Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական խանգարումներ բոլորի մոտ էլ լինում են

Մարտ 16,2010 00:00

Սեռավարակների աճ՝ անգրագետ սեռական վարքագծի դրսեւորման արդյունքում

Մարմնավաճառության ամենավատ հետեւանքներից է սեռավարակների տարածումը, բայց երեւույթը հոգեբանական առումով եւս իր բացասական ազդեցությունն է ունենում:
Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուրոլոգիայի կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանն ասաց, որ Հայաստանում սեռավարակների աճի միտում է նկատվում, որը մեզ մոտ ավելի բարձր տոկոս է կազմում, քան Եվրոպայում: Ըստ մասնագետի՝ աճի պատճառը անգրագետ սեռական վարքագիծ դրսեւորելն է, իսկ Եվրոպայում, Ամերիկայում մարդիկ ե՛ւ պաշտպանվելու, ե՛ւ մնացած առումներով ավելի գրագետ են: Սեքսապաթոլոգիայի եւ ռեպրոդուկտոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանն էլ նշեց, որ մարմնավաճառության հետեւանքները միայն սեռավարակները չեն, իրականում այդ երեւույթն էլ ինչ-որ հիմք ունի. «Մարդիկ բազմակի սեռական ակտերի տրվում են նաեւ այն դեպքերում, երբ ունեն որոշակի խնդիրներ, օրինակ՝ սեռական թուլության խնդիր, ու փորձում են բազմակի սեռական ակտերով լրացնել դա, մտածում են՝ հնարավոր է մեկի հետ սեռական հարաբերությունը լավ չստացվեց, գուցե մյուսի հետ՝ ստացվի»:
Ա. Բարսեղյանի կարծիքով՝ սեռական խանգարումներ մարդիկ միշտ էլ ունեցել են, պարզապես եվրոպականացման գործընթացների հետ կապված՝ շատ բաներ նոր են «ջրի երես» դուրս եկել: Ռ. Ազատյանը հայտնեց, որ վերջին շրջանում կանանց դիմելիությունը մասնագետներին ավելացել է, նրանք սկսել են, օրինակ՝ օրգազմի կամ սեռական հարաբերության հետ կապված խնդիրների դեպքում, նաեւ զույգերով դիմել բժշկի: Սակայն այսօր էլ քիչ չեն այն մարդիկ, ովքեր նույնիսկ խնդիրներ ունենալու դեպքում մասնագետի օգնությանը չեն դիմում: Ա. Բարսեղյանն էլ հայտնեց, որ անկախ նրանից, թե հիվանդությունը որ փուլում է, պետք է դիմել, քանի որ օգնություն, ամեն դեպքում, կլինի:
Ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում սեռական դաստիարակությամբ զբաղվել: Պարզվում է՝ կոնկրետ տարիք գոյություն չունի, յուրաքանչյուր շրջանում անձի ինտելեկտին համապատասխան տեղեկատվություն պետք է տրվի: Բժիշկ-սեքսապաթոլոգի խոսքով՝ «Սեռական դաստիարակությունը ինչ-որ ուսմունք չէ սեքսի մասին, այլ սեռը ճանաչելն է, սեռին բնորոշ հատկանիշներ ընդունելը»:
Ինչ վերաբերում է հոմոսեքսուալիզմին, Ա. Բարսեղյանը նշեց, որ այդ երեւույթը միշտ էլ եղել է, նա նշեց, որ իրենց մոտ նման խնդիրներով մեծ տարիքի դիմողներ գալիս են, բայց փոխվելու միտք չեն ունենում: Բժիշկը հիշեց նաեւ պրակտիկայում հանդիպած մի դեպք, երբ դիմել էր 20 տարեկան երիտասարդը, որին 14 տարեկանից կոպիտ ձեւով սխալ ուղու վրա են կանգնեցրել ու տղան ուզում էր փոխվել: Ռ. Ազատյանը փոխանցեց, որ հոմոսեքսուալիստներն ունենում են նույն խնդիրները, ինչ հետերոսեքսուալները, ասենք՝ էրեկցիայի, սերմնաժայթքման հետ կապված: Բժիշկ-սեքսոլոգն ասաց, որ իրենց հայ կանայք են դիմում, բայց ոչ կողմնորոշումը փոխելու, այլ՝ օրինակ, օրգազմ ունենալու համար: Շատ դեպքերում բանտերում մեկուսացված լինելով, մարդիկ ապրում են ոչ նորմալ սեռական կյանքով, շեղվում են: Ա. Բարսեղյանը նշեց, որ բանտից դուրս գալուց հետո մարդիկ սովորաբար կարողանում են նորմալ կերպով ապրել, եթե իրենք ցանկանում են: Նա նշեց նաեւ, որ հոմոսեքսուալիստների մոտ սեռավարակներով վարակվելու վտանգն ավելի մեծ է, լեսբուհիների մոտ՝ ոչ այնքան, քանի որ «խորը ներթափանցում կարող է չլինել, այլ եզրափակվել քնքշանքներով: Բայց հոմոսեքսուալիստների մոտ նույնիսկ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակվածության աստիճանն է մեծ: Նրանց սեքսը անատոմիական տեսակետից այնքան էլ բնական չէ»:
Ռ. Ազատյանն էլ ավելացրեց, որ բացի սեռավարակներից, հոմոսեքսուալիստների մոտ սեռական էրեկցիայի հետ կապված խնդիրներն ավելի շատ են. «Հոմոսեքսուալիստների մոտ սեռական թուլությունն ավելի շատ է լինում, որովհետեւ կա մի տեսություն, որ դրանից դրդված են նրանք դառնում այդպիսին: Ամեն դեպքում իրենք ունենում են նույն սեռական խանգարումները, ինչ հետերոսեքսուալիստները»:
Ա. Բարսեղյանը կարծում է, որ հայ իրականության մեջ լեսբուհիներին ավելի մեղմ են ընդունում, քան հոմոսեքսուալիստներին: Բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննան էլ պատճառը բացատրեց հետեւյալով, որ լեսբուհին կարող է բիսեքսուալ կապի մեջ մտնել, նաեւ երեխա ունենալ, իսկ երբ տղամարդն է ունենում հոմոսեքսուալ մղումներ, հասարակության աչքում դադարում է լինել ընտանիքի հայր, տղամարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել