Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՆԵՆՅՈՒԹԸ ԿԹՈՐԵՆ ՏԵՂՈՒՄ

Մարտ 16,2010 00:00

\"\"Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Բերդի մասնաճյուղը համալրվել է թորման արտադրամասով
Այս առիթով գործարանի տնօրինությունը լրագրողների համար Տավուշի մարզի Բերդի արտադրամասում մարտի 12-13-ին շրջայց էր կազմակերպել: ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի խոսքերով, այլեւս ստիպված չեն լինի գինենյութը թորելու համար բերքը տեղափոխել հարակից մասնաճյուղեր. «Արտադրամասում տեղադրված են 3 մեքենաներ, իհարկե, մեքենաների թիվը բավարար չէ տարածաշրջանի ամբողջ սպիրտը թորելու համար, այդ պատճառով նախատեսել ենք եկող տարվա բերքի համար եւս 3 մեքենա տեղադրել: Մեր հետագա կարեւոր ծրագրերից ենք համարում նաեւ տարեվերջին այստեղ ունենալ հնեցման արտադրամաս, սա հնարավորություն կընձեռի կոնյակի սպիրտի որակը բարձրացնել եւ աշխարհագրությունն ավելի ընդլայնել»: Պարոն Գրիգորյանի խոսքերով, թորման աշխատանքները արտադրամասում մեկնարկել էին նախորդ տարեվերջին եւ այս ամսվա դրությամբ արդեն թորվել է 1 մլն լիտր գինենյութ: Թորված գինենյութից ստացվել է 155 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը, ըստ մասնագետների կանխատեսումների, հետագայում կօգտագործվի պրեմիում եւ սուպեր պրեմիում դասի կոնյակների արտադրության համար:
ԵԿԳ տնօրենը նաեւ ասաց, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքով նախորդ տարի արտադրության ծավալների մեծ կորուստ են ունեցել. «Եթե վերցնենք Հայաստանի ամբողջ կոնյակագործությունը, արտադրությունը պակասել է մոտ 47%-ով, իսկ կոնկրետ մեր գործարանի պայմաններում անկումը կազմել է 36%, մեզ համար լավագույն տարին 2007-ն էր, այս տարի, իհարկե, մեզ չի հաջողվի վերականգնել 2007-2008 թվականի ծավալները, հույս ունենք, որ միայն երկու տարի հետո կկարողանանք հասնել 2007-ի մակարդակին»: Պարոն Գրիգորյանի խոսքերով, շուկաների դիվերսիֆիկացման կամ նոր շուկաներ գտնելու հարցում էլ ճգնաժամն իր ազդեցությունը թողել է, եւ առանձնապես մեծ հաջողություններ չեն ունեցել. «Մեր ամենամեծ խնդիրը մնում է Ռուսաստանը, մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ մեր արտահանման աշխարհագրությունում Ռուսաստան արտահանվող տեսակարար կշիռը հնարավորին չափով փոքրանա, որ մենք մի շուկայից կախված չլինենք»:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը վերջերս հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստանում խաղողագործության տոտալ ոչնչացում է սպասվում՝ պարզաբանելով, որ խաղողի այգիներում հայտնաբերվել է «ֆիլոքսեռա» հիվանդությունը, որն ինտենսիվ զարգացման փուլում է: «Առավոտը» պարոն Գրիգորյանից հետաքրքրվեց, արդյոք ծանո՞թ են խնդրին եւ ի՞նչ հնարավոր վտանգներ են տեսնում:
«Նույն մտահոգությունն ունենք նաեւ մենք, այդ խնդիրը մեծ է Արարատյան դաշտավայրում, խոսքը 5-6 հեկտար տարածքի մասին է, մենք էլ սպասողական վիճակում ենք, չեմ կարծում, թե այսօր հարցը կրիտիկական է, բայց եթե խնդրի դեմը չառնենք, «ֆիլոքսեռան» 3-4 տարում կարողանում է վերացնել խաղողի վազը, ցավոք, ձմեռն էլ այս տարի մեղմ էր, հույսը, որ կար, թե սառը ջերմաստիճանը կվերացնի հիվանդությունը՝ հօդս ցնդեց»: Պարոն Գրիգորյանը, անդրադառնալով հայկական կոնյակի որակին, փաստեց, որ միջազգային շուկայում պահանջարկի կամ որակի խնդիրներ չկան:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի համոզմամբ էլ, խաղող արտադրող գյուղացիները հողի հարկի, գույքահարկի ու վարձավճարների առումով բավականին կայուն հնարավորություններ են ունենալու: Մարզպետի խոսքերով, Բերդի թորման արտադրամասը նաեւ մարզում նոր աշխատատեղեր է բացում:
«Սա նաեւ այնպիսի հնարավորություն է, որ մենք տարածաշրջանում խաղողի մթերման խնդիրներ այլեւս չենք ունենում, արտադրված բերքը առանց խոչընդոտների եւ առանց որեւէ սահմանափակումների մթերելու հնարավորություն կա, իսկ նախորդ տարվա մթերված 6 հազար տոննա խաղողից 3 հազար տոննան մթերվել է այս կետում ու մյուս կոմբինատների համեմատ ամենաբարձրն է վճարվել»,- ասաց մարզպետը: Երեւանի կոնյակի գործարանի տնօրենն էլ ասաց, որ արտադրամասի աշխատակիցների թիվը հասնում է 16-ի, իսկ առաջիկայում կավելանա եւս 10 աշխատատեղ: Գործարանը համագործակցում է ավելի քան 5 հազար խաղողագործների հետ, իսկ միայն Տավուշի մարզում ընկերությունն աշխատում է մոտ 1300 ֆերմերների հետ: Պարոն Գրիգորյանի խոսքերով, գյուղացիների հետ պայմանագրային աշխատանքները կսկսվեն մոտ օրերս. «Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ նախորդ տարվա գնային մակարդակը պահպանվի եւ նվազում չլինի: Պարարտանյութերը, թունաքիմիկատներն ու սրսկիչներն արդեն ներմուծված են, գյուղատնտեսները առաջիկա օրերին կսկսեն շրջայցերը եւ գյուղացիներին կապահովեն ամենաանհրաժեշտ միջոցներով՝ աշխատանքը ճիշտ ժամանակին սկսելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել