Լրահոս
Օրվա լրահոսը

Աղանդավորները շատացել են

Մարտ 16,2010 00:00

Իսկ նրանց հնարավոր չէ օրենքով ճնշել

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի համոզմամբ, Հայաստանում հնարավոր չէ կրոնական կազմակերպություններին ճնշել. «Հնարավոր չէ այն իմաստով, որ չկա համապատասխան օրենք, կրոնական կառույցները պետություն են պետության մեջ, կրոնի մասին օրենքում ոչ մի խոսք չկա կրոնական կառույցների մասին, նույնիսկ իրավապահ մարմինները իրավունք չունեն մուտք գործել. կրոնական կառույցները փակ են»: Երեկ «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում պարոն Ամարյանը կարծիք հայտնեց, որ կրոնական կառույցների վրա ճնշումն այն դեպքում է, երբ որեւէ կապ կա բիզնեսի հետ: «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի» եկեղեցու քահանայության ղեկավար Վարուժան Պողոսյանի խոսքով՝ ճնշում կա մասնավոր դեպքերում: Նա նաեւ ասաց, որ վերջին շրջանում իրենց հետեւորդների թիվն ավելացել է, հիմա նրանք 2800 են, տարեկան մոտ 40 միսիոներ է Հայաստան այցելում, իսկ աշխարհի տարբեր երկրներում քարոզելու է մեկնել 15 հայ միսիոներ, իրենց քարոզիչները «Եհովայի վկաներից» տարբերվում են կրծքանշաններով:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն էլ հասցրել է վերջին տարիներին Հայաստանում կրոնական ազատության առումով որոշակի առաջընթաց արձանագրել: «Առաջընթաց կա հատկապես եկեղեցական շինարարության ոլորտում, քրեակատարողական հիմնարկներում, հետընթաց է դպրոցներում եւ մամուլում»,- ասաց Ս. Դանիելյանը՝ փաստելով, որ թեեւ հայկական կրթության աշխարհիկ բնույթը օրենքով է սահմանված, այնուամենայնիվ, որոշ մանկավարժների համար աշակերտները քարոզչության դիպուկ թիրախ են դառնում. «Շատ ուսուցիչներ օգտագործում են կրոնի պատմություն առարկան եւ ակտիվ քարոզում, սակայն դպրոցներում որեւէ քարոզչություն չպետք է լինի: Այս նորմերը խախտվում են հատկապես մարզերի դպրոցներում, քարոզողները միանշանակ պետք է պատժվեն»: Պարոն Դանիելյանը փաստեց նաեւ, որ կրոնական իրավունքների խախտումները վերջին շրջանում շատացել են, իսկ քաղաքացիները խուսափում են դիմել ոստիկանություն. «Մարդիկ պարզապես չեն վստահում ոստիկանությանը, դատարանին եւ այլն»: Հանրային խորհրդի անդամ Խաչիկ Ստամբոլցյանն էլ կարծիք հայտնեց, որ կրոնական կառույցները ունեն նաեւ լրտեսական գործառույթ. «Վերջերս «Եհովայի վկաներից» մեկից խլեցի իրենց ավետարանը, ու այդ գրքում գտա թղթերի մի կապոց, քարտեզ: Քարտեզը ուղեցույց էր, որը տանում էր նրանց թիրախային բնակավայրեր՝ քարոզչություն իրականացնելու համար, իսկ թղթերում նշված էին կոնկրետ հասցեներ ու քաղաքացիների անուններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել