Լրահոս
Օրվա լրահոսը

Որ «բոմժի» հոգեբանությամբ չմեծանան

Մարտ 16,2010 00:00

Կամ՝ հատակի հասարակություն չձեւավորվի

\"\"

Փետրվարի 26-ին «Վիզ ծռեմ ու արհամարհվե՞մ» հոդվածով «Առավոտը» անդրադարձել է Վանաձորում ապրող Աքուլյանների ընտանիքի խղճուկ կենսապայմաններին ու 21-րդ դարի քաղաքացուն ոչ հարիր կենցաղավարությանը: Հիշեցնենք, որ ընտանիքը արդեն հինգ տարի ապրում է կիսախարխուլ, պատի փոխարեն ցելոֆանե կարկատաններով տարածքում: Ընտանիքի երեք աղջիկները միշտ սոված կամ կիսասոված են, մեծը՝ Ռուզաննան, պետք է դպրոց գնա, բայց շոր ու կոշիկ չունի եւ չի գնում: Նրան իր տանիքի տակ է առել «Օրրան» հ/կ-ն՝ հագուստ եւ տաք սնունդ տվել: Ամուսինները պնդում են, որ փաստաթուղթ չունեն ու դրա համար են այս օրն ընկել, հուսալով, որ մի օր ընտանիքի հայրը՝ Մանվել Խաչատրյանը պատշաճ աշխատանք կգտնի եւ իրենք էլ գոնե օրվա ուտելիքի գումար կունենան:
Պարզվում է, որ «Օրրանը» եւ այլ կազմակերպություններ ու գործարարներ, տաք հագուստ ու սնունդ են տրամադրել նաեւ ընտանիքի մյուս անդամներին: Սակայն ընտանիքի մայրը զլացել է երեխային պարբերաբար «Օրրանի» կենտրոն տանել, ինչից հետո կազմակերպությունն է կրկնակի տնայցեր կատարել: Պարզվել է, որ այս ընտանիքի չքավորությունը, անկազմակերպ կենցաղավարությունն ու նորմալ կենսապայմանների բացակայությունը՝ երեք անչափահաս երեխաների ծնողների անփութության եւ անտարբերության արդյունք են: «Օրրանը» պարզել է նաեւ, որ ԶԼՄ-ներից ընտանիքի վիճակի մասին տեղեկացած, նրանց հոգսը թեթեւացնել ցանկացող բարերարների տրամադրած սնունդը իր նպատակին չի ծառայել, փոքրիկներին կերակրելու փոխարեն ծնողները սնունդը կիսել են, պարբերաբար խնջույքներ են կազմակերպել անգործ ու անտուն մարդկանց՝ «բոմժերի» հետ:
Հաշվի առնելով, որ վերոհիշյալ կենսապայմաններն ու կենցաղավարությունը կարող են ազդել երեխաների բարոյահոգեբանական զարգացման եւ հասարակության լիարժեք անդամ ձեւավորվելու վրա՝ «Օրրան» հ/կ-ն եւ ոստիկանության անչափահասների բաժինը բողոք-նամակ են հղել Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողով, որպեսզի լուծվի երեխաներին նորմալ պայմաններում պահելու հարցը: Հանձնաժողովը պարտավորեցրել է Մանվել Խաչատրյանին եւ Հասմիկ Աքուլյանին, որպեսզի նրանք զբաղվեն իրենց 3 աղջիկների՝ Ռուզաննա, Սյուզաննա եւ Ռիմա Աքուլյանների խնամքով, տարրական հիգիենայի եւ կենցաղավարության հոգսերով, ապահովեն դպրոցահասակ երեխայի դպրոց հաճախելը՝ այլապես ծնողները կզրկվեն ծնողական իրավունքից:
Ոչ այնքան հոգատար ծնողները այլեւս կլինեն ոչ միայն քաղաքապետարանի անչափահասների, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի, այլ նաեւ՝ ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում: Եթե կրկնվի նույն վիճակը, երեխաներին նման ծնողների ձեռքից ազատելու համար այս կառույցները կդիմեն դատարան:
Ընտանիքի մայրը հույս ունի, որ իրենց վիճակը կբարելավվի, եթե տեղափոխվեն Ներսիսյան 6/4 հասցեում գտնվող իրենց բնակարանը, ինչն առայժմ հնարավոր չէ: Սակայն եթե նրանք կարողացել են ընտանիքի տատից ժառանգություն մնացած տան լուսամուտներն ու պատերը քանդել, ի՞նչ երաշխիք կա, որ նույնը չի կրկնվի մյուս բնակարանի հետ:
«Իհարկե, կարեւոր է, որ երեխան ընտանիքում ապրի, սակայն երբ վտանգված է երեխայի բարեկեցությունը, երբ հատակի հասարակություն է ձեւավորվում, նրանց պետք է փրկել, որ հանկարծ «բոմժի» հոգեբանությամբ չմեծանան»,- վստահ են Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել