Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքը համայնքինն էր

Մարտ 16,2010 00:00

Մանկապարտեզի ցանկապատը իրական տարածքից ավելի առաջ էր դրված

Մասիսի թիվ 1 մանկապարտեզի աշխատակիցներն ու հարեւանությամբ բնակվողները երեկ էլ շարունակում էին ըմբոստանալ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եւ նախկին մարզպետ՝ ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն որոշման դեմ, որով մանկապարտեզի բակի ավելի քան 2000 քմ տարածքը վաճառվել է իրենց քաղաքի բնակիչներից 5 հոգու: Նրանք չափազանց վիրավորված էին, որ մանկապարտեզի տարածք էին ներխուժել ոստիկաններ ու սկսել կտրել ցանկապատը: Մանկապարտեզի հարեւանությամբ բնակվող Գրետա Հարությանի խոսքերով, այդ տարածքը գրավելն ուղղակի «անամոթություն է». «Ոչ ոք տեղյակ չի եղել, որ տարածքը վաճառվել է: Ախր, պետք է հաշվի առնեին, որ գործ ունեն մանկապարտեզի հետ, որտեղ բավականին մեծ թվով երեխաներ են հաճախում: Ի վերջո, այդ ցանկապատի վրա էլ աշխատանք էր տարած, ներկված էր, մաքրված մանկապարտզի հաշվին, այդ ծախսերն ո՞վ պետք է փոխհատուցի: Մենք բոլորս մտավախություն ունենք, որ շուտով մանկապարտեզի շենքն էլ կտան ուրիշին: Այդ ժամանակ երեխաները որտե՞ղ են հաճախելու»:
Արմեն Հարությունյանն էլ ավելացրեց, որ իրենք բոլորով են մանկապարտեզի բակի ծառեը տնկել, որոնք ոստիկանների այցելության ժամանակ վնասվել են ու դեռ հետագայում էլ կտրվելու են. «Այս մանկապարտեզը հիմա էլ գործում է, մեր երեխաները գնում են այս մանկապարտեզ»: Մանկապարտեզի հիմնադրման պահից այնտեղ աշխատող Սոֆիկ Քալոյանի ներկայացմամբ էլ, իրենք այստեղ հաճախ են շաբաթօրյակներ կազմակերպել. «Անձամբ ես իմ ձեռքերով դույլերով ջուր եմ կրել, որ ծառ ջրեմ: Եթե հատկացում էին անելու՝ թող այստեղի աշխատակիցներին տային կամ հենց մանկապարտեզին»: Նա պատմեց նաեւ, որ ցանկապատը կտրելուց մի քանի օր առաջ էլ են ոստիկաններն իրենց այցելել, սակայն. «Մեծ աղմուկ բարձրացրինք, նրանք գնացին, ապա վերադարձան ու իրենց սեւ գործն արեցին»:
Այս առնչությամբ, Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարյանը «Առավոտին» պարզաբանեց, որ մանկապարտեզի աշխատակիցներն ու հարեւանությամբ բնակվող քաղաքացիները սխալ են ահազանգել. «Իրականությունն այն է, որ երբ տարիներ առաջ նախատեսվել է Մասիսում նոր մանկապարտեզ ու դպրոց կառուցել, լուսավորության մինիստրությանն է հատկացվել 2,5 հա տարածք: Երբ համակարգը փոխվեց, նոր քարտեզագրում արվեց 2000 թվականին, որի ժամանակ մանկապարտեզին մնաց 6178 քմ տարածք, իսկ մնացածը դարձավ համայնքային սեփականություն: Այդ տարածքը, որն արդեն մանկապարտեզինը չէ, դրվեց աճուրդի եւ վաճառվեց Մասիսի 5 քաղաքացու: Ոստիկանները տարածքի ցանկապատը կտրելու հանձնարարական էին ստացել, կարեւոր չէ՝ ով է տվել հանձնարարական, տրվել է նրա համար, որ մարդկանց սեփականության իրավունքները պաշտպանվեն: Ասեմ, որ այդ որոշումն օրինական է, որը ես չեմ տվել, ես ինձ թույլ չէի տա այդ տարածքը վաճառել»:
Մեր խմբագրություն այցելած Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանն էլ պարզաբանեց, որ իրենց քաղաքում իր որոշմամբ որեւէ մանկապարտեզ չի վաճառվել. «Դա օրենքով չի թույլատրվում: Նախկին տնօրենն է ինքնակամ ցանկապատը առաջ տարել: Այդ տարածքը համայնքինն էր: Մեր նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը չափազանց մանրամասնորեն էր ուսումնասիրում մեր բյուջեները, դա անելով նա ասում էր, որ մանկապարտեզները կարող են ամբողջ տարին աշխատել: Պետք է ասեմ, որ մեր քաղաքն այն եզակի քաղաքներից է, որտեղ մանկապարտեզները աշխատել են կլոր տարին»:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Մասիսի թիվ 1 մանկապարտեզի բակում իսկական կռիվ է առաջացել ցանկապատը կտրելու առնչությամբ, քանի որ, ըստ մանկապարտեզի աշխատակիցների եւ հարեւանությամբ բնակվող մասիսցիների, այդ հաստատության տարածքը բոլորից թաքուն վաճառվել է Վալերիկ Ալեքսանյանին, Մարգարիտա Մխիթարյանին, Տիգրան Մեսրոպյանին, Ալեքսանդր Մանուկյանին ու Արտակ Փահլեւանյանին: Վերջինս իր տարածքը վերավաճառել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել