Մարտի 11-ին, ժամը 20-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ՝ 1981 թվականին ծնված Արեն Ասլանի Գաբրիելյանը անձնական օգտագործման «Opel vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել վանաձորցի՝ 1949 թվականին ծնված Վլադիմիր Սասունիկի Ավետիսյանին, որից անմիջապես հետո մեքենան կայանել է դեպքի վայրից 30 մետր հեռավորության վրա եւ 15 րոպե անց մեղայականով ներկայացել ճանապարհային ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին, որին տեղեկացանք Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Ռուդիկ Մինասյանից: Դեպքի առթիվ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Բուժհաստատությունում անցած սթափության ստուգումը պարզել է, որ վարորդը եղել է սթափ վիճակում:
Ռուդիկ Մինասյանից տեղեկացանք նաեւ, որ տուժածը փողոցը հատելիս է եղել հետիոտնի համար ոչ նախատեսված վայրում: Նա ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: «Հիվանդն անգիտակից վիճակում էր, ուներ ծանր գանգուղեղային վնասվածք, ուղեղի սալջարդ, ոսկրերի կոտրվածքներ: Նա նախկինում երկու անգամ գլխուղեղի վիրահատություն է տարել, ինչն էլ ավելի է բարդացրել նրա վիճակը»,- ասաց հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբույժ Արսեն Ալավերդյանը: Տուժածը տեղափոխվել է մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն, մեր տեղեկություններով, բժիշկները խորհուրդ չեն տալիս վիրահատել՝ ռիսկը շատ մեծ է: Մնում է ապավինել Աստծո զորությանն ու ողորմածությանը:
Վանաձորում տեղի ունեցած մեկ այլ ավտովթար դժբախտ ավարտ է ունեցել: Վթարից տուժած 18-ամյա վարորդը, առանց ուշքի գալու, մահացել է Երեւանի բուժհաստատություններից մեկը բերելու ճանապարհին: