Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակները Սյունիքում շարունակվում են

Մարտ 16,2010 00:00

Վերջին օրերին տեղացող հորդառատ անձրեւներից արտակարգ իրավիճակներ են ստեղծվել Սյունիքի մարզի տարածաշրջաններում: Արդեն երրորդ օրն է՝ քարաթափ է Երեւան-Մեղրի մայրուղու Կապան-Քաջարան հատվածում՝ վտանգված է մեքենաների անվտանգ երթեւեկությունը: Բարեբախտաբար, քարաթափությունների ժամանակ մեքենաներ չեն եղել այդ հատվածում: Այս մասին «Առավոտը» գրել է մարտի 11-ին՝ «Փակվել էր Մեղրի-Երեւան մայրուղին»:
Ըստ Արտակարգ իրավիճակների Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի՝ մարտի 15-ին իրենք կրկին դեպքի վայր են այցելել: Քարաթափումները դեռ շարունակվում են, Կապանի ճանշին ձեռնարկության աշխատակիցները պարբերաբար մաքրում են ճանապարհը քարերից: «Հողմահարության վտանգավոր շրջան է, եւ հորդառատ անձրեւներից պարբերաբար քարաթափումները կշարունակվեն: Բացի այս քարաթափումից, արտակարգ դրություն էր գրանցվել նաեւ Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ, Սալվարդ եւ մի քանի այլ գյուղերում: Բռնակոթում հորդառատ անձրեւներից գետը վարարել էր եւ դուրս եկել ափերից, ինչի հետեւանքով ջրերը լցվել են գյուղի տնամերձ հողատարածքներ, անասնագոմեր եւ տների ներքնահարկերը՝ նյութական վնասներ հասցնելով գյուղացիներին: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն եղել»,- նշում է պարոն Հարությունյանը: Համայնքն իր ուժերով է մաքրման աշխատանքներ իրականացնում: Ջրածածկման գոտում հայտնված մարդիկ եւ անասունները փրկարարների օգնությամբ տարհանվել են անվտանգ վայր։ Քաջարան գյուղի միջով հոսող գետակը վարարել է եւ քանդել 4 կամրջակ, ուժեղ քամու հետեւանքով վնասվել են գյուղապետարանի ու մի շարք տնակների տանիքներ։
Համայնքներում հասցված նյութական վնասներին եւ վնասներ կրած տարածաշրջաններում իրականացվելիք հետագա աշխատանքներին մենք առաջիկայում կանդրադառնանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել