Մարտի 15-ին կլրանար Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյակը, տեղեկացնում է tert.am-ը: Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935թ.՝ Մոսկվայում։ Նրա հայրը «Մետրոպոլ» հյուրանոցի ռեստորանում շեֆ խոհարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Նախքան կյանքը կրկեսին նվիրելը՝ Ենգիբարյանը փորձել է ուժերը մի քանի ոլորտներում՝ ձկնաբուծություն, պրոֆեսիոնալ բռնցքամարտ եւ այլն։ 1955թ. Կրկեսային արվեստի պետական վարժարանում բացվում է ծաղրածուների արվեստի բաժին, եւ Ենգիբարյանը որոշում է ընդունվել այնտեղ։ Առաջին իսկ քայլերից Ենգիբարյանը արժանանում է հանրության եւ գործընկերների ամենահակասական արձագանքներին։ Գործընկերները խորհուրդ են տալիս նրան հրաժարվել «մտածող ծաղրածուի» կերպարից։
Իր մասին Լեոնիդ Ենգիբարյանը գրում էր. «Սիրում եմ ծովը, աշունը… Վինսենթ Վան Գոգին։ Վախենում եմ բարեկեցությունից։ Կյանքում ինձ համար գլխավորը պատասխանատվությունն է, որը պետք է զգալ մեր շուրջը կատարվող ամեն ինչի համար»: