Հավակնություններն ու տաղանդը միշտ չէ, որ ուղիղ համեմատական են
Մարտի 12-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Արմեն Մազմանյանի բեմադրած «Յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացման պրեմիերան՝ ըստ Տոնինո Գուերայի «Մեղրը» պոեմի: Ավելի վաղ Մազմանյանը «Արմինֆոյին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե Գուերան շատ է պնդել, որ ինքն այդ գործը բեմադրի ու ասել է. «Բաստա: Դու պետք է բեմադրես իմ «Մեղրը», հակառակ դեպքում դա կանի Լյուբիմովը կամ Ջորջիո Սթրելերը»: Հայ բեմադրիչն էլ չէր կարող դասականի խոսքը կոտրել, վերցրել ու բեմադրել է, իսկ թե ինչ է ստացվել, դա հարցի մյուս կողմն է: Մազմանյանական «Մեղրի» բեմադրող-նկարիչը Դավիթ Մինասյանն է, երաժշտական ձեւավորումը՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիինն ու Արթուր Մանուկյանինը, թարգմանությունը՝ Գագիկ Բաղդասարյանինն ու Արամ Մկրյանինը: Դերերում՝ Լորենց Առուշանյան, Կարեն Ջhանգիրով, Ալբերտ Սաֆարյան, Մարինե Պետրոսյան եւ այլք:
Ոչ ոք չի վիճարկում Տոնինո Գուերայի հանճարեղ լինելը, բայց այն, ինչ նա ասել է իր «Մեղրը» պոեմում, 1000 անգամ ավելի լավ ասել են ուրիշները, այդ թվում՝ Սարոյանն ու Մաթեւոսյանը: Եվ արդյո՞ք արժեր պետպատվերով բեմադրել մի գործ, ինչ է թե հեղինակը Գուերան է, Մազմանյանն էլ՝ հայաստանյան «Տոնինո Գուերա» մշակութային կազմակերպության նախագահը:
«Մենք կորցրել ենք հիանալու ունակությունը, որը թույլ էր տալիս հավատալ աշխարհի սրբությանը: Անհրաժեշտ է վերադառնալ, կրկին դառնալ բնության նվիրված ու շնորհակալ զավակներ, բնության, որի մի մասնիկն էլ ինքներս ենք… Էլ չեմ ասում, թե պետք է ձեռք բերել քնքշություն, սակայն մենք պարտավոր ենք կանգնեցնելու մոլորակի դեմ ուղղված այս չարիքը»,- «Մեղրի» գուերայական ողջ ասելիքը բանաձեւված է ընդամենը այս մի քանի նախադասության մեջ, եւ ամեն ինչ դրանով ավարտվում է: Ուստի պոեմից ներկայացում կորզելու ճիգերն ավելորդ էին, ասվածի վկան՝ անսեռ, անորոշ, անհասկանալի ու տաղտկալի բեմադրությունը, որը չի վաստակել իրավունքը՝ ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկ մտնելու: Պատահական չէր, որ պրեմիերան կայացավ կիսադատարկ դահլիճում, հանդիսատեսի մի մասն էլ ներկայացման կեսից լքեց դահլիճը: Արվեստում ճաշակն է ամենաբարձր չափանիշը՝ այս աքսիոմը ապացուցման կարիք չունի, իսկ մազմանյանական «Մեղրում» ամեն ինչ անճաշակ էր ու գռեհիկ: Խաղից, ռեժիսուրայից ու մնացած բաներից զատ, անհաջող էր նաեւ թարգմանությունը: Ինքս Գուերային բնագրով չեմ կարդացել, բայց գոնե ռուսերեն նույն գործն ինձ վատը չթվաց: Գուցե թարգմանիչները լավ իտալերեն գիտեն, բայց իբրեւ գրական գործի թարգմանիչ, մեղմ ասած, չեն փայլել: Օրինակ, ի՞նչ է նշանակում՝ «Այստեղ կենալ հնարավոր չէ»: Չէ՞ որ կա գրական լեզու եւ թատրոնի լեզու, ու հանդիսատեսի հետ պիտի խոսել այն լեզվով, որը չի խրտնեցնում: Եվ հետո, եթե թարգմանությունը կատարյալ չէ, գոնե բեմադրիչը պիտի մի քիչ գեղարվեստական մտածողություն ունենա:
Գուերան հայտարարված է որպես նեոռեալիստ, իսկ մազմանյանական բեմադրության մեջ հնացած ավանգարդ էր: Խոսքը վերաբերում է նաեւ նկարչական ձեւավորմանը, որը միայն առաջին տպավորությամբ էր հաջող թվում. ուշացած սյուրռեալիստական ձեւավորումն ու հնացած ավանգարդը ոչ թե օգնում, այլ խանգարում էին դերասաններին: Մասսայական տեսարաններում հանդես եկողներն էլ՝ իրենց գոռում-գոչյուններով, ասես փողոցից բռնած-խցկած լինեին բեմադրության մեջ: Վուլգար բեմադրություն էր, անասելիք՝ սկսած խոսքից, վերջացրած խաղով… Ներկայացումը պիտի վարակի, մինչդեռ Մազմանյանի «Մեղրը» ոչ մի դրական հույզ չէր փոխանցում հանդիսատեսին: Պրեմիերային ներկա էին մշակույթի նախարարն ու վարչապետը: Ի դեպ, վերջինս 25 րոպե անց անաղմուկ հեռացավ…
Անտրամաբանական էր նաեւ ներկայացման ավարտը. այդպես էլ «մութ» մնաց, թե ինչու իրար հետ կռվող երկու մարդ մեկ էլ հանկարծ երկինք համբարձվեցին: Ինչո՞ւ էին նրանք միմյանց վիրավորում՝ կնոջ ու տղամարդու սեռական օրգանների անուններով, միայն բեմադրիչին է հայտնի: Անկոնֆլիկտ ներկայացում էր, եւ երեւի կոնֆլիկտ մոգոնելու համար Ա. Մազմանյանը ապավինել էր փողոցային հայհոյանքներին: Ինչպե՞ս կարելի է նման լեզվով ներկայացում խաղալ ազգային ակադեմիական թատրոնում: «Գոյում», թերեւս, կարելի է, նրա էքսպերիմենտալ բնույթը թույլ է տալիս ինչ-ինչ էքսպերիմենտներ անել: Հավելենք, որ բեմադրության էֆեկտներն էլ էին կիսատ-պռատ… Վերեւից կախված առարկաները ենթադրում էին, որ ներկայացման հեղինակը նկատի ունի ողջ աշխարհը, բայց դրա համար միայն գլոբուսն էլ բավական էր, էլ չենք խոսում Ջորջիո Սթրելերի «Բալի այգուց» «արտագրված» գնացքի մասին:
Եթե «Մեղրի» գլխավոր հերոսներից մեկն իր բերանով չասեր, որ բանաստեղծ է, հանդիսատեսն այդպես էլ գլխի չէր ընկնի: Ամեն ինչ այնքան «հում» էր, որ չհասկացվեց, թե ի՞նչ խորհուրդ ուներ ներկայացման մեջ մեղրը. միայն Լորենց Առուշանյանի մի գդալ մեղր ուտելը ոչինչ չէր ասում: Երաժշտությունը եւս կապ չուներ բեմադրության եւ Գուերայի հետ, ուղղակի բեմադրիչն ակնկալիք ուներ հուշելու, թե իր ներկայացումը «էլիտարոտ» է: Չմոռանանք ներկայացման մեջ ցուցադրվող՝ Մերիլին Մոնրոյի հայտնի կադրի մասին (երբ բարձրանում է շրջազգեստը): Այո, այն ժամանակին հիացրել է ողջ աշխարհը, բայց արդյո՞ք փրկեց Մազմանյանի ներկայացումը: Ավարտին մի քանի վարանոտ բրավո հնչեց՝ բեմադրիչի ուսանողներն էին: Իսկ կոլեգա բեմադրիչներն ու թատրոնի հետ քիչ թե շատ կապ ունեցող մարդիկ աննկատ ծլկեցին, որ ճարահատյալ չշնորհավորեն Ա. Մազմանյանին՝ մեղմ ասած, չստացված ներկայացման համար: Ի դեպ, ասում են՝ մեծ հավակնությունները դեռ մեծ տաղանդի արտահայտություն չեն: