Չնայած դրան՝ այս ոլորտում մրցումներ են անցկացվում, ու հաշմանդամ մարզիկները չեմպիոններ են դառնում
Օրերս Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան Ծաղկաձորում անցկացրեց լեռնադահուկային սպորտի եւ լողի մրցումներ։ Լեռնադահուկային սպորտի մրցումներին մասնացում էր ֆեդերացիայի՝ հաշմանդամություն ունեցող տասներեք մարզիկ: Նրանք մրցում էին երկու խմբերում. առաջինում ընդգրկված էին տեսողության հետ խնդիրներ ունեցող հինգ, իսկ երկրորդում՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող ութ մարզիկներ։ Առաջին խմբում հաղթող ճանաչվեց Գյումրիից ժամանած 31-ամյա Վլադիսլավ Գրիգորյանը, որն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ ընդամենը 3 շաբաթ է լեռնադահուկային սպորտ պարապել. «Կարելի է ասել, որ այդ ընթացքում մի 15-20 անգամ լեռան վրայով սահել եմ։ Հետո ինձ կանչեցին մասնակցելու առաջնությանը: Դե, երեւի տեսել էին, որ լավ եմ քշում ու դրա համար էին կանչել»։ Նա ասում է, որ այնքան էլ հեշտ չի եղել մրցակիցներին հաղթել ու ինքն էլ չի մտածել, որ առաջին տեղ կգրավի. «Առաջին անգամ լավ իջա, իսկ երկրորդ անգամ թափս ուժեղ էր ու շատ արագ էի իջնում: Ճանապարհին երկաթե արգելքներ կային, որոնց միջով պետք է անցնեի: Սակայն մի թեթեւ դիպա դրանց ու հնարավոր էր դուրս մնայի մրցումից: Բարեբախտաբար, դրանից հետո էլ առաջին տեղ գրավեցի, չնայած արդեն հույսս կորցրել էի, թե մրցանակային տեղ եմ գրավելու»։ Նա մրցուղին անցել է 47.97 վայրկյանում:
Նշենք, որ կույր կամ թույլ տեսողությամբ մարզիկների արդյունքները հաշվարկելիս լեռնադահուկային սպորտի մրցույթի մրցավարները կիրառել են միջազգային չափանիշներով նախատեսված գործակիցների մեթոդը, ինչը թույլ է տալիս հավասարեցնել մրցումային պայմանները։ Երկու խմբում ընդգրկված մարզիկներն էլ հսկայական ոլորավայրէջքը հաղթահարում էին (1200 մետր)։
Այս մարզաձեւի երկրորդ խմբում ընդգրկվածներից առաջին տեղ գրավեց իջեւանցի 14-ամյա Գեւորգ Շահվերդյանը՝ արձանագրելով 41.30 վայրկյան: Նրա խոսքերով, ինքն առաջին անգամ դահուկ է քշել 2007 թվականին եւ այդ ժամանակից ի վեր պարբերաբար մասնակցում է ֆեդերացիայի կազմակերպած ուսումնամարզական հավաքներին ու մրցումներին, սակայն առաջին անգամ է, որ ամենաբարձր հորիզոնականն է զբաղեցնում։ Նրա ներկայացմամբ՝ եղել է, որ 3-րդ տեղ էլ է գրավել։ Նա ձեռքի եւ ոտքի շարժունակության հետ կապված խնդիր ունի։ Հարցին, թե մրցուղին անցնելիս հատկապես ո՞ր հատվածում է դժվարությունների հանդիպել, պատասխանեց. «Շրջադարձերի պահը դժվար էր, չնայած դրան, մենք ամեն օր գնում էին պարապելու»։ Ի դեպ, նախքան մրցումները, ֆեդերացիան կրկին Ծաղկաձորում կազմակերպել էր լեռնադահուկային սպորտի ուսումնամարզական հավաք, որի ժամանակ էլ մասնակիցները մարզվել ու փորձարկել էին մրցուղին։ Մրցմանը եւ ուսումնամարզական հավաքին աջակցել է Ծաղկաձորի ճոպանուղու տնօրինությունը:
Լողի որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցեց երեւանաբնակ 14-ամյա Մարգարիտա Հովակիմյանը։ Նրա ներկայացմամբ՝ ինքն այս մեկնարկին երկար էր պատրաստվել՝ նաեւ Ծաղկաձորում անցկացված լողի ուսումնամարզական հավաքի հնգօրյա պարապմունքներում. «Շատ դժվար էր, շատ էի լողում մարզումային թաթիկներով, որոնք միայն ինձ էին հասու լինում: Չնայած դրան, չէի սպասում, որ մարզական 1-ին կարգ կլրացնեմ։ Երեխաներն ասում էին, որ հաստատ կհաղթեմ, բայց չէի հավատում: Մարզիչս էլ էր ասում, որ հավակնում եմ առաջին տեղին։ Այս մրցմանը ես առաջին անգամ 50 մետրում երեք անգամ տեղավորվել եմ 57 վայրկյանում։ Հիմա, ճիշտն ասած, ինչքան էլ անսպասելի էր, արդեն հավատում եմ, որ հասել եմ այդ արդյունքին, որովհետեւ դա անհնարին չէր ինձ համար, քանի որ ինձ վրա շատ էի աշխատում»։
Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանի ներկայացմամբ էլ, այս տարվա ընթացքում իրենք մեծ պլաններ ունեն. «Բազմաթիվ ուսումնամարզական հավաքներ ու մրցումներ դեռ ունենք, որոնց, առանց տարիքային սահմանափակման, կարող են մասնակցել հաշմանդամություն ունեցող բոլոր մարզիկները։ Մեր նպատակն է՝ այս ձեւով մասսայականացնել հաշմանդամային սպորտաձեւերը։ Մենք որպես չափորոշիչներ վերցնում ենք պարաօլիմպիկ խաղերի ծրագրում ընդգրկվածները, բացի այդ, հաշվի ենք առնում մեր հարեւան երկրների փորձը, օրինակ՝ Ռուսաստանինը, որը պարաօլիմպիկ խաղերի բազմաթիվ մեդալակիրներ ունի»։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ իրենց մարզիկները չեն մասնակցում այս տարվա պարաօլիմպիկ խաղերին, նա պատասխանեց. «Մենք չենք շտապում, չենք ցանկանում միայն մասնակցել, ուզում ենք նաեւ մրցանակակիրներ ու հաղթողներ ունենալ, իսկ հիմա այդպիսի մարզիկներ, հաշմանդամային սպորտում աստղեր՝ առայժմ չունենք, քանի որ հաշմանդամային սպորտը Հայաստանում մասսայական չէ, եւ այս ոլորտում աշխուժությունը քիչ է։ Այս պահին միջազգային մրցումներին մասնակցելը կարեւոր չեմ համարում: Ավելի ճիշտ ու օգտակար է երկրի ներսում հաշմանդամային սպորտը զարգացնել, մասսայականացնել։ Մտահոգողն այն է, որ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան չունի անգամ պետական աջակցություն»։