Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Մարտ 16,2010 00:00

Ներկրողների գնային քաղաքականությունը վարորդներին կստիպի մեքենան տոմատի հյութով աշխատեցնել

«Մի՛ լինիր ուրագի պես՝ միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես, մի՛ն դեպի քեզ, մի՛ն դեպի մեզ»: Առաջին դասարանում այս երկտողը մեզ ստիպում էին անգիր անել ու հասկանալ դրա իմաստն ամբողջ խորությամբ: Հիմա մեր երեխաները չեն էլ ընկալի սղոցի իմաստը, որովհետեւ իրենց աչքով տեսնում են, որ մեր երկրում կատարյալ «ուրագային» քաղաքականություն է: Երեխան տեսնում է, որ մի օր շաքարավազը 250 դրամ է, հաջորդ օրը, «հոպ»՝ դառնում է 280-300 դրամ: Շաքարավազ բերողին բացարձակ չի հետաքրքրում, որ դու հազիվ ես ծայրը ծայրին հասցնում, ու քեզ համար 5-10 դրամ թանկացումը էական նշանակություն ունի. փող չունես՝ անհամ թեյ խմիր:
Հիմա նման մի «հոպ» էլ տեղի է ունեցել բենզինի շուկայում: Մեր մոնոպոլիզացված տնտեսության դեպքում այստեղ ոչ մի զարմանալի բան չկա. դաշտի տերերը մի օր որոշել են ավելի շատ գումար աշխատել, քան նախկինում ու «միջազգային շուկայում թանկացումներ», «դոլարի փոխարժեքի տատանումներ» հայտնի պատճառաբանությամբ ընդամենը 10-20 դրամով թանկացրել են իրենց ներկրած բենզինի գինը: Իհարկե, այդ 10-20 դրամը ամսական կտրվածքով միլիոնների եկամուտ է ապահովում խոշոր ներկրողների՝ «Ֆլեշի» եւ «CPS»-ի համար, սակայն գնաճային պայմաններում մեր սուղ միջոցների հաշվին նրանց եկամուտների ծավալի աճը հարցի մի կողմն է: Այստեղ էական է մեկ այլ հարց. ինչպե՞ս ստացվեց, որ հենց մարտի 3-ին մայրաքաղաքի բենզալցակայաններում որոշեցին միահամուռ կերպով «թարմացնել» իրենց գնացուցակը 10 դրամով, իսկ նախորդ շաբաթվա վերջում՝ եւս 10-ով: Երեկվա դրությամբ «Ռեգուլյար» տեսակի 1 լիտր բենզինը 360-ից դարձել էր 380 դրամ, «Պրեմիումը»՝ 380-ից՝ 400 դրամ, «Սուպերը» 400-ից դարձել էր 430 դրամ: 20 դրամով թանկացել է նաեւ դիզվառելիքը՝ դառնալով 340 դրամ:
«Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը բենզինի եւ դիզվառելիքի թանկացումը հիմնականում կապում է միջազգային գների բարձրացման հետ եւ մի քիչ էլ՝ դրամի արժեզրկման: Սակայն պարզվում է՝ ընկերությունը շատ շրջահայաց է գտնվել ու դեկտեմբեր-հունվար ամիսներին միանգամից մեծ քանակությամբ բենզին է ներկրել, ուստի չնայած միջազգային շուկայում վաղուց գները բարձրացել էին, Հայաստանում զարմանալիորեն թանկացումները ուշացրել են: Հաշվի առնելով, որ Հայաստանում բենզինի գները բոլոր բենզալցակայաններում թանկացան նույն ժամանակահատվածում՝ ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ, ստացվում է, որ ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ թե՛ «Ֆլեշի», թե՛ «CPS»-ի հին պաշարները նույն օրն են վերջացել: Բայց քանի որ ՀՀ-ում նման զուգադիպությունների պետք չէ հավատալ՝ առաջ է գալիս այն կասկածը, որ բենզինի շուկայի մասնակիցները հակամրցակցային համաձայնության են եկել: Մասնագետերը վստահեցնում են, որ երբ տարբեր ընկերություններ նույն ժամանակահատվածում բարձրացնում են իրենց ապրանքի գինը, բայց գոյություն ունի թանկացման հիմնավոր պատճառաբանություն՝ դա չի կարող հակամրցակցային համաձայնություն դիտարկվել: Այս դեպքում իսկապես միջազգային շուկայում վառելիքի գինը բարձրացել է եւ իսկապես դրամն արժեզրկվել է, այսինքն՝ Հայաստանում բենզինի թանկացման երկու հիմնական գործոններն առկա են: Եվ հենց այդ է պատճառը, որ մինչ օրս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հակամրցակցային համաձայնության գալու կասկածներ չի ունեցել բենզինի շուկայի վերաբերյալ եւ վարույթ չի սկսել: Սակայն, միեւնույն է, այն հանգամանքը, որ միջազգային շուկայում գները ամիսուկես առաջ սկսել էին բարձրանալ, բայց մեր ներկրողները հենց մարտի 3-ին հիշեցին այդ մասին՝ խիստ կասկածելի է: Ընդ որում, սկզբում բոլորը թանկացրին 10 դրամով, մեկ շաբաթ անց՝ կրկին 10 դրամով, որպեսզի միանգամից 20 դրամ թանկացումը մեծ աժիոտաժ չառաջացնի, ինչը նույնպես զուգադիպություն էր: Ցավալին այն է, որ այդ զուգադիպություններն ու պատահականությունները լինում են մեր ժողովրդի համար ամենադժվար այս օրերին, երբ մի քանի օրից գազը թանկանալու է: Բենզինը մինչ օրս այլընտրանք էր վարորդների համար, սակայն նկատի ունենալով, որ նախորդ տարիների թանկացումները նույնիսկ «ջիպավորներին» ստիպեցին բենզինից անցում կատարել գազի եւ դրա հետեւանքով մեր երկրում բենզինի սպառման ծավալները կտրուկ նվազեցին, շուտով ընդհանրապես բենզալցակայանում լիցքավորվող մեքենաներին մատով ենք ցույց տալու:
Մոտ ժամանակներս սպասվում են բենզինի նոր թանկացումներ, այս անգամ՝ կապված նոր հարկատեսակների հետ: Հայտնի է, որ բենզալցակայաններն աշխատում են հաստատագրված հարկով: Այդ սխալը մեր կառավարությունն ուզում է շտկել ու հաստատագրված հարկը հանել, ինչի արդյունքում բենզինի նոր թանկացումից անհնար է խուսափել: Եվ քանի որ մեր գործարարները աշխատում են միայն ուրագի պես, ինչ փոփոխություններ էլ որ կատարվեն իրենց բիզնես ոլորտում՝ սպառողների քթից է գալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել