Օջալանը քրդերին համախմբման կոչ է արել
Իմրալ կղզում ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանը քրդերի Նովրուզ տոնի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով։ News.am-ը, վկայակոչելով «Firat» գործակալությանը, փոխանցում է, թե Օջալանը զգուշացրել է քրդերին, որ հարձակման ենթարկվելու մեծ վտանգ կա, եւ հայ ու հույն ժողովրդի օրը չընկնելու համար կոչ է արել համախմբվել։ «Անհրաժեշտ է ստեղծել քրդական ազգային կոնգրես, քրդերին սպասվող վտանգի առաջ համախմբել պաշտպանական ուժերը»,- նշել է Օջալանը եւ հիշեցրել, որ քրդական հարցի կարգավորման հետ կապված նամակ է ուղարկել թուրքական իշխանություններին եւ PKK-ին։
Աբդուլա Օջալանը անդրադարձել է նաեւ Թուրքիայի իշխող կուսակցության գործունեությանը՝ ասելով, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կանաչ թուրքական ֆաշիզմ է իրականացնում: «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը այդ ամենը ցանկանում է իրագործել իր քուրդ անդամների միջոցով»,- նշել է Աբդուլա Օջալանը։
Ի դեպ, նույն աղբյուրի մատուցմամբ, մարտի 14-ին Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Դաղլըջայի շրջանում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները գործողություններ են իրականացրել PKK-ի դեմ, որի արդյունքում զոհվել է մեկ թուրք սպա եւ վիրավորվել մեկ զինվոր։
Իսկ ահա Firat գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերը անցել են Թուրքիայի սահմանը, ներխուժել Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջան եւ ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ։ PKK-ի համառ դիմադրության հետեւանքով՝ զոհվել է 5 թուրք զինվորական, իսկ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Թուրքական ուժերը ստիպված ետ են քաշվել սահմանից այն կողմ եւ սկսել Kobra տիպի ուղղաթիռներով եւ հրետանիով գնդակոծել քրդական դիրքերը։
Իսպանիայում կալանավորվել են վրացի, ռուս եւ հայ «մաֆիոզներ»
Եվրոպական վեց երկրներում մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում կազմակերպված շուրջկալների ընթացքում ամենաքիչը 69 մարդ է կալանավորվել: BBC-ի մատուցմամբ՝ այդ մասին հայտարարել են Իսպանիայի ոստիկանության ներկայացուցիչները: Նախ հաղորդվում էր, որ կալանավորվածները ռուսական հանցավոր խմբավորումների անդամներ են, բայց ավելի ուշ հստակեցվել է, որ խոսքը հանցավոր այդ խմբավորումների հետ առնչություններ ունեցող Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիների կալանավորման մասին է:
Իսպանիայում՝ հիմնականում Բարսելոնա եւ Վալենսիա քաղաքներում, ձերբակալություններն իրականացրել են իսպանական ոստիկանության թմրանյութերի շրջանառության եւ կազմակերպված հանցավորության դեմ հատուկ ստորաբաժանումները: Կալանավորվածները մեղադրվում են դրամաշորթության, փողերի լվացման, թմրանյութերի վաճառքի, պաշտոնատար անձանց կաշառք տալու, զենք պահելու եւ մաքսանենգության մեջ: Եվս 45 մարդ կալանավորվել է Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում: Անցյալ շաբաթ Իսպանիայի իշխանությունները Ռուսաստանին են հանձնել «օրեխովյան» հանցավոր խմբավորման ենթադրյալ ղեկավար Սերգեյ Բուտորինին, որն իր պատիժն էր կրում իսպանական բանտում եւ այդ երկրից քաղաքական ապաստան էր խնդրել:
Ավելի վաղ Ռուսաստանի իշխանություններն էին որոշում կայացրել Իսպանիային հանձնել «օրենքով գող» համարվող եւ ազգությամբ վրացի Տարիել Օնիանիին՝ «Տարո» (նկարում), որի նկատմամբ դեռ 2005թ.-ին միջազգային հետախուզում էր հայտարարվել: Իսպանիայում նա մեղադրվում է անօրինական փողերի լվացման եւ հանցավոր խմբավորումներ ձեւավորելու մեջ: Նա համարվում էր Իսպանիայում «ռուսական մաֆիայի» առաջնորդներից մեկը: Հիշեցնենք, որ Օնիանին քրեական աշխարհում հայտնի է որպես քութայիսյան «գողական ընտանիքի» անդամ, որը կասկածվում է նաեւ անցյալ տարի քրեական աշխարհում հայտնի մեկ այլ հեղինակության՝ Վյաչեսլավ Իվանկովի՝ «Յապոնչիկի» սպանությունը կազմակերպելու մեջ:
Շունը 3 կարատանոց ադամանդ էր կերել
Ամերիկյան Ռոքվիլ քաղաքում ոսկեգույն ռեթռիվեր ցեղատեսակի Սոլի շունը իր կյանքում ամենաթանկ կերն է համտեսել. ոսկերիչ Ջորջա Կաուֆմանի շունը կուլ է տվել 3 կարատանոց ադամանդը, որը ոսկերիչին բերել էր նրա գործընկերը՝ գնահատման համար եւ պատահաբար գցել էր հատակին: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, շանը, որի ստամոքսում էր հայտնվել 20 հազար դոլարի արժողությամբ ադամանդը, անմիջապես տեղափոխել են անասնաբույժի մոտ, որը խորհուրդ է տվել ապավինել բնությանը եւ սպասել, որ ադամանդը տիրոջը «վերադառնա բնական ճանապարհով», որի համար անհրաժեշտ էր սպասել երեք օր: Այդ ընթացքում ոսկերիչը ակնդետ հետեւել էր շան ամեն քայլափոխին, ինչը հաճելի զբաղմունք չէր եղել:
Կաուֆմանին հաջողվել է իր թանկարժեք իրը ետ ստանալ միայն երրորդ օրը: Ադամանդը վերադարձվել էր օրինական տիրոջը, իսկ շունը ստացել էր շան կերի մի տպավորիչ չափաբաժին:
«ՊԵԴՈՖԻԼՆԵՐԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՑՐՎԵԼ Է»
Հոլանդիայում ինքնալուծարման մասին հայտարարություն է արել Եղբայրական սիրո, ազատության եւ բազմազանության կուսակցությունը, որը հանդես էր գալիս «համաձայնության տարիքը» մինչեւ 12-ը հասցնելու օգտին: Ըստ Associated press գործակալության՝ վճիռը կայացվել է այն բանի արդյունքում, որ կուսակցության ակտիվիստներին չի հաւջողվել հավաքել բավարար ձայներ՝ երկրի պառլամենտական ընտրություններին մասնակցելու համար: Նրանց անհրաժեշտ էր ընդամենը 600 ձայն, սակայն, չնայած բոլոր ջանքերին, նրանք չեն կարողացել գտնել իրենց գաղափարները կիսող 600 մարդու:
Հիշեցնենք, որ 2006-ին այս կուսակցության ստեղծումը միջազգային սկանդալների տեղիք տվեց: «Եղբայրասերների» կուսակցության ծրագրերի մեջ մտնում էր ոչ միայն «համաձայնության» տարիքը 16-ից մինչեւ 12-ը իջեցնելը, այլեւ՝ օրինականացնել զոոֆիլիան (կենդանամոլությունը), մանկական պոռնոգրաֆիան եւ ծանր թմրադեղերի օգտագործումը: Սա այս տխրահռչակ կուսակցության երկրորդ տապալումն է. 2006-ին եւս նրանց չհաջողվեց 16,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում գտնել անհրաժեշտ թվով մարդկանց, ովքեր կերաշխավորեին իրենց մասնակցությունը ընտրություններին: Երկրորդ անգամ համաքաղաքացիների կտրուկ «ոչ»-ը նրանց ստիպեց ինքնալուծարվել:
ՍԱՐԿՈԶԻԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է
Կիրակի օրը ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ «Հանուն ժողովրդական շարժման միություն» կուսակցությունը տեղական ինքնակառավարման ընտրություններում պարտություն է կրել: Այդ ընտրություններին Սարկոզիի կուսակցությունը ստացել է ընդամենը 26,5% քվե, մինչդեռ սոցիալիստները հավաքել են 30%, իսկ Ժան-Մարի լե Պենի գլխավորած աջ-ազգայնական կուսակցությունը՝ 12%: BBC-ի մատուցմամբ, ընտրություններին մասնակցության ցածր մակարդակը ռեկորդային է եղել: ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով, քվեարկությանը չի մասնակցել դրա իրավունքն ունեցողների 52,7%-ը: Մարտի 21-ին հայտնի կդառնա, թե քաղաքական ո՞ր կուսակցություններն են կառավարելու երկրի 26 տարածաշրջանները:
Սրանք վերջին ընտրություններն են, որոնք նախորդելու են 2012թ.-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Այն, որ նախագահի գլխավորած կուսակցության վարկանիշն ընկել է՝ փորձագետները միանշանակ են համարում: Նրանց դիտարկմամբ՝ այդպիսի իրավիճակի պատճառ է դարձել համաշխարհային ճգնաժամի արդյունքում Ֆրանսիայում գործազրկության մակարդակի աճը, որը հասել է 10%-ի, նաեւ այն, որ տարածաշրջանային իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում լուծել հասարակությանը հուզող հարցերն, ու ընդդիմության օգտին քվեարկելով՝ ընտրողներն ուղղակի «պատժում» են կառավարությանը:
ՕԲԱՄԱՆ ԵՎ ՆՐԱ ԽՈՍՆԱԿԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԳՐԱԶԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբաման կատարել է տանուլ տված գրազի պայմանները, որը կնքել էր Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ՝ Կանադա-ԱՄՆ հոկեյի խաղի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով France-Presse-ին: Սպիտակ տան մամուլի խոսնակ Ռոբերտ Գիբսը նշել է, որ Վաշինգտոնը Կանադայում ԱՄՆ դեսպանությանը հրահանգել է Սթիվեն Հարփերի գրասենյակ ուղարկել ոչ միայն մեկ արկղ Yuengling գարեջուր, այլեւ եւս մեկ արկղ Molson գարեջուր, որը պարտվելու դեպքում Օբամային պետք է ուղարկեր Կանադայի վարչապետը։ Իր հերթին Գիբսը կատարել էր կանադացի իր գործընկերոջ հետ այդ նույն խաղի կապակցությամբ տանուլ տված գրազի պայմանը եւ երեկվա ճեպազրույցին ներկայացել է կանադայի հոկեյի հավաքականի մարզաշապիկով։ Քիչ անց, սակայն, սպիտակ տան ներկայացուցիչը հանել է օտար երկրի հավաքականի մարզաշապիկը եւ լրագրողներին ներկայացել մուգ կապույտ վերնաշապիկով, այս անգամ արդեն՝ ԱՄՆ հոկեյի հավաքականի համազգեստով: «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի եւ Կանադայի ղեկավարներն ու նրանց մամուլի խոսնակները գրազ էին եկել, թե ով է հաղթելու Վանկուվերի օլիմպիական խաղերում հոկեյի եզրափակիչ խաղում՝ ԱՄՆ-ի՞, թե՞ Կանադայի հավաքականը: Ամերիկացի պաշտոնյաներն այս գրազը տանուլ էին տվել, որովհետեւ օլիմպիական խաղերի եզրափակիչում ոսկե մեդալին տիրացել էր Կանադայի հավաքականը, որն ԱՄՆ հավաքականին հաղթել էր 3։2 հաշվով: