Լրահոս
Օրվա լրահոսը

Արատավոր ընդօրինակում

Մարտ 16,2010 00:00

Կամ քաղաքապետարանը՝ մեծածախ առեւտրակենտրոն

Հանրապետությունում հողատարածքների «օրենքի սահմաններում» անօրինական օտարման բացահայտված հատուկենտ դեպքերի արձանագրումը Վերստուգիչ պալատի կողմից՝ գնացքի մեկնումից հետո վիզը ռելսին դնող ինքնասպանի, իսկ մի երկու օրինակի վերաբերյալ՝ ակտիվ քննարկումները հիմնահարցը շրջանցելուն ուղղված շոուի տպավորություն են թողնում։ Այդ գործընթացները ողբալի պատկեր ունեն, եւ անօրինական օտարման զոհ է դարձել գրեթե ամբողջ հողային հիմնապաշարը: Երեք տարիների ընթացքում Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում հողի օտարման ու Գյումրիում 4.8 հա տարածքի վերաբերյալ ՎՊ-ի բացահայտումները հասարակության ուշադրությունը էպիկենտրոն Երեւանից ու երեւանամերձ տարածքներից դեպի ծայրամասերն ուղղելու միտում ունեն։ Իրականում հողը փողի վերածելու անկասելի մոլուցքը սկսվել է հենց մայրաքաղաքից ու աստիճանաբար տարածում գտել ամբողջ հանրապետությունում, Երեւանում ու երեւանամերձ տարածքներում են իրականացվել մեծ չափերի «օրինական» հողազավթումները երկրի ամենակարող ու անձեռնմխելի «էլիտայի» կողմից։ Նույն Երեւանում ու մերձակայքում գրանցվել են հողի անտրամաբանական օտարման աննախադեպ աճուրդ-գործարքներ:
Դեռ 2006 թ. օգոստոսի 22-ին երեւանամերձ Պտղնի համայնքում 48.96 հա տարածքն օտարվեց ռեկորդային ցածր գնով, 1 քմ-ն՝ 3.4 դրամով։ Իմ զարմանքն ու ցավը, թե ինչպես կարող է մայրաքաղաքին հարող տարածքում հողն այդքան ցածր գնահատվել, փարատեց համայնքի աճուրդի պատասխանատուն, որը հեռախոսով հավաստիացրեց, թե հողակտորները (մինչեւ 12 հա չափսերով) օտարվում են դրանք տարիներով մշակող վարձակալներին։
Գյումրիում 4.8 հա տարածքը հայտնի բարերար Հովնանյանին, գործարան կառուցելու նպատակով, օտարման ու դրան հաջորդած մասնակի վերավաճառքի լուսաբանումը զգալիորեն ստվերեցին Երեւանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանի համանման բազմաթիվ գործարքները, որոնց համեմատ՝ Վարդան Ղուկասյանի արարքը կարելի է որակել որպես ավագ գործընկերոջը ընդօրինակելու պատանեկան չարաճճիություն։ Երեւանում նվազագույն գներով ու առավելագույն չափսերով օտարված հողատարածքների մեծ մասն արդեն վաճառվել ու վերավաճառվել է կամ փակվել անմատչելի պարիսպներով, ուստի փորձենք ներկայացնել գործարքներից միայն մեկը ու դրան հաջորդած մանրամասները, որոնք պատված են «թափանցիկության» թանձր ծխածածկույթով։
25.09.2007թ. Երեւանում իրականացվեց Ե. Զախարյանի, երեւի թե վերջին մեծ հողածախման գործարքը, երբ «օրենքով սահմանված կարգով» թիվ 07/145 աճուրդ- իմիտացիայի արդյունքում, կառավարության նստավայրից ընդամենը 4 կմ հեռավորության վրա, առանց կառավարության որոշման ու իրազեկման, վարչապետ Տ. Սարգսյանի 03.08.2007թ. տված հանձնարարականի պահանջներն ապահովելու, Կիլիկիա թաղամասի ու «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ, 86937,57 քմ կանաչապատ, այգիներով ծանրաբեռնված հողատարածքը, քաղաքապետի հ.3864-Ա 01.10.07թ. որոշումով, վաճառվեց (նվիրաբերվեց) նորահայտ սեփականատիրոջը։
Սեփականատիրոջ ինքնությունը գաղտնազերծվեց միայն 6 ամիս հետո՝ 26.02.2008թ., այն օտարահունչ «Լուսավան դեվիլփմենթ» ՍՊԸ-ն էր, իսկ աճուրդ- խեղկատակության պայմանները մասնակիորեն գաղտնազերծվեցին միայն վերջերս։ Ի տարբերություն Գյումրու քաղաքապետի, նրա երեւանյան գործընկերն այդ պատկառելի չափսերի տարածքն օտարել է առանց որեւէ պայմանի, նպատակի կամ ծրագրի, ոչ կառուցապատում, ոչ մշակում, նույնիսկ առանց «պետության գերակա շահ» բառակապակցության։ Այդ տարածքի տասը եւ ավելի տարիների տարեց ու բարեխիղճ մշակողներին, ՀՀ հողային օրենսդրությամբ սահմանված իրավունքները ոտնահարելով, նրանց մշակած այգիները՝ «անմշակ ու չծանրաբեռնված» տարածք որակելու վարչապետի հանձնարարականի պահանջներն ու հորդորները անտեսելով, հողը խորհրդանշական գնով (իրական, շուկայական արժեքի 5%-ի սահմաններում), քաղաքապետի թեթեւ ձեռքով նվիրաբերվել է նոր կյանք մտնող, 20-ամյակը վերջերս բոլորած հրաշամանուկի։
Պարզվում է, աճուրդ հայտարարվելուց մոտ երկու շաբաթ անց ամենակարող երիտասարդը 09.09.2007թ. ստեղծում է «Լուսավան դեվիլփմենթ» ընկերությունը, եւս երկու շաբաթ հայթայթում (կամ աշխատում) է մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար, առանց նպատակի ու ծրագրի ներդրում է կատարում եւ տիրանում է այդ ահռելի չափսերի մշակված ու մասամբ ծառապատ այգիներով տարածքին ու ձեռնարկում նրա անապատացումը։ Զարմանալի է (թեեւ մասամբ հասկանալի), թե մեր բազմափորձ քաղաքապետի համար ինչն է եղել այն գերնպատակը կամ շարժիչ ուժը, որպեսզի ՀՀ ՀՕ ավելի քան վեց (4/4, 48/3, 72/1-2, 104, 118 եւ այլն) հոդվածների խախտման գնով իրականացնի այդ վիճահարույց գործարքը եւ հետագայում էլ իր տեղակալների ակտիվ նվիրվածությամբ ապահովվի նորահայտ սեփականատիրոջ շահերի սպասարկումը։
Հողային օրենսգրքի հանցավոր անտեսումը զրկեց տարածքի 10 եւ ավելի տարիների բարեխիղճ մշակող 12 վարձակալներին՝ օրենքով սահմանված նախապատվության իրավունքով իրենց մշակած տարածքները ձեռք բերելու հնարավորությունից։ Փոխարենը՝ շրջանառության մեջ դրվեց 12 վարձակալներին փոխհատուցում տալու տարբերակը, վարչապետի հանձնարարականի պահանջներին համապատասխան։
Նոր սեփականատիրոջ շահերի սպասարկումը իրականացնող փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը ցուցաբերեց շուկայական հարաբերությունների բազում հնարքների ու նրբերանգների կատարյալ իմացություն։ Այդ բազմազբաղ պաշտոնյան ժամանակ էր գտնում ավելի քան 10 անգամ 12 վարձակալներին առանձին-առանձին ընդունելով՝ փոխհատուցում տալու վերաբերյալ չափի մասին սակարկություններ անել, մարդկանց ավելի քան 8 ամիս «ֆռռացնելով» կառավարության հանձնարարականներին պատասխան-հավաստիացումներ տալ, թե փոխհատուցումը կվճարվի մինչեւ 2009թ. մարտի 15-ը: Սակայն նա «թռավ»՝ անկատար թողնելով ՀՀ կառավարության հանձնարարականները։ Արդյունքում, նա հայտնվեց իր նախկին պետի՝ պարոն Զախարյանի մոտ՝ նոր բարձր պաշտոնի, որտեղ անարգել կօրինականացնի «բիրիքով» սեփականացրած 86937,51 քմ տարածքի մասնակի վաճառքից հետո մոտ 80000 քմ-ը, քանի որ վաճառքին խոչընդոտող բացարձակապես ոչ մի պարտավորություն քաղաքապետարանի աճուրդի ու օտարման փաստաթղթերում չէին ամրագրել։
Հայտնի գործարար Վ.Հովնանյանի Գյումրիում իրականացրած հողի մասնակի վերավաճառքը, անհամեմատ ավելի բարձր գնով, հաստատում է շուկայական հարաբերությունների պարզագույն օրինաչափությունը, որի համաձայն՝ ողջամիտ սեփականատերը այն կարող է օտարել միայն օրինական շուկայական արժեքով։ Սակայն նախկին քաղաքապետ Ե. Զախարյանի ու նրան ընդօրինակողների իրականացրած խորհրդանշական գներով աննպատակ հողածախման գործարքների տրամաբանությունը դուրս է մնում այդ խելամիտ օրինաչափությունների շրջանակից: Հուսանք, որ այն մեզ համար հասկանալի կդարձնեն ՎՊ-ն ու հակակոռուպցիոն դոնկիխոտյան գործիչները՝ իրենց բացատրություններով ու բացահայտումներով։

ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Թոշակառու, 2-րդ կարգի հաշմանդամ,
Դալմայի հողօգտագործող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել