Պատճառը չտարբերակված ֆինանսավորումն է
Օրերս Երեւանի թիվ 118 դպրոցում տեղի ունեցավ ՀՀ 48 ավագ դպրոցների տնօրենների խորհրդակցություն: Թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը ներկայացրեց մի հաշվարկ, որի համաձայն, ամենահամեստ ծախսերով հանդերձ, ավագ դպրոցը եթե ֆինանսավորվի ներկայիս ձեւով, տարեվերջին ունենալու է մոտ 11 մլն 896 հազար դրամի պակասորդ. «Քանի որ ավագ դպրոցի դեպքում տարրական եւ միջին դասարաններ այլեւս չկան, մեր բյուջեն պակասել է 2.5 միլիոնով»: Հիշեցնենք, որ պոտենցիալ ավագ դպրոցներին ընտրում են մարզային իշխանությունները, հետո դրանք անցնում են ԿԳՆ-ի ենթակայությանը, ինչն այնքան էլ մարզպետարանների սրտով չէ: Նաեւ ավագ դպրոցների ընտրության ժամանակ հաճախ խեղաթյուրվում են ռազմավարական ծրագրի դրույթները, օրինակ՝ դպրոցի աշխարհագրական դիրքը հաշվի առնելը:
Ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սամվել Պեպանյանի. «Ավագ դպրոցների ընտրությունը պիտի կատարվի այնպես, որ մեկ ավագ դպրոցը սպասարկի 3-5, ոչ թե 15-20 դպրոց: Պետք է հաշվի առնվի մայրաքաղաքի խիտ բնակեցված լինելը, կարեւոր է տրանսպորտային ապահովվածությունը: Այժմ որպես ավագ դպրոցի հավանական տարբերակ քննարկվում է Երեւանի թիվ 140 դպրոցը: Այն, ըստ էության, կարող է սպասարկել թիվ 130, 145, 132 դպրոցներից եկած աշակերտներին, բայց եթե ամբողջ Կոմիտասի փողոցում ուրիշ ավագ դպրոց չլինի, պատկերացրեք կամրջի մոտերից, կամ Քոչարի փողոցից երեխաներն ինչպես պիտի գնան այդ դպրոց, որտեղ հասնելու համար Բրյուսովի նախկին շենքից դեռ 10 րոպե քայլելու ճանապարհ կա: Կամ էլ նշածս վայրերից ծնողները ստիպված կլինեն երեխաներին տանել Աղայանի անվան դպրոց՝ մետրոն անցնելով… Մեզ համար ընդունելի տարբերակ է Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցը, թիվ 36-ը, 82-ը, Քոչարի փողոցում գտնվող թիվ 56-ը, 129-ը՝ այդ դեպքում կունենանք երթեւեկության առումով հարմար ավագ դպրոցներ»:
Կապանի թիվ 2 դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանն էլ վրդովված ասաց. «Եթե ֆինանսավորման հարցը չլուծվեց, ոչ մի գործ առաջ չի գնա: Ինչ վերաբերում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, ապա մենք ունեցել ենք ԱԺ-ի 5 տարվա ծրագիր, որի կետերը նույնիսկ չեն իրականացվել, չնայած դրանք ունեն օրենքի ուժ»: Տնօրենը նաեւ մտահոգվեց, որ ավագ դպրոցների գործը բարդացնում են Կապանի 4 քոլեջների, Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի, 7 կրթահամալիրի գոյությունը: Աշտարակի թիվ 5 դպրոցի տնօրեն Ֆելիքս Հովհաննիսյանն էլ, ընդհակառակը, ցանկանում է, որ իրենց քաղաքում եւս մեկ ավագ դպրոց բացվի, որ մրցակցության արդյունքում կրթության որակը բարձրանա:
Խորհրդակցության ժամանակ որոշվեց ստեղծել ավագ դպրոցների տնօրենների ասոցիացիա, որն առաջին հերթին կփորձի լուծել ավագ դպրոցների ֆինանսավորման հետ կապված վերոնշյալ դժվարությունները: