Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ

Մարտ 16,2010 00:00

Ըստ a1+-ի՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը որոշակի գումարներ կարող է հատկացնել վտանգավորություն ներկայացնող Էրեբունու թունաքիմիկատների գերեզմանոցում ուսումնասիրություններ իրականացնելու համար: Գերեզմանոցը 40 տարվա պատմություն ունի եւ այնտեղ են թաղված 512 տոննա օրգանական աղտոտիչներ, քիմիկատներ, որոնք պարունակում են նաեւ ծծումբ, արսեն, ֆոսֆոր, սնդիկ, բայց հիմնական մասը ԺԺՁ-ն է եւ քլորեքսանը: Այն հիմա սողանքային գոտի է համարվում եւ իր նախնական դիրքից տեղաշարժվել է 10 մետր: Պարզվում է՝ թունաքիմիկատները թաղված են առանց տեսակավորման, լցված են իրար վրա, ժամանակի ընթացքում թղթե տոպրակները քայքայվել են եւ կարող են անջատվել քիմիական նյութեր, որոնք եւս կարող են լինել վտանգավոր: Հողերն այդպես հոսելով կարող են խառնվել մերձակա Ողջաբերդ, Մուշավանք, Գեղադիր գյուղերի ամառանոցային հատվածների հողերին եւ թունավորումներ առաջացնել: Մասնագետների պնդմամբ՝ այս ամենի միակ լուծումը գերեզմանոցի ուտիլիզացիան է, ինչի համար պահանջվում էր որոշակի գումար:
ՀՀ փրկարար ծառայության տեխնածին վթարների, հակաքիմիական եւ հակաճառագայթային պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կարապետ Կարապետյանի հավաստիացմամբ՝ ԵԱՀԿ գրասենյակի հետ արդեն կա մշակված ծրագիր, որը հաստատվել է այս տարի: Ծրագրի առաջին փուլում՝ մինչեւ հուլիս, կուսումնասիրեն տարածքի սողանքային վիճակը, քիմիական վիճակը, այնուհետեւ՝ կաշխատեն այն մեկ այլ վայր տեղափոխելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել