պայմանն է»: «Մենք կարծում ենք, որ մեկ ամիսը ավելի քան բավարար է նման որոշում ընդունելուց հետո անկախ հանձնաժողով ստեղծելու համար: Եթե իշխանություններն ուզում են հետաքննել այդ դեպքերը, նրանք կարող են համաձայնել այդպիսի մարմին ձեւավորել անմիջապես, եւ խումբը իր աշխատանքները կարող է սկսել արդեն ապրիլի վերջին»,- ասված է ՀԱԿ-ի առաջարկած փաստաթղթում: Երրորդ՝ վերացնել «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը եթեր վերադարձնելու դեմ հարուցված արհեստական խոչընդոտները: Կոնգրեսը այդ նպատակով նոր մրցույթ անցկացնելու համար ժամանակ է սահմանել մինչեւ այս տարվա մայիսը: Չորրորդ՝ բարեփոխել ընտրական համակարգը: ՀԱԿ-ը դրա համար ժամկետ է սահմանել մինչեւ 2010թ. մայիսի վերջը:
Հինգերորդ՝ ապահովել ժողովների ազատությունը: Ընդ որում, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում 2008թ. մարտի 1-ից հետո կատարված փոփոխությունները չեղյալ համարելու համար Կոնգրեսը առաջարկել է դա անել ոչ ուշ, քան մինչեւ մարտի վերջը:
Վեցերորդ՝ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, «քանի որ ներկայումս Հայաստանում առկա քաղաքական իշխանությունը չի արտացոլում ուժերի փաստացի հարաբերակցությունը, եւ բացի այդ՝ խորհրդարանական եւ նախագահական վերջին ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով եւ կեղծիքներով, ինչը ամրապնդված է նաեւ անկախ դիտորդական առաքելությունների փաստագրական տվյալներով», նաեւ բխում է ԵԽԽՎ 1609 բանաձեւի 6.1 կետի դրույթներից:
Կոնգրեսը առաջարկել է նոր արտահերթ ընտրություններն անցկացնել հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել