Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՍՎԱԾ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐ

Մարտ 16,2010 00:00

Կառավարության վերջին նիստերից մեկում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց եւ հաստատվեց հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որը, ինչպես միշտ, պայմանավորված է դրսից ժամանող օտարերկրացիների եւ սփյուռքահայերի գործոնով: Եվ ընդհանրապես անկախության տարիներին զբոսաշրջության ծրագրեր մշակելիս, հայեցակարգեր կազմելիս, ռազմավարություն նախանշելիս մեր պատկան օղակները նախապատվությունը տալիս են վերոհիշյալ հանգամանքին եւ թերանում են: Այս մասին բազմիցս խոսվել է, դիտարկվել են պատճառահետեւանքային կապերը, կատարվել խորքային վերլուծություններ: Մենք, սակայն, չենք խոսի վերը նշված բացթողումների մասին, կանդրադառնանք մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ Երեւանյան լճին եւ դրա հետ կապված զբոսաշրջության զարգացման խնդրին: Տարիներ առաջ արհեստական այդ ջրամբարի ափամերձ տարածքը, երբ վարձակալության տրվեց ամերիկյան իշխանություններին՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան նոր շենք կառուցելու համար, շատերը համոզված էին, որ մայրաքաղաքի այդ յուրահատուկ հանգստի վայրը կվերածնվի բառիս բուն իմաստով: Սակայն անցան տարիներ, դեսպանատունը կառուցվեց, կատարվեցին ջրամբարի եւ շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ եւ դրանով ամեն ինչ ավարտվեց:
Նշեմ, որ խորհրդային տարիներին լիճը օգտագործվել է ոչ միայն մարզական նպատակներով (անց են կացվել մարզական բազմաթիվ միջոցառումներ), այլեւ ծառայել է հանգստի եւ ժամանցի սիրված վայր: Երեւանյան լճում «նավարկում» էին մոտորային նավակները, որոնք երեւանցիներին, ինչու չէ՝ քաղաքի հյուրերին անկրկնելի հաճելի պահեր էին պարգեւում: Այսօր, շուկայական հարաբերությունների պայմաններում, երբ աշխարհում մտածում են ամեն տարի է՛լ ինչով զարմացնել զբոսաշրջիկներին, մենք մայրաքաղաքում ունենանալով այնպիսի մի գեղատեսիլ հանգստավայր, ինչպիսին Երեւանյան լիճն է, ոչ մի գործուն քայլ չենք ձեռնարկում՝ այն դարձնելու հանգստի գոտի, որը կծառայի ոչ միայն օտարներին, այլեւ հազարավոր մեր հայրենակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել