Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ «10-Ի ԳՈՐԾՈՎ»

Մարտ 16,2010 00:00

Ոսկու տոնավաճառի դրվագով

2008թ. հոկտեմբերի 27-ին հարուցվել է քրեական գործ՝ Արա Կարապետյանի, Արմեն Նիկողոսյանի, Արսեն Սողոմոնյանի, Բագրատ Սողոմոնյանի, Հայկ Մելքոնյանի, Արշակ Գրիգորյանի, Հովհաննես Նազարյանի, Սուրեն Մելքոնյանի, Նիկոլայ Խաչիկյանի, Աշոտ Խաչատրյանի նկատմամբ: Այս գործի վարույթին 2009թ. փետրվարի 28-ին միացվել է թիվ 13129507 քրեական գործը, 2009թ. ապրիլի 14-ին՝ թիվ 58204109 քրեական գործը, ինչպես նաեւ 2009թ. մարտի 9-ին՝ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնական բաժնից ստացված նյութերը՝ Երեւանի Երվանդ Քոչարի թիվ 21/1 շենքի 86-րդ բնակարանի բնակիչ, «Գրավ» ՍՊԸ տնօրեն Համլետ Լեւոնի Հարությունյանի՝ նշված հասցեով բնակարանը 2009թ. հունվարի 26-ին մուտք գործելով՝ ավազակային հարձակում կատարելու դեպքի վերաբերյալ։
Տասնյակի գործը, ինչպես տեղեկացրել է «Առավոտը», քննության է դրվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Առայժմ տեղի է ունեցել մեկ դատական նիստ:
Տասնյակն ավելի հայտնի է Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի բնակարանի ներխուժմամբ ու թալանով:
«Առավոտը» անդրադարձել է «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի 1-ին հարկում տեղակայված՝ ՀՀ քաղաքացի Վաղարշակ Վարդեւանյանին վարձակալմամբ տրամադրված թիվ 5 վաճառասրահում «ԱԱԾ աշխատակիցներ» ներկայացած հանցավոր խմբի գործունեությանը, թե ինչպես են նրանք առեւանգել Վարդեւանյանին, թե ինչպես են հափշտակել շուրջ 145 726 778 դրամի ոսկյա զարդեր, 2 055 000 ՀՀ դրամ եւ $30 210 :
Ոստիկանապետի
մահափորձի դրվագով

Իր անմիջական ղեկավար՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետ Աշոտ Կարապետյանից Արմեն Նիկողոսյանը որոշում է վրեժխնդիր լինել: 2008թ. դեկտեմբերին Արսեն Սողոմոնյանին հանձնարարում է Հայկ Մելքոնյանի միջոցով իրականացնել Աշոտ Կարապետյանի սպանությունը, խոստանալով, որ դրա դիմաց կվճարի 50 000 դոլար։ Հայկ Մելքոնյանը հրաժարվում է իրականացնել այդ հանձնարարությունը, որից հետո, Արմեն Նիկողոսյանի պնդումներից ելնելով, Ա. Սողոմոնյանը հիշյալ հանցագործությունը կատարելու համար դիմում է Ն. Խաչիկյանին եւ Ա. Խաչատրյանին, որոնք նախորդ հանցագործությունը կատարելուց հետո խոստացված պարգեւավճարները չստանալու պատճառով, հանցավոր խմբի ղեկավարներից դժգոհ լինելով, հանձնարարությունը չեն կատարում։

«Գրավի» տնօրենի
բնակարանի դրվագով

2009թ. հունվարին Ա. Կարապետյանը եւ Ա. Նիկողոսյանը ծրագրում են մուտք գործել այս անգամ «Գրավ» ՍՊԸ տնօրեն Համլետ Լեւոնի Հարությունյանի բնակարան (Երեւան, Երվանդ Քոչարի փողոց, շենք 21/1, բն. 86)։ Ա. Նիկողոսյանը Ս. Մելքոնյանին տանում եւ ցույց է տալիս թիրախ հանդիսացող բնակարանի տեղը եւ հանձնարարում ճշտել բնակիչների՝ բնակարանից դուրս գալու եւ վերադառնալու ժամերը։ Հանցագործության կատարումը նշանակվում է 2009թ. հունվարի 26-ը։ Նիկողոսյանը եւ Կարապետյանը որոշում են հանցագործությանը մասնակից դարձնել Արշակ Գրիգորյանին եւ խմբում նոր ընդգրկված, քննությամբ չպարզված եւս 3 անձանց, որոնցից մեկին, Կարապետյանի հանձնարարությամբ, Մելքոնյանը տանում եւ հանցագործության կատարման նախօրյակին ցույց է տալիս բնակարանի գտնվելու վայրը։ Նշված օրը հանցագործները ժամանում են Քոչարի փողոցի թիվ 21/1 շենքի մոտ, մի քանիսը դիմակավորված եւ իրենց մոտ գտնվող ատրճանակով մուտք են գործում Համլետ Հարությունյանի բնակարան, որտեղ նա մենակ էր, ատրճանակը գործադրելու սպառնալիքով պահանջել են տալ գումար եւ այլ արժեքավոր իրեր, շրջելով բնակարանում եւ այդպիսիք չգտնելով՝ Համլետ Հարությունյանի գրպանից հափշտակում են մոտ 10-15 հազար դրամ եւ հեռանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել