Մարտի 13-ից Կապանի բնակիչները զրկված են կենցաղի համար խիստ անհրաժեշտ խմելու ջրից: Արդեն չորրորդ օրն է՝ կապանցիների ծորակներից հոսող ջուրը պղտոր է եւ ուղղակի պիտանի չէ օգտագործման համար: Բնակիչները ուտելիք պատրաստելու կամ խմելու համար ստիպված խանութներից են ջուր գնում: Ըստ «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանի՝ անորակ ջրի մատակարարման պատճառը առատ ձնհալքն է եւ անընդհատ տեղացող անձրեւները: «Քաղաքին ջուր մատակարարվում է գետի ջրերից, իսկ այս օրերին ձնհալքի եւ տեղումների պատճառով ջրի քանակը կտրուկ ավելացել է, եւ ֆիլտրները չեն հասցնում մեծ քանակությամբ ջուրը լիարժեք մաքրել, եւ բաժանորդները այն պղտոր են ստանում: Բայց սա վտանգավոր չէ, վարակազերծված է»,- ասում է Հովհաննես Գեւորգյանը:
Մեր զրուցակիցը թեեւ պնդում է, որ պղտոր ջուրը վտանգավոր չէ՝ բնակիչները խուսափում են օգտվել այդ անորակ ու պղտոր ջրից: Թե երբ կկարգավորվի խնդիրը եւ կապանցիները մաքուր ջուր կունենան՝ տեղամասի պետը հստակ չասաց, բայց նկատեց, որ աշխատանքներ են տարվում հարցը լուծելու համար: Իսկ Կապանում անձրեւները շարունակվում են: