2010թ. հունվարին Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել 8131 գործարք, ինչը 11.7%-ով ավելի է 2009թ. հունվարի ցուցանիշից, իսկ ամսվա կտրվածքով (2009թ. դեկտեմբերի համեմատությամբ) գործարքների թիվը պակասել է 52.9%-ով: Այս մասին են վկայում Կադաստրի պետական կոմիտեի կողմից «ԱրմԻնֆոյին» տրամադրված հաշվետվությունները: Գործարքների առավելագույն քանակը տեղի է ունեցել մայրաքաղաքում՝ 28.4%, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 2.1%: Օտարման հետ կապված գործարքները կազմել են 30% կամ 2437 գործարք, որտեղ 81.5%-ը կազմել են առքուվաճառքի գործարքները, 17.4%-ը՝ նվիրատվության եւ 1.1%-ը՝ փոխանակության հետ կապված գործարքները:
Հունվարին մայրաքաղաքում բնակարանների գներն իջել են 2008-ի մակարդակից ցածր: Երեւանում 1 քմ բնակելի մակերեսի միջին գինը կազմել է 269, 8 հազար դրամ, ինչը տարվա կտրվածքով իջել է 5%-ով, իսկ 2008 թվականի հունվարի համեմատությամբ՝ 0.6%-ով: Երեւանի բազմաբնակարան շենքերում բնակարանների ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն համայնքում՝ 473 հազար դրամ: Արաբկիրում գրանցվել է 370 հազար դրամ: Մայրաքաղաքի մնացած համայնքներում գներն սկսվում են 200 հազար դրամից, բացառությամբ Նուբարաշենի, որտեղ գներն սկսվում են 120 հազարից:
Շրջաններում ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում, Աբովյանում, Վաղարշապատում, Աշտարակում, Գորիսում, Իջեւանում, Նոր Հաճընում, Մասիսում, Արմավիրում, Գյումրիում, Եղվարդում, Ջերմուկում, Եղեգնաձորում եւ Բյուրեղավանում՝ 100-190 հազար դրամ: Ընդ որում, շրջաններում բնակարանների գների անկումը կազմել է 3%: Առանձնատների գները հունվարին փոփոխվել են ոչ միանշանակորեն: Երեւանում այս ցուցանիշը կազմել է 279 հազար դրամ, ինչը տարվա կտրվածքով իջել է 13%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ ավելի քան 0.8%-ով: Շրջաններում գների տարեկան անկումը կազմել է 2%, իսկ ամսական աճը՝ 0.7%: Երեւանում առանձնատների ամենաբարձր գինը գրանցվել է Կենտրոն համայնքում՝ 481 հազար դրամ, իսկ Արաբկիրում՝ 377 հազար դրամ: Մայրաքաղաքի մնացած համայնքներում գները տատանվում են 230-290 հազար դրամի սահմաններում: Նուբարաշենում մեկ քմ մակերեսի միջին գինը կազմել է 146 հազար դրամ: Շրջաններում սեփական տների ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում՝ 303 հազար դրամ, իսկ նվազագույն գները՝ Շամլուղում՝ 7.4 հազար դրամ: