Օրերս «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը Թեքեյան մշակութային կենտրոնում մեծարման հանդիսույթ էր կազմակերպել: Ծնունդով լոռեցիներ՝ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին եւ պատմաբան Վարշամ Ավետյանին հանձնվեցին «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ», իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանին ու ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանին` «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչումները:
Ճանաչված վիրաբույժ, Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկայի հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արտավազդ Սահակյանը 25 տարի առաջ ճիշտ այս օրերին Հայաստանում իրականացրել է առաջին փոխպատվաստումը: Վիրաբույժին պատվելու էին եկել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, երգչուհի Նունե Եսայանը եւ այլք: Վիրաբույժը նշեց. «Մասնագիտության բերումով ինձ միշտ թվում էր, թե երիտասարդ եմ, քանի որ միշտ երիտասարդներով եմ շրջապատված, լուրը ընկալեցի ե՛ւ հպարտությամբ, ե՛ւ տխրությամբ, որ արդեն այնքան էլ երիտասարդ չեմ»:
Պատմական գիտությունների թեկնածու Վարշամ Ավետյանն արժեքավոր բազմաթիվ հնագիտական աշխատանքների հեղինակ է: Նա հայտնաբերել է 51 հնագիտական հուշարձան՝ Սեւանի ավազանում, Լոռիում, Սյունիքում եւ այլուր: Փորձել է նաեւ տալ Խ. Աբովյանի ծննդյան թվականի, սպանության ու թաղման վայրի մանրամասների բացատրությունը, զբաղվում է նաեւ Թեղուտի հիմնախնդրով:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը կոչումների արժանացած մարդկանց մասին նշեց. «Նրանք միշտ կապված են եղել հայրենի եզերքի հետ, նպաստել են, որ ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ նրա սահմաններից դուրս Լոռու անունը միշտ հնչի»: