Այս եզրահանգմանն են եկել մի շարք բլոգերներ
Վերջին օրերին համացանցում նորից ակտիվացել են ոչխարի մսի արտահանման մասին թեմաները: «Ինչո՞ւ է պարսիկների «կիշկեն բացվել»,- հարցնում է բլոգեր Գրուլը:- Ինչպես տեղյակ եք, վերջին տարվա ընթացքում պարսիկներն աննախադեպ քանակով ոչխար են արտահանել, ինչի հետեւանքով մսի գները Հայաստանում կտրուկ բարձրացել են»։ Այս գրառումն արվել է այն բանից հետո, երբ մեկ այլ բլոգում տեղադրվել է «Ո՞ւր եք տանում մեր ոչխարներին»՝ youtube-ից վերցված տեսանյութը, որտեղ գյուղացիները շատ էլ գոհ են իրենց առեւտրից, արտահանման այս ակցիան համարում են կառավարության աջակցություն, ասում են, որ նախկինում միսն իրացնելու խնդիր էին ունենում եւ այլն: Ասում են նաեւ, որ շուտով, երբ ոչխարները ծնեն-վերջացնեն, մսի գինը նորից կիջնի, որ արտահանվել են այն մայր ոչխարները, որոնք վերարտադրության համար այլեւս պիտանի չեն եւ այլն:
Սակայն այս հրապարակման առիթը ոչ թե Հայաստանի համար արտահանումից հնարավոր վնասներն են, այլ այն, թե ինչու է հանկարծ Իրանը որոշել այդքան միս գնել: Եվ ոչ միայն միս:
Նույն Գրուլը մի շարք հետաքրքիր փաստեր է հայտնաբերել. «Առայժմ չճշտված տեղեկություն ունեմ, որ դեպի Իրան մեծ քանակությամբ ոչխար է արտահանվել նաեւ Վրաստանից։ Երկրորդը. պարսկական մամուլում խոսում են նաեւ Իրանի՝ այլ հարեւան երկրներից մեծածավալ գնումների մասին։ Եվ ոչ միայն հարեւան երկրներից, այլեւ Ղրղըզստանից եւ նույնիսկ Բելառուսից։ Օրինակ՝ բելառուսական մի կայքում մեջբերում են իրանական դեսպանի հետեւյալ խոսքը. «Իրանը կարող է գնել շատ ավելի միս, քան Բելառուսն այժմ արտադրում է»: Լավ, ենթադրենք, Իրանում ուղղակի սկսել են ավելի շատ միս ուտել… Հետեւաբար իմաստ ունի ստուգել՝ արդյոք ռազմավարական նշանակության այլ մթերքների ներկրումն է՞լ է աճել վերջին ժամանակներում։ Օրինակ՝ ցորենի, շաքարի, բրնձի… Շատ լուրջ չեմ զբաղվել, բայց շատ արագ գտնվեց հետաքրքիր մի գրառում հնդկական India Times կայքում. «Basmati Rice-Grown in India, price set in Iran»։ Անցյալ տարվա օգոստոսին գրված այս տեքստում նշվում է, որ իրանցի առեւտրականներն այնքան են բրինձ արտահանում Հնդկաստանից, որ «բասմատի» տեսակի բրինձը հնդկական ներքին շուկայում այժմ հավի մսից էլ թանկ արժե։ Եվս մեկ հետաքրքիր փաստ. համաձայն հոդվածի հեղինակի, պարսիկները իբր թե մեծ պահեստներ չունենալու պատճառով բրինձը գնում են առանց երկար-բարակ առեւտուր անելու ու շատ կարճ ժամանակում կատարում են մուծումները։ Որ պարսիկը գին գցելու համար օրերով ու ամիսներով չվիճի՝ անձամբ ինձ համար չտեսնված բան է»,- գրում է բլոգերը։
Առավել հետաքրքիր են ասվածի վերաբերյալ քննարկումները: Միանգամից բարձրացվում է հարցը՝ արդյոք Իրանը պատերազմի՞ է պատրաստվում: «Դե, առաջիկայում սպասվող շրջափակման եւ, ինչու ոչ, հենց պատերազմի են նախապատրաստվում: Անհրաժեշտ պահեստային կուտակումներ են: Սա եւս փաստում է, որ տարածաշրջանում լուրջ իրադարձություններ են սպասվում»,- գրում է Լեռնցին: Արծաթն էլ ավելացնում է. «Պատերազմի հնարավորությունը շատ մեծ է, բայց դա ոչ այս, ոչ էլ եկող տարվա բան է։ Այդ մասին արդեն 5 տարի է՝ խոսում են։ Ես, օրինակ, ուրիշ հետեւություն եմ անում։ Իրանն իրոք ատոմային ռումբ է ստեղծում եւ պատրաստվում է հնարավոր հետեւանքներին։ Դե, մենք որ չենք պատրաստվում ու մեզ համար ձմեռը միշտ հանկարծակի է գալիս, դա արդեն փաստ է»։