Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ համեմատել բեմադրությունները»

Մարտ 16,2010 00:00

Ըստ ճանաչված դիրիժոր Էդուարդ Դյադյուրայի՝ անկախ ժամանակաշրջանից,
նույն բեմադրությունը համարվում է ժամանակակից:

\"\"
Է. Դյադյուրան եւ Մ. Դեինյանը՝ ներկայացումից հետո:

Երեւանի ազգային օպերային թատրոնում 2000թ.  գարնանը հանրահայտ տենոր եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան տարաբնույթ կարծիքների առիթ տվեց: Սակայն, անկախ քննադատական հոդվածներից, «Տրավիատան» «հանգրվանեց» թատրոնի խաղացանկում: Օրերս հիշյալ օպերան ղեկավարեց ուկրաինացի դիրիժոր Էդուարդ Դյադյուրան: Մենք ունենք նախադեպ, երբ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, այս դեպքում՝ Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, հայտարարում է, թե ինքը օպերային գրականության սիրահար է, առանց որի չի պատկերացնում իր ստեղծագործական գործունեությունը: Նույն «իմիջով» «Առավոտին» ներկայացավ Է. Դյադյուրան: Նա նույնիսկ հիշեց Մոսկվայի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում 21-րդ դարի սկզբներին ղեկավարած Կ. Օրֆի «Կարմինա Բուրանայի», Վերդիի «Ռեքվիեմի» եւ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի սեփական մեկնաբանությունները, փաստելով, որ հիշյալ  ստեղծագործությունները պահանջում են շուրջ 300 կատարող: Նրա խոսքով՝ կան սիմֆոնիկ մեծակտավ ստեղծագործություններ, որոնք համազոր են օպերային ներկայացմանը:
Հրավիրյալ դիրիժորը, որի կարիերան սկսվել է 1992թ., ինչպես ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ արտերկրում բազմիցս ներկայացել է որպես խորմայստեր եւ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր եւ, ինչպես ինքը նշեց՝ չէր կարող չկանգնել օպերային թատրոնի ղեկավարման վահանակի առաջ: Տեղեկացրեց, որ տարբեր թատրոններում ղեկավարել է Վերդիի «Նաբուկոն», «Աիդան», «Տրավիատան», Բիզեի «Կարմենը», Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» եւ «Կախարդական սրինգը» եւ այլն:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տպավորություն թողեց «Տրավիատայի» այս բեմադրությունը եւ ընդհանրապես ի՞նչ կարծիքի է Երեւանի օպերային թատրոնի մասին. «Չեմ ընդունում ու ճիշտ չեմ համարում, երբ համեմատում են տարբեր բեմադրիչների նույնանուն ստեղծագործությունը, մոռանալով, որ, օրինակ,  «Տրավիատայի» 1853թ. Վենետիկի պրեմիերայից դարեր են անցել եւ հետագա յուրաքանչյուր առաջնախաղից հետո էլ գրաքննադատները միշտ օգտագործել են «ժամանակակից մեկնաբանություն» արտահայտությունը: Հայկական «Տրավիատան», բնականաբար, չեմ համեմատի ոչ մի բեմադրության հետ, միայն կուզեմ նշել, որ այն ինքնատիպ էր»: Դիրիժորը հիացած էր օպերային թատրոնի երգչախմբով (ղեկավար՝ Կարեն Սարգսյան) եւ հատկապես առանձնացրեց միջազգային մրցույթների դափնեկիր, Վիոլետայի դերերգով հանդես եկող Մարինե Դեինյանին. «Միայն ներկայացման օրն իմացա, որ Մարինան առողջական լուրջ խնդիրներ է հաղթահարել, մասնագետները անգամ նրան արգելել են բեմ բարձրանալ… Բրավո, սիրում եմ ոչ միայն արտաքնապես ու տեմբրով հաճելի, այլեւ ուժեղ կանանց: Ինձ հիացրին նաեւ Առնոլդ Քոչարյանը (Ժերմոն), Հովհաննես Այվազյանը (Ալֆրեդո)… Տեսնում եք, այնքան տարված եմ օպերային արվեստով, որ առաջինը չնշեցի նվագախմբին (կոնցերտմայստեր՝ Գայանե Աբրահամյան): Հիացած եմ նաեւ միայն հայազգի երաժիշտներից կազմված ձեր թատրոնի նվագախմբով»: Է. Դյադյուրան չմոռացավ զրույցի վերջում շնորհակալություն հայտնել նաեւ հանդիսատեսին՝ բնորոշելով որպես պատրաստված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել